29.07.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Նինա Հովսեփյանի հուշերից

Խփում է ցուրտը ձմռան,
  Մտնում ես քո ներսը դու...
Տեսնու՞մ ես, թե ես ու դու
Որքան ենք իրար նման...
Թեև բոլորովին այլ և մեծ գաղափար է դրված այս բանաստեղծության հիմքում, բայց այս տողերը հիշեցրին ինձ մի տխուր իրողություն: Գորիսի <<Տաթև>> համալսարանում նախապատրաստվում էին <<Տաթև>> անունով թերթ հրատարակելու: Իմանալով, որ Համո Սահյանը իր գյուղում է (Սիսիանի շրջանի Լոր գյուղ), մեր դասախոսներից մեկը՝ Կարեն Սահակյանը, համալսարանի տնօրեն Անդրանիկ Կարապետյանի խնդրանքով գնաց Լոր՝ թերթի առաջին համարի համար շնորհավորանքի խոսք բերելու:
1992 թվականի ցուրտ և անլույս տարիներն էին, ձմեռ: Կ.Սահակյանը վերադարձավ այնքան հուզված, որ անընդհատ կրկնում էր՝ երանի գնացած չլինեի: Նա Համո Սահյանին տեսել էր իր սառած բնակարանում, մթության մեջ, փաթաթված՝ ինչով կարող էր: Լսելով հյուրի խնդրանքը՝ Սահյանը սառած մատներով բռնել էր գրիչը, գրել շնորհավորանքի խոսքը: Իսկ բանաստեղծին տված Կ.Սահակյանի այն հարցին, թե հիմա ինքը ինչո՞վ է զբաղված, ինչպե՞ս է ապրում, Սահյանը պատասխանել էր. <<Ապրում եմ մանկությանս փշրանքներով>>: Եվ հենց այդ վերնագրով էլ տպագրվեց նրա խոսքը: 
Ճիշտ է, այդ տարիներին բոլորն էին այդ պայմաններում, բայց իր պոեզիայով հազարավոր սրտեր ջերմացնող մեծ բանաստեղծին այդ վիճակում տեսնելը ցնցել էր նրա երկրպագուին: 
Երբ Կ.Սահակյանը պատմում էր, ես աշխատում էի վերանալ պատմածի թողած տխուր տպավորությունից և հիշել բանաստեղծին հեռվից... Որքա՜ն լավ հուշեր կան կապված մեծ բանաստեղծի հետ, բայց պատմեմ մի փոքրիկ միջադեպ: 
Գորիսում պետք է նշեին մեր անվանի հայրենակից Ս.Խանզադյանի ծննդյան հոբելյանը: Երևանից մի քանի գրողներ ու գրականագետներ էին եկել, նրանց հետ նաև Սերոյի մշտական ընկերը՝ Համո Սահյանը: Մինչև հանդիպումը սկսելը նրանք բարձր տրամադրությամբ մտան գրադարան: Սահյանը կռացավ թերթերով ու ամսագրերով ծանրաբեռ սեղանի վրա, ինչ-որ ամսագիր վերցրեց ու սկսեց թերթել: Սերոն նայեց նրան ու ծիծաղելով ասաց.
-Ինչու՞ ես այդքան կռացել, առանց այն էլ կախգլուխ ես: 
-Չգիտե՞ս, որ բերքով ծանրաբեռ ծառը խոնարհված է լինում,-պատասխանեց Համոն: 
-Ծա՛ռը, բայց ո՛չ գրողը: 
-Քթիցդ հանելու եմ, Սերո՛,- նույնպես ծիծաղելով պատասխանեց Սահյանը: 
Երեկոյան հոբելյանական միջոցառումն էր՝ հիանալի նախապատրաստված: Խոսեցին շատերը, նաև՝ Համո Սահյանը: Նա շատ լավ խոսքեր ասաց Սերոյի մասին և, մոտենալով նրան, մեկնեց բարձրախոսն ու ասաց.
-Խմում եմ կենա՛ցդ, Սերո՛ ջան, ախպե՛ր ջան...
Դահլիճը պոռթկաց ծիծաղից և ամենից բարձր հնչում էր Սերոյի ծիծաղը: Արդյոք դա՞ էր <<քթից հանելը>>, թե դեռ պետք է հետո հաներ, չիմացանք:


Ն.Հովսեփյանի <<Հոդվածներ, հուշեր, հրապարակումներ>>(Ե., 2007) գրքից

Комментариев нет:

Отправить комментарий