27.02.2019

Թեհմինա Մարության / ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԱՅԻՆ ԱՐՁԱԿԸ

Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու: Նա վաղուց հեղինակավոր ներկայություն է մեզանում՝ իբրև բանաստեղծ, արձակագիր, երկարամյա մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, գրական-մշակութային ձեռնարկների փնտրված բեմախոս: Հեղինակած երկու տասնյակից ավելի գրքերով, կազմած ու խմբագրած ժողովածուներով ընթերցասեր հանրությանը ներկայացած գրչի երախտավորը սպասում է իր վաստակի արժանի գնահատությանը: 
Ա.Ծատուրյանի ստեղծած գեղագիտական արժեհամակարգի գլխավոր երակը հուն է առնում հայրենի հողից, ավանդույթից, պատմությունից, աշխարհայացքից, ինքնուրույն հղացումից՝ մարմնավորված առավելապես արձակի փոքր ժանրաձևերի մեջ: 
Գրողի, գրական մարդու կոչմանը հավատարիմ՝ Ծատուրյանը պատմել, վավերագրել, հուշագրել է այն ամենը, ինչը տվել է նրան կյանքի լայնահուն ճանաչողությունը, կյանքի ճշմարտության անխաբ զգացողությունը: Ապրվածը, անհատական փորձառության բովով անցածը, վավերագրականը, ստուգապատումը արձակագրի ի՛ր մտասևեռումներն են: 
Ծատուրյանի արձակը մերթ պատմվածքի կառույց է, մերթ ակնարկի պատում, մերթ տպավորապաշտ նկարագրություն, այդքանով հանդերձ՝ մի գրաշխարհ, որ վաղուց բռնել է ընթերցողի սրտի, ճաշակի հետ հարազատություն պահող երակը:

26.02.2019

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա –ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։