Սա այն դեպքն է, երբ երկու հոգի, երբեք միմյանց չտեսած, միացած են հոգևոր անխզելի կապով:
Եղիշե Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել: Մեկն Արևելահայաստանում է արմատներ գցել, մյուսը՝ Արևմտահայաստանում, ու վերընձյուղել ազգի ամենանվիրական, գերագույն արժեքը՝ հոգևոր զարթոնքը, զտել ցեղի գենը, մաքրել նրա միտքը, սրբագրել ապագան:
Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել, բայց Պոետը պաշտում էր Վարդապետին: Նա իր «Ռեքվիեմում» զուգահեռներ է անցկացնում իր Աբգար հոր ու Կոմիտաս վարդապետի միջև: Իսկ Ջոտտոն հենց այդպես էլ նկարել է Պոետին՝ գլուխը հակած Կոմիտասի հանգչող լուսեղեն դեմքին՝ սգավոր, դժգույն ու որբացած:
1936-ն էր. կտակի համաձայն՝ Կոմիտասի մարմինը զմռսած դագաղով Փարիզից բերում են Երևան: Իսկ Չարենցը, հիվանդ ու հալածված, տնային բանտարկության էր դատապարտված: Կոմիտասին շրջապատող խուռն ամբոխը հանկարծ լուռ ու հնազանդ հետ է քաշվում. դագաղից քիչ հեռու Չարենցն էր կանգնած: Կոմիտասին նա այդպես էլ ողջ չտեսավ, ապրեց՝ ոգեշնչված ու հիացած նրա հանճարով, ու հիմա իր առջև նրա զմռսած դագաղն է: Չարենցը համրաքայլ մոտենում է ու համբուրում Կոմիտասի դագաղը: Պոետը ծաղկեպսակներից մեկից մոմե կապտաթույր ծաղիկ է պոկում ու իր հետ տուն բերում՝ որպես կոմիտասյան մասունք, հյուլե՝ նրա խնկարկված հիշատակից: Այդ ծաղիկը հիմա Չարենցի տուն-թանգարանում է՝ Կոմիտասին նվիրված անկյունում, իսկ վերևում՝ պատին, Ջոտտոյի նկարն է՝ երկու հանճարեղ գլուխներ՝ հանգչող Կոմիտասն ու իր մոտալուտ մահը տեսնող Չարենցը: