Показаны сообщения с ярлыком Համո Սահյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Համո Սահյան. Показать все сообщения

14.04.2022

ՆՈՐԱՀԱՅՏ ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԵՎ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Մէկը սակայն իր հոգիին մէջ քեզ բարձր պիտի դասէ:
Այդ «մէկը», գիտցիր, այս պարագային ես չեմ, այլ գալիքն է, ապագան:
Դուն մեծցար՝ գալիքի մէջ»

Սիմոն Սիմոնյան

Համո Սահյանի ստեղծագործական կյանքում կա ուշագրավ մի դրվագ, որը կապվում է սփյուռքի, մասնավորապես Լիբանանի հայ գաղթօջախի հետ: Բեյրութում 1958-1978թթ.-ին Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ հրապարակված «Սփիւռք» շաբաթաթերթը, հիրավի, հարուստ նյութ է պարունակում ժամանակի գրական-մշակութային անցուդարձի մասին՝ նաև ըստ ամենայնի լույս սփռելով հայրենիք-սփյուռք այդօրյա գրական կապերի վրա, որոնք հաճախ դուրս են մնացել մամուլի հետազոտողների ուշադրությունից: Բանն այն է, որ խորհրդային տարիներին «Սփիւռք»-ի որդեգրած ազգային-ազատական ուղղությունը անհամատեղելի էր խորհրդային մտակաղապարների հետ, ուստի և «Սփիւռք»-յան միջավայրը մեծ հաշվով անծանոթ մնաց հայրենի ընթերցողին: Չնայած Խորհրդային Հայաստանի անհանդուժողական դիրքավորումին՝ «Սփիւռք» պաբերականը ուշադրության կենտրոնում է պահել հայրենի գրական, մշակութային, հասարակական ու քաղաքական կյանքը՝ արձագանքելով կարևոր իրադարձություններին, մտահոգություններին՝ փորձելով ամեն կերպ սերտացնել գրական-մշակութային կապերը, կամրջել սփյուռքահայությանը: «Սփիւռք» շաբաթաթերթին, թեև փոքր-ինչ զգուշավոր, բայց հաղորդակցվել են հայրենի բազմաթիվ նշանավոր գրողներ, մտավորականներ, որոնց թվում՝ Դերենիկ Դեմիրճյանը, Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենցը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը և շատ ուրիշներ: Վերջինս գրեթե մշտական ներկայություն էր թերթում՝ հաճախ անտիպ ստեղծագործություններով, բաց նամակներով ու հրապարակումներով:

14.04.2017

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՐՄԱՏԻՆ...

Համո Սահյանի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար, որովհետև նրա արվեստի հաղորդականության մեծ ուժով անընդհատ ուզում ես դիմել իր իսկ բնորոշումներին, կրկնաբերել իր իսկ «ինքնեկ» տողերը: Ստացվում է «զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանելու» նման մի բան...
Համո Սահյանը 103 տարեկան է: Դարադարձով հաստատապես դեպի հազարամյակ: Ինչպես ռուս քննադատներից մեկն է ասել, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս… Իր համեստ մտահոգությունը՝ «Թե միգուցե երբևէ կհիշես, որ նոր սահանքում նաև մի Սահյան է եղել աշխարհում», այլևս չեղյալ կարելի է համարել: Տարիները սահեցին, և այդ սահանքները ի զորու չեղան տեղաշարժելու, թուլացնելու, քայքայելու հայրենի հողի մեջ խորացած, հայրենի հողից սնվող Սահյանի արմատը… Ասել է՝ 
Ես բախտավոր եմ աշխարհում
Որ հավատում եմ իմ արմատին
Եվ զորանում եմ իմ արմատով
Եվ խորանում եմ ու բարձրանում…
Եվ, իսկապես, տարիների հետ ինչքան խորանում, ամրանում է այդ արմատը, այնքան բարձրանում-ամբողջանում է նա է իր գրական հմայքով, բնատուր ու ինքնահատուկ մարդկային նկարագրով: Համո Սահյանի պոեզիան նվաճել է հոգևոր անչափելի տարածք և մագնիսի պես իր շուրջն է համախմբում ճշմարտիտ բանաստեղծության սիրահարներին: 

18.01.2016

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ

<<Փարիզ եմ: Ֆրանսահայերը դադար չեն տալիս: Ձանձրանալու ժամանակ չունեմ, բայց սրտումս կարոտ կա:
Երեկ <<Աշխարհ>-ի խմբագրատանը խոսքս սկսեցի քո բանաստեղծությամբ՝ <<Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի>>: Մեր հացի համը ոչ մի տեղ չկա...
Ինչ եղավ գյուղ գնալդ: Գնա, Երևանը չի փախչի, գնա: Հայրիկիդ մոտ երկար մնա, որ կարոտն առնի, մեղք է Սահակ դային: Երբ կարոտդ առնես, պրծնես, գնա Գորիս: Ցուրտ աղբյույրի քարը կհամբուրես, հետո կչոքես ու բռով մի կուշտ ջուր կխմես, <<քարահունջ>> էլ: Չափավոր: Ուխա՜յ: Ինչպես քիրվա Շամիրը կասեր, լազա՜թ:
Գորիս գնալիս մեր տանը կմնաս, մայրիկը մենակ է, թող նա էլ իմ կարոտն առնի քեզանից: Առավոտներն առանց նախաճաշելու տանից դուրս չգաս, մայրիկը կանհագստանա: Երեկոները չուշանաս, մայրիկի քունը չի տանի: Բաբուն Տիգրանին անպայման կտեսնես, կհետաքրքրվես, թոշակն ավելացրի՞ն, թե՞ չէ: 
Քարահունջ մտնելիս Ալբերտի վիճակն իմացիր, տես՝ ինչ նոր բաներ է գրել: Կարդա, խորհուրդներ տուր: Կուքեր ամուն ասա թող մի հորովել երգի, ականջ արա.
Ծարավել եմ, ջուր բերեք,
Բալաջանի ձյուն բերեք...
Մեր հորովելը, թևերը թափ տալով, եկել-մտել է Փարիզի դահլիճները: Ականջդ կանչի, Կուքեր ամի: 
Իմ այս հանձնարարությունները կատարելուց հետո, միտդ կբերես ինքդ քեզ: Քեզ լավ պահիր մինչև գամ: <<Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի...>>:
1965թ.

Աղբյուրը՝ <<Սյունյաց երկիր>>, 3 դեկտեմբերի, 2015թ., N 32

20.07.2015

ԳՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ / Համո Սահյանի նամակը Սիմոն Սիմոնյանին

<<Հարգելի ընկեր Սիմոնյան,
Կարդացի <<Լեռ և ճակատագիր>> Ձեր գիրքը:
Ցավում եմ, որ նոր եմ ծանոթանում Ձեր հիանալի արվեստին, նոր եմ ոտք դնում ձեր ստեղծած հարուստ և ինքնադրոշմ աշխարհի շեմքին...
Բայց և երջանիկ եմ առաջին ընթերցումի ուրախությամբ ու հրճվանքով: 
Իսկապես, ինչպե՞ս է եղել, որ եղել է: Ինչպե՞ս է եղել, որ չեմ ճանաչել իմ ժամանակակից ու տարեկից գրողի այսքան հմայիչ ու մեծ ստեղծագործությունը: Արդարանալու հիմքեր կան, բայց, միևնույն է, հանցավոր եմ: 
Ոչ մի շինծու և մտացածին բան չկա Ձեր արվեստում: Ամեն ինչ բնական է, տեսած. լսած, շոշափած, զգացած, ապրած ու ապրեցնող:

10.07.2015

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Արևը բարձրանում է սարից

Այդ գարնանը մերոնք դարձյալ քոչը սարն էին տարել և կանգ էին առել սարահարթի սահմանում, Մարգերի բլուրների վրա: Շենաթաղցիները դարձյալ դիրք էին բռնել՝ հոնի կարմիր մահակներով, ավանդական եղաններով և մղանի կոթերով <<զինավառ>>: <<Օխտը տարի ծիծը կերածը>> դարձյալ իր խոսքն էր կրկնում օրենքի մասին և իր համագյուղացիներին ոգեշնչում՝ ի մարտ: 
Շենաթաղի երեխաներն իրենց մեծերի խրախուսանքով շները <<քը՜ս>> էին տալիս մեզ վրա: Իսկ մեր գյուղացի Վանեսանց Պողոս ամին մեզ սաստում էր, որ շներին քարով չտանք: 
-Ա՜ խոխեք, սաքիթ կացեք, կռիվը մազից ա կախված, հենց որ շներին քարով տաք՝ կսկսվի: 
Երկու կողմից էլ պատվիրակներ էին հավաքվել այն բլուրի վրա, որտեղ ամեն տարի կագնել ու փլվել էր սահմանի <<կուրգանը>>: Բանակցություններ էին վարում: Իսկ մենք՝ երեխաներս, թաքնվել էինք քարերի ետևում, որ <<թամաշա անենք կռվին>>:
Այդ ժամանակ հեռվում՝ <<Խոզ>> աղբյուրից եկող ճանապարհի վրա, երևացին երեք ձիավոր: Շենաթաղցիներն ավելի բորբոքվեցին, մեր գյուղացիներն ավելի հանդարտվեցին: Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղ-խորհուրդների նախագահներն էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում... Տիրեց կարճատև լռություն, և հետո, հանկարծակի երկու կողմերի ուրախ ձայները խառնվեցին իրար. 
- Ալեքսանդր վարժապե՜տը, Ալեքսանդր վարժապե՜տը...

