04.05.2015

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԸ ԼՈՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳ ՊԱՏՎԻՐԵՑ

Սիսիանի Լոր գյուղը Սյունիքի նշանավոր, հնագույն բնակավայրերից է: Հարուստ այգիների մեջ թաղված այդ գյուղի անունով ամբողջ ձորակը՝ իր հինգ գյուղերով, մինչև հիմա էլ կոչվում է Լորաձոր: Լորը հայ նշանավոր բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայրն է: Լորը պատմությանը հայտնի է նաև որպես գրի ու գրչության կենտրոն: Գրագետ և ուսյալ լորեցիների հպարտությունն իրենց դպրոցն է: Կառուցվել է այն 1905 թվականին ծագումով Կապանի Շրվենանց գյուղից, Բաքվում ապրող նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի ֆինանսավորմաբ, որի կինը Լոր գյուղից էր: Լորեցիները ևս դրամահավաք էին կազմակերպել. նախաձեռնողը գյուղի երեցների շառավիղ Միքայել Միքայելյանն էր: Երբ դրամն ամբողջովին պատրաստ էր, փող տվողներից ոչ մեկը իր հողը չզիջեց դպրոցի կառուցման համար: Համո Սահյանը, այս պատմությանը քաջատեղյակ, գրել է. <<Գյուղում ստիպված դպրոցի շենքը կառուցել են գերեզմանոցում... Ես լավ գիտեմ հին գյուղը և այն իդեալականացնել չեմ կարող>>: Մինչև հիմա էլ շիրմաքարերի հարևանությամբ՝ Ձիթհանի բարձունքում, կանգնած է դպրոցը՝ այն օրերի գյուղի միակ թիթեղածածկ շենքը:
1914 թվականին հարևան Գորիս քաղաքից Լորում ուսուցչություն անելու եկավ Ակսել Բակունցը: 1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում Գորիսի քաղաքագլխի և կառավարիչների դեմ տպագրած ֆելիետոնը նրա ձերբակալության պատճառ է դառնում։ 34-րդ օրը նրան ազատում են կալանավայրից՝ պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղը։ 1915-1916 թթ. նա դասավանդել է Լորի դպրոցում։ Դպրոցը զանգ չուներ: Եվ ահա Բակունցի նախաձեռնությամբ Բաքվի լորահայ համայնքը ձուլել տվեց և գյուղ ուղարկեց դպրոցի զանգը:
Զանգը գյուղ է հասցրել քահանա Տեր-Հովհաննեսը՝ մեկն այն քաջերից, որոնք խաչի հետ նաև թուր են բռնել՝ հայությանը կոտորածներից փրկելու համար: Ձիթհանի բարձունքում զանգը ղողանջեց մինչև 1931 թվականի երկրաշարժը, որի ժամանակ այն ընկել էր սալահատակված պատշգամբում և խոշոր ճաք տվել: Զանգը պահվում է Սիսիանի Ն.Ադոնցի անվան Պատմության թանգարանում՝ որպես դպրոցի, ղողանջի ու լույսի խորհուրդ, այն լույսի, որն իր հետ Լորաձորի հովիտ բերեց Ակսել Բակունցը:

Նյութի աղբյուրը՝ 
Ծովինար Պետրոսյան, Սիսիանի պատմության 
թանգարան. կայացման տարիներ, Ե., 2012:
(Տպագրվում է կրճատումներով)


Комментариев нет:

Отправить комментарий