09.01.2017

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 102-ԱՄՅԱԿԸ

Ասում են՝ գրողի ստեղծագործությունը մինչև խորքը հասկանալու համար պետք է ճանաչել նրա հայրենիքը, այն, որ հին հայերեն կոչվում էր ծննդյան ու սննդյան տեղի: Եթե այս պահանջն իրավացի է առհասարակ, ապա Սուրեն Այվազյանի պարագային պարտադիր ու ճշմարիտ է կրկնակի: Այն լեռնաստանը, ուր Սուրեն Այվազյանն է ծնվել, անցկացրել մանկությունը, ստացել նախնական կրթություն, որպեսզի հասուն տարիքում վերադառնա նրա գիրկը, հյուսվի նրա առօրյային ու պատմությանը, գրի նրա գեղարվեստական կենսագրությունը եւ վերջն էլ հավիտենական նինջով փարվի նրան` գումարվելով նրա դժվար պահվող սակավ հողին, - կոչվում է Զանգեզուր, իսկ հին անվամբ` Սյունիք-Սիսական: Երբ քայլում ես Սյունիք-Զանգեզուրում, քեզ հետ խոսում են սարերը, քեզ իր գիրկն է առնում այս բիբլիական լեռնաստանի բնակչության բազմահազարամյա պատմությունը, որի ամեն մի դարը լի է քաղաքական ու մշակութային մեծագործություններով: Բայց ամենից առաջ գրական կյանքով, ժողովրդական պատկերավոր մտածողական այնպիսի փայլատակումներով, որ հատուկ էր ոչ միայն կոչմամբ գրողներին` հինգերորդ դարի Մովսես Քերթողին կամ վեցերորդի Պետրոս քերական-բանաստեղծին, յոթերորդի Ստեփանոս Սյունեցուն կամ նրա քույր, հայոց առաջին բանաստեղծուհի-երաժշտագետ Սահակադուխտին եւ հաջորդ դարերի հայոց գրականությունը զարդարող շողշողուն անուններին, - այլեւ ամբողջ այս լեռնաստանի բնակչությանը` սովորական աշխատավորից մինչեւ իշխանավոր ավատատերը: