18.12.2013

Նշվեց Սերո Խանզադյանի ծննդյան 98-ամյակը


Դեկտեմբերի 3-ին լրացավ հայ մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 98-րդ տարելիցը: Հիշատակարժան օրվա առթիվ գրողի հայրենի առանձնատանը տեղի ունեցավ գրական հանդիսություն, որը կազմակերպել էր Ակսել Բակունցի տուն-թանգարանին կից գործող ՄԻՐՀԱՎ գրական խմբակը:
Խանզադյանի հայրենի տունն իր հյուրընկալ հարկի տակ էր մեկտեղել բազմաթիվ մտավորականների, գրողների, մշակութանվեր ու գրականասեր մարդկանց:
Ողջունելով հյուրերին՝ ՄԻՐՀԱՎ գրական խմբակի ղեկավար Թ.Մարությանը նշեց. <<Խորհրդանշական է, որ գրական այս հանդիպումն ու ցերեկույթը տեղի է ունենում հենց Խանզադյանի հայրենի հարկի տակ, որտեղ իսկապես թևածում է գրողի շունչը և հորդորում պահպանել-շենացնել այդ սրբատեղին, դարձնել նրա անվանն ու գործին արժանի մշակութային օջախ>>: Նա շեշտեց Խանզադյանի ստեղծագործության բարձր արժեքայնությունը, ստեղծագործություն, որ <<մի ամուր օղակ դարձավ ազգային ոգեկերտման ճանապարհին>>: