01.08.2014

ՆՈՐ ԳՐՔԵՐ


Դուխիկ Հայրապետյան, Լռությունս ճաք է տվել, Գորիս, 2014թ., 194 էջ: 

Դ.Հայրապետյանը ծնվել է 1947 թվականին Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժինը: Գրել սկսել է դպրոցական տարիներից: Բանաստեղծությունները տպագրվել են շրջանային և հանրապետական մամուլում: Բանաստեղծական առաջին ժողովածուն՝ <<Իմն է երգն այս>> խորագրով, լույս է տեսել 2001 թվականին: <<Գրական Սյունիք>>, <<Գորիսապատում>>, <<Սյունիքի գրողները մանուկների մասին>> անթոլոգիաներում տպագրվել են նաև Դ.Հայրապետյանի բանաստեղծությունները: 2011 թվականին լույս է ընծայել <<Հայրենի եզերք>>, 2013-ին՝ <<Զորաց ձորեր>>, իսկ 2014-ին՝ <<Լռությունս ճաք է տվել>> ժողովածուները: Դ.Հայրապետյանը Սյունիքի լրագրողների միության անդամ է:

<<Մարդու տեսակ գոյություն ունի: Դուխիկ Հայրապետյանը ստեղծագործող մարդու տեսակ է: Եվ ինչ լավ է, որ այդ տեսակը դեռևս գոյություն ունի մեր կյանքում: Եվ նույնիսկ կարևոր էլ չէ, թե մարդու ստեղծագործական կարողություններն ինչ չափանիշներ են ընդգրկում: Կարևորը թերևս այն է, որ մարդը ստեղծագործող է: ... Դուխիկը չստեղծագործել չի կարող: Նա դրա համար է ծնվել: Նա դրա մեջ է տեսնում իր մարդկային կոչումը: Նա քնարական հոգի ունի: Մոտեցումներն ու մտածողությունն էլ քնարական են: Եվ հենց քնարական տարբեր տեքստերով էլ նա արտահայտում է իր վերաբերմունքը մարդու, հասարակության, աշխարհի նկատմամբ>>: 

Արկադի Ծատուրյան

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ



Հիշում եմ, մայրիկ

Հիշում եմ մայրիկ,
Տաքուկ ձեռքերդ,
Կարոտով անհուն
Ինձ գրկած ամուր:

Բարի ժպիտդ,
Ու քաղցր ձայնով
Անուշ երգերդ
Իմ օրոցքի մոտ:

Ես չեմ կշտացել
Քեզանից, մամա,
Ես քեզ եմ ուզում,
Ու՞ր ես դու հիմա:

Երազումս հենց
Քեզ եմ ես տեսնում,
Լույսն է խավարի
Շղարշը ճեղքում:

Քեզ համար, մամա,
Աղոթում եմ ես,
Որ հոգիդ հիմա
Շողա լույսի պես:

Մեկ է ինձ համար


Գարուն, թե ամառ՝ մեկ է ինձ համար,
Զարթո՞նք է գարնան, թե՞ շոգ է ամռան,
Մեկ է՝ լուսնկան ծարավ երկնային
Գտնելու է իր հավերժի ճամփան:

Արած-չարածս բալանսի կարգով,
Իմ բառ ու բանով վերջում կփակեմ,
Եվ իմ գալիքի արշալույսներում
Մտքերս լույսի շողեր կհագնեն:

Գարուն թե ամառ՝ մեկ է ինձ համար:
Մեկ է՝ իմ սրտում նոր էջ կբացի,
Բոբիկ ոտքերով, մանկան պես մաքուր
Բախտը իմ դուռն էլ մի օր կբացի:

Գարուն, թե ամառ՝ մեկ է ինձ համար.
Չէ՞ որ անհանգիստ գրիչս էլի
Երգ է հյուսելու, տաղ քնարական
Հուշամատյանիս թերթերի վրա:

Ակսել Բակունցին


Անսասան կանգնած
Մեծ ժայռի նման,
Մտքի կերոն ես
Գրքի սերմնացան:

Զեղուն մտքերդ
Սավառնող կաճառ,
Դու քաջ հայորդի
Հավերժի հանճար:

Կաղնու պես ամուր,
Որդի հայկազուն,
Արծվի պես հզոր,
Աչքդ՝ երազուն:

Բարի համբավդ
Ողջ Հայքն է բռնել,
Դու հար հավիտյան
Կմնաս անմեռ:

Ինձ մեծ պատիվ է
Գրել Քո մասին
Միրհավի երգդ՝
Հավերժ-անհասին:













































































































































































































































Комментариев нет:

Отправить комментарий