Համո Սահյանի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար, որովհետև նրա արվեստի հաղորդականության մեծ ուժով անընդհատ ուզում ես դիմել իր իսկ բնորոշումներին, կրկնաբերել իր իսկ «ինքնեկ» տողերը: Ստացվում է «զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանելու» նման մի բան...
Համո Սահյանը 103 տարեկան է: Դարադարձով հաստատապես դեպի հազարամյակ: Ինչպես ռուս քննադատներից մեկն է ասել, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս… Իր համեստ մտահոգությունը՝ «Թե միգուցե երբևէ կհիշես, որ նոր սահանքում նաև մի Սահյան է եղել աշխարհում», այլևս չեղյալ կարելի է համարել: Տարիները սահեցին, և այդ սահանքները ի զորու չեղան տեղաշարժելու, թուլացնելու, քայքայելու հայրենի հողի մեջ խորացած, հայրենի հողից սնվող Սահյանի արմատը… Ասել է՝
Ես բախտավոր եմ աշխարհում
Որ հավատում եմ իմ արմատին
Եվ զորանում եմ իմ արմատով
Եվ խորանում եմ ու բարձրանում…
Եվ, իսկապես, տարիների հետ ինչքան խորանում, ամրանում է այդ արմատը, այնքան բարձրանում-ամբողջանում է նա է իր գրական հմայքով, բնատուր ու ինքնահատուկ մարդկային նկարագրով: Համո Սահյանի պոեզիան նվաճել է հոգևոր անչափելի տարածք և մագնիսի պես իր շուրջն է համախմբում ճշմարտիտ բանաստեղծության սիրահարներին:
Բանաստեղծ, որ զարմանալիորեն և հրաշալիորեն տիրացել է ինքնեկ տողի աստվածային ուժին, որ «հնի մեջ նոր, նորի մեջ հին» մնալու հատկանիշներով հասել է նաև ընթերցողի աշխարհին՝ տիրական ներկայություն գրավելով այնտեղ: Ահա թե ինչու նա սիրված է հավասարապես պարզ ու համեստ ընթերցողի, ինչպես նաև մտավորական ընտրանու կողմից: Ու ոչ միայն սիրված: Սահյան բանաստեղծին հաջողվել է հարազատություն ստեղծել մարդու հոգու և բանաստեղծության միջև մի դարում, որ, ինչպես ինքն է ասում, «սրտի դար չէ»:
Նրա համար հանգանակի տարողություն ունեցող սկզբունք էր, թե «բանաստեղծը գրում է ընթերցողի հետ շփվելու համար»: Այդ սկզբունքով իրագործված արվեստով էլ Համո Սահյանի պոեզիան հերքումն է արդի բանաստեղծության այն արդիապաշտ ու նորութամոլ հոսանքի, որի հետևորդները, բառախաղերի բարդ ու անհաղորդ կերպին դիմելով, բանաստեղծությունը վերածեցին բառախաղացության՝ զարմացնելու և ուշադրություն գրավելու համար:
Որպես հողի, քարի ու քարափների, կիրճի, լեռան ու մթին ձորերի զավակ՝ Սահյանն ապրեցրել է մեր եզերքը, որ ինքնեկ հարազատությամբ ու սահյանական ոճի յուրահատկությամբ ապրում և ապրելու է հայ գրականության մեջ, հայի սրտում:
Մարդուն կյանքի բոլոր արժեքներից, բոլոր գաղափարներից վեր դասող և «Ամենից առաջ մարդ եմ աշխարհում» դավանող բանաստեղծի համար մարդկայինի երազանքը, աշխարհի մեջ բարու հաղթանակը, խարդախության ու անիրավության անհետացումը մնում են որպես գերագույն իդեալ: Լույսի նվաճման հեռանկար: Այդ հեռանկարի ճանապարհին էլ նա օրհնում է բարի լույսի հետքերը: Եվ զարմացական հարց է տալիս.
Երբ սովորական մի բարի լույսից
Աշխարհն ավելի բարի է դառնում,
Ինչու՞ են մարդիկ աշխարհը խառնում
Եվ ի՞նչ են ուզում մեկը մյուսից:
Շնորհավո'ր օրհնված ծնունդդ, բանաստե'ղծ...
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий