07.04.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ - 100


ՕՐՎԱ ԵՐԳ 

Մեր արդար հունձքը մնա մեր հողում,
Կասկածը մեզնից թող հեռու գնա:

Թող արծիվ դառնա նոյյան աղավնին,
Մեր բարձունքներին թառելու գնա:

Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,
Սյունյաց լեռները պահելու գնա:

Փորձված մեր փորձը մեզ այս անելից
Ելքի մի հնար ճարելու գնա: 


Մեր կամքն ապրելու՝ մեր սահմաններում,                                                                         
Վառված հրդեհը մարելու գնա:

Մեր սուրբ հավատը սուրբ տաճարներում
Իր սուրբ մոմերը վառելու գնա:

Իսկ քամի թե կա, սատանաների
Հարսանիքներոււմ պարելու գնա:  

* * * 
Ի՞նչ հոգեհանգիստ և ի՞նչ հոգեհաց:
<<Հոգիդ լույս դառնա>>,- վերջացավ գնաց,
<<Հոգիդ լույս դառնա>>,- և էլ մի տրտմեք...
Երբ կհավատաք, որ արդեն չկամ,
Առաջին անգամ ու վերջին անգամ
Իմ չլինելու կենացը խմեք,
Շնորհավորեք մեկմեկու սրտանց:
Ի՞նչ սգո թափոր և ի՞նչ հոգեհաց: 

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ԻՄ ՍԵՐՆԴԱԿԻՑ

Կրտսերներ էինք, դարձանք ավագ...
Բայց էլի իրար չենք ճանաչում:

Նույն վերքն է մխում մեր կրծքի տակ,
Բայց իրար ցավից չենք հառաչում:

Ուր որ գնում ենք՝անջատ-անջատ՝
Մեզ տառապանքն է ընդառաջում:

Եկել-հավաքվել վտակ-վտակ,
Հիմա իրարից ու՞ր ենք փախչում: 

Ներշնչում կա դեռ, ու դեռ մենք կանք,
Բայց  էլ նոր բարձունք չենք նվաճում: 

Չենք էլ իմանում ում հավատանք,
Ո՞վ է մեզ կանչողն, ու՞ր է կանչում: 

ԱՂՈԹԵՄ

Ինձ համար ամեն ինչ կորած է,
Էլ ոչինչ և ոչինչ ես չունեմ:
Ծամում եմ իմ բաժին չոր հացը,
Եվ քունս չի տանում, որ քնեմ: 

- Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երևի հոգևարք է ապրում: -
Ասում են.-Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը չի կրում:

Փոխվել են դերերն ու տեղերը,
Բայց նույնն է երախը վիշապի...
Սրա՞նք ենք այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի...





Комментариев нет:

Отправить комментарий