24.07.2014

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ / Մանրապատումներ


ՎԱԽ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1993 թվականի գարնանային մի օր ինձ և ընկերոջս վիճակվեց բեռնատարով արկ տեղափոխել դիրքերում գտնվող մեր <<Գրադ>> կայանքների և հրանոթների համար: Թշնամին հաճախակի կրակում էր Գորիսի ենթամարզի գյուղերի և Գորիս քաղաքի վրա, մերոնք էլ, բնականաբար, պատասխանում էին:
Ծանր բեռնված ավտոմեքենայով մի կերպ բարձրացանք Քարաշեն գյուղի մոտ գտնվող բարձունքը: Արկերի մի մասը բեռնաթափելուց հետո ճանապարհվեցինք դեպի Տեղ գյուղի դիրքերը:
Հազիվ էինք մոտեցել գյուղին, ընկանք թշնամու <<Գրադ>> կայանքի գնդակոծության տակ: Արկերը պայթում էին ավտոմեքենային մոտիկ: Մեքենան շարունակում էր իր ընթացքը: Ես ու ընկերս լուռ էինք: Մատներս ամուր-ամուր գրկել էին ղեկը, մարմինս աշխատում էր գերլարված վիճակում... Ավտոմեքենան հասավ նախատեսված վայրը: Հրետանավորները և մենք արագ բեռնաթափեցինք մեքենան: Իսկ վերադարձին ընկերս հանկարծ հարցրեց.
-Լսի՛ր, իսկ եթե թշնամու արկն ընկներ բեռնատարի վրա՞...
-Եթե ընկներ, ոչ դու այդ հարցը կտայիր և ոչ էլ ես կմտածեի, թե ինչ պատասխան տամ...
-Ուզում ես ասել՝ չե՞ս վախեցել:
-Ինչու՞ չէ, վախեցել եմ, բայց այդ պահին պարտականությունը վախից ավելի ուժեղ գտնվեց:
-Ճիշտ որ,-համաձայնեց ընկերս:

ԹՈՂ ԻՄԱՆԱՆ

Տանել չեմ կարողանում այն կեղծ, շեփորահար հայրենասերներին, որոնք ամբողջ օրը խոսում են հայրենիքի սիրուց, շահից, մեր այսինչից, մեր այնինչից, մինչդեռ իրենք այդ նույն հայրենիքի համար մի օգտակար գործ չեն անում՝ հերիք չէ, ամեն անգամ ցեխ ու մուր են շպրտում հայրենիքի հոգսն ու ցավը իսկապես հասկացող, նրա ապագայով մտահոգված մարդկանց վրա: Ինձ համար այդ տիպերն իսկական բոռեր են, պարազիտներ, որ լափում ու ծծում են այլոց բաժինն ու արյունը:

ԽՆԴՐԱՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋ

Խոսքս վերաբերում է մեր ազգի այն ծանր հիվանդությանը, որի մասին սրանից 103 տարի առաջ հանճարին հատուկ կարողությամբ արտահայտվել է մեծն Հովհաննես Թումանյանը: Այո՛, մեծագույն ափսոսանքով ու ցավով պիտի խոստովանել, որ, իրոք, այդ ախտը բույն է դրել ամենքիս մեջ և շարունակում է իր սև գործը մինչև այսօր... Ես համաձայն եմ այն մտքին, որ ամեն մի հայ հզորագույն ներուժով օժտված անհատ է, և մեզնից շատերը պատմության ոլորաններում հասել են մեծագույն բարձունքների և դեռ կհասնեն: Սակայն մենք երբևէ իրավունք չունենք մոռանալու ցախավելի պարզունակ ու մշտագո պատմությունը, քանի որ այն, դժբախտաբար, ավելի մոտ է մեր ազգային նկարագրին: Եվ ահա, սթափվելու և առաջնորդվելու խորին հավատամքով իմ պաշտելի ազգի յուրաքանչյուր անդամի առաջ չոքում ու խնդրում եմ, խնդրում ու պահանջում եմ՝ սիրելինե՛րս, մի՛ կարծեք ուրիշներին հիվանդ ու ձեզ՝ առողջ. ախտը համազգային է ու, ինչպես Թումանյանն է ասում՝ <<Անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն էն է, որ մենք մեր սրտերում և աշխարհքի առաջ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը: Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած>>:
Եվ հարկ է, որ այսօր հողագործ գյուղացուց մինչև գիտնական-հանճար հասկանանք այս տարրական, բայց օդի պես անհրաժեշտ խնդրանք-պահանջը, եթե, իհարկե, <<ունենք ազգային իմաստություն, հոգու աիրություն և առողջ բնազդներ>>: Իսկ ... ունե՞նք: Այս հարցի պատասխանը կախված է յուրաքանչյուր հայի մտածումի, խոսքի ու գործունեության արդյունքներից...
Ինքնամաքրու՛մ ու առողջությու՛ն մեզ, սիրելինե՛րս:

ԴԻՄԱԿԱԽԱՂ

Մի հարցով գնացել էի դատավորի մոտ: Նա բարեկամաբար բացատրեց, որ այդ հարցը անհնար է լուծել: Հետո նույն հարցով նրան դիմեց իմ կողմից ուղարկված մի ուրիշ մարդ, և անհնարը դարձավ հնարավոր...
Մինչ այսօր հանդիպելիս նա միշտ բարևում է քաղաքավարի՝ չիմանալով, որ ես գիտեմ նրա բարևի արժեքը:

Լ.Սահակյանի <<Գրամատյան>>(Ե., 2006) գրքից

Комментариев нет:

Отправить комментарий