09.10.2014

ՄԱՐԻՆԵ ԲԱԿՈՒՆՑ / Աշակերտների մտածողության զարգացումը ամփոփման դասի ընթացքում (Համո Սահյանը որպես բանաստեղծ)

Գիտատեխնիկական աննախընթաց վերելքը նոր պահանջներ է ներկայացնում դպրոցականի մտավոր զարգացմանը և հնարավորություն ընձեռում ուսուցման պրոցեսի գիտական կազմակերպման համար: Կրթության բովանդակության իրականացման համար ուսուցչի առաջնահերթ խնդիրն է դասավանդման մեթոդների կատարելագործումը:
Դասաժամի բարձր մակարդակի ապահովումը դառնում է ուսուցչի ամենօրյա հոգսը, ուստի առաջին պլան է մղվում ուսուցչի գիտական-մեթոդական պատրաստականության բարձրացումը, որով էլ պայմանավորվում է աշակերտների արդյունավետ մտածողությունը:
Ուսուցչի ստեղծագործական աշխատանքով և դասի կազմակերպվածությամբ են պայմանավորված աշակերտների ճանաչողական ակտիվությունը, ծրագրային նյութի հաստատուն յուրացումը, շերտավորված և անհատական աշխատանքի ձևերը դասի պրոցեսում և դրանից դուրս:

29.07.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Նինա Հովսեփյանի հուշերից

Խփում է ցուրտը ձմռան,
  Մտնում ես քո ներսը դու...
Տեսնու՞մ ես, թե ես ու դու
Որքան ենք իրար նման...
Թեև բոլորովին այլ և մեծ գաղափար է դրված այս բանաստեղծության հիմքում, բայց այս տողերը հիշեցրին ինձ մի տխուր իրողություն: Գորիսի <<Տաթև>> համալսարանում նախապատրաստվում էին <<Տաթև>> անունով թերթ հրատարակելու: Իմանալով, որ Համո Սահյանը իր գյուղում է (Սիսիանի շրջանի Լոր գյուղ), մեր դասախոսներից մեկը՝ Կարեն Սահակյանը, համալսարանի տնօրեն Անդրանիկ Կարապետյանի խնդրանքով գնաց Լոր՝ թերթի առաջին համարի համար շնորհավորանքի խոսք բերելու:

16.07.2014

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Հանգը Համո Սահյանի բանարվեստում

Գորիսի պետհամալսարանի մագիստրանտ, Կապանի Եվրոպական քոլեջի դասախոս Հ.Գրիգորյանի սույն հոդվածը (գիտ.ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Թ.Մարության, գրախոս՝ ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Լ.Հայրապետյան) ներկայացվել է ԵՊՀ -ի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 24-28-ը:ԵՊՀ Գիտական խորհրդի ս/թ հունիսի 25-ի որոշմամբ Հ.Գրիգորյանի աշխատանքը նույնպես երաշխավորվել է հրատարակության նստաշրջանի հոդվածների ժողովածուում: 

Համո Սահյանի չափածոն հատկանշվում է տաղաչափական յուրահատկություններով, հնչյունական նուրբ ընկալմամբ, հանգավորման ինքնատիպ համակարգով, երաժշտականությամբ, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել ձևաբովանդակային ներդաշնակության: Լինելով հնչյունային կրկնությունների հիմնական ձևերից մեկը՝ հանգը Սահյանի բանարվեստում առանձնակի տեղ է զբաղեցնում՝ հաճախ հանդես գալով ոչ միայն իր առաջնահերթ՝ հնչյունային դերով, այլև ստանձնելով կառուցվածքային, բովանդակային, սյուժետային, ոճական դեր:

14.04.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

                                    
Ինքն իր իշխանն էր, փոթորիկներ կային խորքերում, թեև <<երեսից այնպես հանդարտ էր>>… Իր բաժին երկնքի տակ ստեղծեց ի՛ր աշխարհը, խոսեց ի՛ր ձայնով՝ համոզված, որ արվեստ ստեղծում է նա, ով ստեղծում է արվեստի լեզու:  
Տիեզերքի ոգին հուշեց բանաստեղծին, որ իրեն մի այնպիսի տեղ է հարկավոր, որ իրերն իր մտերիմները դառնան, կիսվեն իր հետ, իրենց գաղտնիքներն անշահախնդրորեն վստահեն … Եվ գտավ այդ աշխարհը, այն իր մեջ էր, մնում էր վերադառնալ այնտեղ ու գտնել ամեն ծիլ ու շյուղի հետ խոսելու եղանակը, դրանց բանաձևումները, այսինքն՝ բանաստեղծությունը: Եվ տվեց մարդկանց իր աշխարհի հասցեն՝ <<Երգիս մեջ փնտրեք միայն, Ես ուրիշ տեղ չկամ>>, հպարտացավ. <<Այս իմ աշխարհն է, և ես եմ նրա Քարերից բուսած բանաստեղծ որդին>>…

07.04.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ - 100


ՕՐՎԱ ԵՐԳ 

Մեր արդար հունձքը մնա մեր հողում,
Կասկածը մեզնից թող հեռու գնա:

Թող արծիվ դառնա նոյյան աղավնին,
Մեր բարձունքներին թառելու գնա:

Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,
Սյունյաց լեռները պահելու գնա:

Փորձված մեր փորձը մեզ այս անելից
Ելքի մի հնար ճարելու գնա: 


Մեր կամքն ապրելու՝ մեր սահմաններում,                                                                         
Վառված հրդեհը մարելու գնա: