Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտ Ակսել Ավանեսյանի աշխատանքը:
Ակսե՛լ…Ամեն անգամ ակնածանքն ու ներքին հպարտությունն է համակում ինձ, երբ սկսում ենք ուսումնասիրել քո պատմվածքները, քո կյանքի ուղին, քո ապրած լուսավոր տարիները: Իսկ հպարտությանս պատճառն այն է, որ ես կրում եմ զանգեզուրյան լեռների պես սեգ ու արցունքի պես ջինջ արձակագրիդ հնչեղ անունը:
Իմ և քո միջև մեկդարյա անդունդ կա, մենք կանգնած ենք ժայռածերպերին, ու ես զգում եմ քո հոգու պարզությունը, իմ անմա՛հ բարեկամ, տեսնում եմ այն մաքրությունը, որ թևածում է քո պատմվածքներում,աչքերիդ հայելու մեջ ալպյան թափանցիկություն եմ տեսնում, միրհավի անմեղություն և բզեզի կենսասիրություն:Կարդում եմ պատմվածքներդ և ակամայից հայտնվում Կաքավաբերդի գմբեթին, ձայնս դառնում է երկնահաս, ձուլվում միրհավի կանչին՝ արթնացնելով այն բարբարոսության խիղճը, որ քեզ մահվան դատապարտեց:Ու ցավում է սիրտս, լցվում կսկիծով, և կրծքիս վրա զգում եմ այն ցավը, որ քեզ պատճառեցին բիրտ 37-ին: Ցավից ուզում եմ գոռալ, անզորությունից սիրտս պայթել է ուզում, խոցվում է այն մատղաշ հպարտությունը, որ փարվել է ինձ քո անվանակիցը լինելու մտքից: Հետո մեզ բաժանող անդունդի վիհից ականջիս է հասնում քո աղերսագին ձայնը…«Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք…»: Մոլեգնում եմ, մոլագարվում… Ցասումը դուրս է ժայթքում իմ հոգուց և տարիների միջով սլանալով` հասնում ու բռնում այն ծախված դատավորի կոկորդից, որ գնդակահարության դատապարտեց հայ գրականության Ալպիական մանուշակին, մի մարդու, ով այնքան անապական է, այնքան նուրբ, զանգեզուրյան լեռների պես վեհ, Բասուտա գետի պես կարկաչուն, Մթնաձորի պես հավերժական: Գլխատվեց մեղեդային արձակի վարպետը, մղկտաց Ծիրանի փողը, ցնցվեց Կաքավաբերդը, ծղրտաց Միրհավը, իսկ եռոտանու առջև չոքած գեղջկուհին լուռ շարունակում էր փչել կրակին, փչում էր, փչում, և նրա շնչից կրակե շապիկ են հագնում վերջալույսները:
Ի՛մ Ակսել Բակունց, դու ապրում ես իմ հոգում, քո պատմվածքների հմայքը երբեք չի հնանում, իմացի՛ր, դու կաս, քանի դեռ մեր կողքով քայլում ու իրենց առօրյա հոգսերով ապրում են եռոտանու առաջ չոքած լեռնուհին ու Խոնարհ աղջիկը, իրենց հավերժական սերն են վայելում Սոնան ու Դիլանը, անգամ բզեզը, որ թաթախված էր ծաղկափոշու մեջ, այս պահին մեր այգում է ու վայելում է բուրաստան Արցախի զգլխիչ գարունը:
Փակում եմ աչքերս. իմ առջև ժապավինվում են մթնաձորյան հերոսները, հետո ծիրանի փողից մորմոք է ելնում, ծիրանագույն մանուշակներ ու ծաղկաոտն միրհավեր են հառնում, դառնում կյորեսյան հին առասպելներ և Սպիտակ ձիու բաշից կախված՝ լողում անհուն կապույտի մեջ:
Ակսե՛լ, իմ լուսավո՛ր բարեկամ, ժանտ հրեշը կտրեց կյանքիդ թելը: Հրաշագործ լինեի և հետ տայի ժամանակը: Կողքիդ լինեի, մոգական ուժով փոխեի ուղղությունն այն դժխեմ գնդակի, որ խոցեց քո սիրտը: Բռնեի մահվան կոկորդից ու նրա բիրտ ճիրաններից ազատեի քեզ...ու դու ապրեիր: Ինչքա՜ն Ալպիական մանուշակներ ու ծիրանենիներ պիտի ծաղկեին, որ դեռ չծլած՝ ոչնչացվեցին:
Ժամանակակիցներիդ հուշերից ճանաչում եմ քեզ, գիտեմ ինչքան զուսպ էիր, ինչքան պարկեշտ, շիտակ ու հայրենասեր: Սիրում էիր գյուղը: Գիտե՞ս, քեզնից ստացած ժառանգությունս միայն անունդ չէ… ես նաև հայրենասեր եմ: Այն պահին, երբ դու կռանում, վերցնում էիր Սյունյաց երկրի հողակոշտը և ագահաբար համբուրում այն, արտահայտում էիր քո հոգու ողջ ջերմությունը այդ համբույրով: Դու գրի մարտիկ ես, սերդ պիտի արտահայտես գրչով, իսկ ես սերս պիտի արտահայտեմ զենքով. դա է պահանջում Արցախիս ճակատագիրը:
Ցույց կտամ աշխարհին ու թշնամուն, որ քեզ ու ինձ նման Ակսելներ երկնող երկիրը հավերժական է, որ կործանել նրանք կարող են միայն մարդու եղնիկ տեսակը, իսկ առյուծ տեսակը հասցրած ցավից գեթ մոլեգնում է, մոլագարվում և բռնելով ցավեցնողի կոկորդից՝ նրա աչքերի միջից հանում այն ցասկոտ վրեժը, որ կուտակվել է դարավոր վերքերից:
Ակսե՛լ, իմ անվանակի՛ց բարեկամ, գիտե՞ս, նման են նաև մեր ծննդավայրերը՝ իրենց անառիկությամբ, լեռնային վեհությամբ, սարերի հպարտությամբ…
Ու մենք՝ այդ սարերի հպարտ տերերը, պարտավոր ենք հսկել նրանց անդորրը: Լեռներն այդ իզուր չէ, որ ամբողջ աշխարհը թողած ապավինել են մի պատառիկ մեր ընտրյալ հողին: Ապավինել են մեզ, որ մենք լինենք նրանց տերը, հարատևենք նրանց հավերժությունը՝ դու՝ քո ալպյան խարույկով, ես՝ արցախցու բազուկով:
Իմ ընկե՛ր Ակսել, դու անմահ ես, մեր շարքերում ես, քանզի հայոց սերմնացանները երբեք գործը չավարտած՝ տուն չեն վերադառնում: Նրանք ձուլվում են այն սերմացուին, որ պիտի ծլի, աճի, դալարի և սերունդներին հայի փյունիկյան երգը հասցնի:
Նոյյան աղավնու թևով՝ Արցախի ապագա պաշտպան՝
Ակսել Ավանեսյան
Комментариев нет:
Отправить комментарий