10.08.2018

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Մեր մամուլն ու իր ընթերցողը

Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից։
Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։
Տարիներով կարդացել է՛ ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:
Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա… Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը։
Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից։ Երբե՛ք։ Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով։
Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ։ Երբե՛ք։ Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել։ Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ։