24.06.2019

ԼՈՒՍԻՆՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտուհի Լուսինյա Գասպարյանի աշխատանքը:

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ, միմյանցից անկախ: Երբ ծնվում ենք, ամեն ինչ շատ նոր է լինում, ամեն ինչ հրաշալի, ոչ մի խնդիր չի լինում ու մտածելու ոչ մի բան չենք ունենում: Այդպես է կյանքի դրվածքը, բայց կյանքի ճանապարհին հանդիպում ենք մարդկանց, որոնցից կախվածություն է առաջանում: Մարդը, կարծես, կորցնում է իր ազատությունն ու ամբողջությամբ կախված է լինում մեկ ուրիշից` երբեմն և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես: Մենք փակվում ենք մեր մեջ ու մեր այդ բանտից դուրս գալու միակ ձևը ինքներս մեզ արդարացնելն է դառնում:
Երբեմն նայում եմ երկնքին ու երանի եմ տալիս թռչուններին, որովհետև ամբողջ երկինքը իրենցն է, ազատության թևերով թռչում են ուր որ ուզեն ու վայելում են այդ անծայրածիր երկինքը, երանի եմ տալիս ծաղիկներին, որովհետև նրանք էլ վայելում են ոչ միայն բնության, այլ նաև` մարդկային սեր: Իսկ ես…ես նույնպես մտքերով նորից օդում եմ,թռչում եմ երկնքում: Այնքան փոփոխական է այս կյանքը: Ինչքան բան հնարավոր է փոխել մեկ օրվա, մեկ ժամվա կամ էլ մի քանի վայրկյանի ընթացքում: Իսկ առավել ևս տարիների ընթացքում կյանքն ամբողջությամբ կարող է փոխվել, ու կյանքի հետ միասին փոխվում է մարդը:Կյանքն ստիպում է փոխել մտածելակերպդ, մարդկանց հանդեպ վերաբերմունքդ: Ամեն ինչ, կարծես, մահանում է ներսումդ ու նորից ծնվում: Այդպես էլ բնության և մարդկային ճակատագրի մի հիասքանչ դրսևորում էլ Բակունցի «Ալպիական մանուշակ»-ն էր, ով մահացավ, սակայն ծնվեց նորովի ու յուրովի` նվիրված Արփենիկ Չարենցին: Սակայն մինչ Չարենցի կնոջ հիշատակին նվիրելուց՝ Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Պատմվածքում նույնիսկ տողեր կան, որոնք գաղտնազերծում են Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան: 
Պատմվածքը դեռ ձեռագիր վիճակում Բակունցն ընթերցել էր Ժենյայի համար, ում շատ դուր էր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի. «Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը: Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում: Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, ու երբ ալիքները կաթիլներ էին ցողում ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները: Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»: 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումիում և հիշատակված պատկերը այն օրերի հուշն է: 
Սակայն Բակունցի «ալպիական» սերն ապրեց ընդամենը 38 գարուն…. 
Այնքան նուրբ է գրված այդ պատմվածքը, կարծես կախարդական հեքիաթ լինի, այնպես կախարդորեն են սուզվում իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա, իսկ իրական ներկան դառնում երազ: 
«Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս, որ գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ», - այսպես է ձևակերպել բնության հետ գրողի և մարդու կապը հայ իրականության մեջ բնությանն այդքան ներդաշնակ գրող Բակունցը: 
Պատահական չէ, որ բնությունը նրա դիպուկ գրչի տակ հոգի է առնում, շատ անգամ խոսում հերոսների փոխարեն, ծիծաղում գարնանային արևի պես և լաց լինում մառախուղի միջից: 
Հազար ու մի հրապույր ունի գարունը. ծաղիկներ ու առվի կարկաչ, թռչունների դայլայլ ու գառների մայուն… Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում: Դիմացի բարձր ժայռերի ոտքերի տակ, շրջապատի հետ զրուցելով, աղմկում է Բասուտա գետը: Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը` ծիրանի գույն: 
Քայլում է գարունը, ու աշխարհը ներկում զմրուխտ կանաչով: Զրուցում է մանուշակը գետի վազող ջրերի հետ և ականջ դնում նրա հեքիաթային համերգին:
Նա այնպես էր զրուցում, ինչպես կքչքչար առուն, կծիծաղեին մնացած ծաղիկները, կաճեր ծիլը և կերգեին թռչունները: 
Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան: Այո՛, պարապ մարդուն կարող է աշխարհը կատարյալ եդեմ թվալ, սակայն իրականությունն այլ էր: Ամեն անգամ ալպիական մանուշակի ծաղկումը նշանակում էր, որ ժամանակն է «այծ ու ոչխարը քշել բերդի լանջերը, պարկը պանրով լցնել ու ձմեռը կրծել կորեկ հաց ու այծի պանիր»: Սակայն հնագետի ու նկարչի համար աշխարհընկալումն այլ էր: Եթե հնագետի համար աշխարհն ընդարձակ թանգարան էր, ուր ոչինչ չէր շնչում կենդանության տարերքով, և չկային բզեզն ու մանուշակը, որպես այդ շնչավոր բնության վառ ապացույցներ, ապա նկարչի համար. «Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը»: Նկարիչն է այն հոգին, որ այդպես սերտորեն զգում է մարդու և բնության կապը, այն կերպարը, ում համար բնության ու մարդու կապն անքակտելի է և վեր ամենայն նյութականից ու շահից: Եվ ահա նկարչի սիրտը թպրտում է գյուղացի կնոջ գեղեցկությունից և նա թղթին է հանձնում այդ վայելքը` չմտածելով, որ հնարավոր է այդ արարքի համար պատժվեր «ալպիական» գեղեցկությունը: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ հնարավոր է խանդի պատճառով խփել ալպիական մանուշակի նման կնոջը: 
Մարդու և մանուշակի զրույցը հնում ապրող գյուղացու չարքաշ կյանքի և կնոջ թուլության մասին էր, ում հոգին`վանդակում փակված թռչնի նման,ազատություն էր տենչում, ուզում էր թևեր առնել ու թռչել, զգալ այդ ազատությունը: Սակայն նա իր տգետ ամուսնու զոհն էր դարձել մի չնչին բանի համար: Կինը շատ նման էր մարգագետնում տրորված մանուշակի: 
Երևի թե ոչ միայն հնում, քսանմեկերորդ դարում էլ կան այդպիսի տգետ մարդիկ, ովքեր մտածում են, որ կինը նման է այն «ալպիական մանուշակին», ում կարող են տեղի-անտեղի ծեծել, ում կարող են մանուշակի պես տրորել ոտքի տակ` չհասկանալով, որ դա միայն ու միայն տգիտություն է: 
Ալպիակա՛ն մանուշակ, հասկացրո՛ւ ամբողջ աշխարհին, որ յուրաքանչյուրը պետք է դիմացինի հետ վարվի այնպես, ինչպես ինքը կցանկանար, որ իր հետ վարվեին: Հասկացրո՛ւ, որ եթե այսօր մեկն իր հաճույքի համար ծեծում ու տրորում է ձեռքի տակ եղած ամեն ինչ, առավել ևս` իր սիրելիին, ապա վաղը կկանգնի կոտրած տաշտակի առաջ: Լսելի՛ դարձրու այդպիսի տհասներին ու տգետներին, որ Աստված ամեն ինչ տեսնում է և ուշ թե շուտ, նա անպայման կպատժվի: 
Երջանի՛կ եղիր, բակունցյա՛ն ալպիական մանուշակ…. 




Комментариев нет:

Отправить комментарий