04.08.2014

ԼՈՐԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Պարույր Սևակը իմ հուշերում

Երանությամբ եմ հիշում անցյալը, երբ երիտասարդ, թռվռուն աղջիկ էի, և պոեզիան էր իմ կյանքի տարերքը: Բայց ինչքա՜ն-ինչքա՜ն բան ենք կորցրել մեր երիտասարդ տարիներին, ինչքա՜ն կարևոր արժեքներ չենք գնահատել, որի համար տառապում, ցավում ենք այսօր: Այդպես էլ ըստ արժանվույն չկարողացա գնահատել իմ և եղբորս՝ Ալբերտ Իսաջանյանի՝ Պ.Սևակի հետ ունեցած սրտագին բարեկամությունը:
Առաջին անգամ Սևակին հանդիպել եմ, երբ դեռատի մի աղջնակ էի, իր խոսքերով ասած՝ <<Լորիկ-բալիկ>>:
Դպրոցում էի, տասներորդ դասարանում: Ավագ ջոկատավարը դասամիջոցին մտավ դասարան և, դիմելով ինձ, ասաց. <<Քաղաքային գրադարանից քեզ շտապ կանչում են>>: Հասկացա, որ Նինա Հովսեփյանն է կանչում, որը գրադարանի վարիչն էր և միաժամանակ <<Միրհավ>> գրական խմբակի ստեղծողն ու ղեկավարը:
<<Միրհավ>>-ը, որ ստեղծվել էր գրականության մեջ Ակսել Բակունցին վերականգնելու առթիվ, արդեն գրական ճանաչված խմբակ էր հանրապետությունում, համահայաստանյան երկրորդ փառատոնի դափնեկիր, բազմաթիվ մեդալների ու մրցանակների արժանացած խումբ: Մենք բոլորս էլ պարծենում էինք, որ <<Միրհավ>> գրական խմբակի անդամ ենք:
Երբ մտա գրադարան, ընկ. Հովսեփյանն ասաց, որ Սևակը Գորիս է գալու և պետք է հանդիպում ունենա երիտասարդության, նաև գրական խմբակի անդամների հետ, և ներկայացրեց մի մեծ ծրագիր:
-Այսքանը մեկ օրու՞մ ... ինչպե՞ս կարող ենք:
-Կարո՛ղ ենք, իհարկե, կարող ենք, բա էլ ի՞նչ <<Միրհավ>>, որ թռիչք չունենա...
Իսկապես էլ: Քանի՜-քանի՜ փայլուն միջոցառումներով ենք հանդես եկել Երևանի հայֆիլհարմոնիայում, Կամերային երաժշտության տանը, գրողների միությունում, նաև այլ քաղաքներում: Իսկ Գորիսում մեր միջոցառումները սովորական երևույթ էին:
Սովորաբար գրական երեկոների մեծ մասը վարում էի ես: Այս անգամ էլ պետք է վարեի ինքս: Գործի անցա: Դժվարությունները շատ չէին: Միրհավցիները անգիր գիտեին Սևակին, կարդացել էին նրա գործերը և, ինչպես միշտ, պատրաստ էին նորից անակնկալի բերելու հանդիսատեսին: Դա՝ վաղը: Իսկ այսօր ընկ. Հովսեփյանը հրավիրեց ինձ մասնակցելու Սևակի պատվին տրվող ճաշկերույթին:
Ես արտասանում էի <<Զանգակատնից>> և զգում էի, որ տպավորություն եմ թողնում Սևակի վրա: Չեմ կարող մոռանալ Սևակի հուզմունքը ոչ միայն այն պահին, երբ Բաղիշ Հովսեփյանը Կոմիտաս էր երգում, այլև երբ ես արտասանում էի եղբորս բանաստեղծությունները: Նա ստիպում էր, որ կրկնեմ կարդացածս, կարդամ նորերը: Ամեն երգի, ամեն արտասանության ժամանակ նրա աչքերից արցունքներ էին հոսում: Հետագայում, երբ մենք արդեն մտերիմ էինք, ես հարցրի, թե ինչու է այդքան հուզվում ամեն առիթով: Ասաց. <<Կինս էլ է հանդիմանում, ի՞նչ անեմ, չեմ կարողանում զսպել ինձ, հուզմունքը խեղդում է, իսկ արցունքներս՝ մատնում>>:
Հաջորդ օրը Սևակը, Բաղիշ Հովսեփյանը, Արտաշես Քալանթարյանը Նինա Հովսեփյանի ուղեկցությամբ եկան մեր տուն՝ Ալբերտի մոտ: Եղբայրս երկար տարիներ անկողնային հիվանդ էր և շարժվել չէր կարողանում: Նա մի ժամանակ գյուղում էր ապրում՝ Քարահունջում: Մի հարսանիքի ժամանակ լույսերը մարում են: Ալբերտը բարձրանում է պատշգամբի բազրիքին՝ լույսը կարգավորելու համար, և հանկարծ ընկնում է, ու ջարդվում է ողնաշարը: Այդպես անշարժ պառկած անկողնում՝ տարիներ է անցկացնում, կարդում ու գրում հիանալի բանաստեղծություններ:
Սևակի հետ հանդիպման օրը նրա կյանքի ամենալուսավոր, հազվադեպ օրերից մեկն էր: Պարույրը համբուրեց մորս ձեռքը, հուզվեց և ասաց.
-Հիանալի զավակներ ունեք, Ալբերտը նշանավոր բանաստեղծ կարող է դառնալ, իսկ Լորիկ-բալիկը՝ հիանալի ասմունքող: Միայն ժամանակ է պետք:
Երբ ավարտեցի դպրոցը, հայրիկիս հետ գնացինք Սևակի տուն՝ խորհրդակցելու, թե համալսարանի որ բաժնում հանձնեմ փաստաթղթերս: Իհարկե, Սևակը խորհուրդ տվեց, բայց և դիմելով հայրիկիս, մի քիչ էլ կատակով ասաց.
-Ախար ի՞նչ նշանակություն, թե որր բաժինը կընտրեք: Դուք այնպիսի հրաշք աղջիկ եք աշխարհ բերել, որտեղ էլ ընտրի, միևնույնն է, չի ավարտելու, փախցնելու են, փախցնելու՜... Հայրիկս ծիծաղեց, իսկ ես վախվորածությամբ իրեն էի նայում:
Ինչպես միշտ, Սևակը ճիշտ դուրս եկավ...
Հետագայում ես առիթներ եմ ունեցել այցելելու Սևակին և միշտ էլ վայելել նրա և կնոջ՝ Նելիի ջերմ ու սրտաբաց վերաբերմունքը:
Ափսոսում եմ, որ հուշերիս մեջ քիչ բան է մնացել այդ երջանիկ հանդիպումներից, և որ երիտասարդ էի ու լավ չէի հասկանում, թե ինչ մեծության հետ էր իմ մտերմությունը, ի՜նչ հանճարի:
Ի դեպ, մեր տուն գալուց հետո շատ ջերմ բարեկամություն հաստատվեց Պարույրի և եղբորս միջև: Պարույրը հաճախակի էր նամակներ գրում նրան, սփոփում, համոզում, որ շատ կարդա ու շարունակի գրել: Որովհետև,-ասում էր նա,-քո մեջ Աստված մի կայծ է նետել, որից կարող է հրդեհ բռնկվել, մի բան, որ չկա շատ-շատերի, նույնիսկ մի քանի գիրք հրատարակած <<բանաստեղծների>> մեջ:
Սևակի մահը ցնցող տպավորություն թողեց մեր ընտանիքի վրա, հատկապես եղբորս և իմ: Չեի պատկերացնում, որ աշխարհից կարող է հեռանալ հենց նույն աշխարհի բեռը շալակած, համայն մարդկության ցավը իր հոգում կրող, բարի ազնիվ, անսահման քնքուշ հոգու տեր Պարույր Սևակը:

Գորիս, 2005

<<Պարույր Սևակը հուշագիրների ափի մեջ>> (կազմողներ՝ Ն.Հովսեփյան, Շ.Պետրոսյան) գրքից (Ե., 2006)




Комментариев нет:

Отправить комментарий