Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի առաջին տեղի մրցանակակիր, Շոշի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Գեղամ Իշխանյանի աշխատանքը:
Արցախցի եմ, մեկն այն բազմաթիվ դպրոցականներից, որոնք դպրոց են գնում, սովորում կամ չեն սովորում օրվա դասերը, չարաճճիություններ անում, ամբողջ օրը խճճվում համացանցի լաբիրինթոսում, ոգևորվում սիրած հերոսների արարքներով: Ի տարբերություն իմ շատ հասակակիցների՝ ես սիրում եմ նաև գրքեր կարդալ և առավելապես ոգևորվում եմ հայրենասիրական, պատմական ստեղծագործություններով, իսկ երբեմն ինձ թվում է, թե նրանց հերոսներն իմ կողքին են, ապրում, արարում և ոգևորում են ինձ: Ամեն գարնան սիրում եմ զբոսնել գյուղի այգիներում, նայել քչքչան առվակի ջրերին և, թվում է, թե ուր որ է կհանդիպեմ նրան՝ ճերմակ, խճճված մազերի մեջ կորած դեմքով, բարձրահասակ, բարի, քաղցրաձայն, համակրելի ծերունուն՝ իմ սիրած հերոս Հազրոյին՝ ծիրանի փողի նշանավոր տիրակալին, ում հետ ծանոթացա ինձ շատ հոգեհարազատ մի գրողի՝ Ակսել Բակունցի գրքերից մեկում:
Ինձ համար Բակունցը եզակի ու անկրկնելի մեծություն է, որն իր ապրած կարճատև կյանքով կարողացավ մնայուն տեղ գրավել հայ գրականության մեջ: «Բակունցը մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Այնքան նուրբ են հյուսված նրա պատմվածքները, այնքան նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ են տեսնում, այնպես կախարդորեն են հալվում իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական, ներկան դառնում է երազ»: Մեծ բանաստեղծի խոսքերն այնքան դիպուկ ու ճշգրիտ են բնութագրում Բակունցի ստեղծագործությունը: Բակունցի պատմվածքներում երևում են հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Նրա լեզուն գեղեցիկ է և բանաստեղծական, ինչպես հայկական նուրբ զարդանախշերն ու հայ ճարտարապետության խոյակազարդ քանդակները: Գեղարվեստական անկրկնելի գոհարներ են Բակունցի «Ալպիական մանուշակը», «Խոնարհ աղջիկը», «Միրհավը», բայց ինձ շատ սիրելի է «Ծիրանի փողը» պատմվածքը և նրա հերոսը՝ Հազրոն, որի համար բանաստեղծը վճարեց իր կյանքով: Հեռավոր Սասունից էր Հազրոն՝ Մսրա Մելիքի, Ձենով Օհանի և Թլոր Մանուկի հայրենիքից և երբեք մտքով չէր անցնի, որ երբևէ կարող էր բաժանվել իր սիրած քարափներից, ձորերից, Մարութա սարից, իր հող ու ջրից: Մի սովորական համեստ մարդ էր նա, որ առավոտից իրիկուն աշխատում էր, չարչարվում, հոգում ընտանիքի կարիքները: Ծանոթանալով նրա կենսագրությանը՝ ես շատ ընդհանրացումներ գտա իմ գաղթական ազգականների և Հազրոյի միջև, քանի որ նրանք բոլորը ընդհանուր կոտորածի զոհը դարձան և ստիպված եղան հանգրվանել տարբեր վայրերում: Դժվար ճակատագիր բաժին հասավ Հազրոյին, որովհետև աշխարհավեր աղետը ստիպեց եղեռնի բերանն ընկած հալածվել պատմական հայրենիքից, հանգրվանել հեռավոր Ձյանբերդում, դառնալ ջրբաշխ: Ամեն անգամ, երբ հիշում եմ «մըր բախտ կապած ենք գդալ ջրի, մեր հողեր լե ցրվուկ, է՜հ, հացի տեղ արուն շատ կերանք, հիմա որ սերմ թալինք, սերմ վերունք, էլի գոհություն» սրտառուչ բառերը, ինձ թվում է, թե իմ 90-ամյա պապն է նստած դեմս՝ անօրեն թուրքերի ձեռքին թողած իր հայրենի Շահումյանի հանդեպ մխացող կարոտով: Պապս էլ էր ցավով պատմում, թե ինչպես ամբողջ կյանքում դրած տուն ու տեղը, աճեցրած գողտիկ այգին մի գիշերում թողեց անօրեններին՝ հաստատվելով նոր բնակավայրում և փորձելով նոր կյանք տալ իր արյունոտ երազանքներին: Ամեն գարնան անուշ ժպիտով ծաղկող մեր այգու ծառերը ինձ հիշեցնում են ողորմած հոգի պապիս, Հազրոյին և հազարավոր այն մարդկանց, ովքեր ստիպված եղան կյանքի շարունակությունը դառնացնել կորուսյալ հայրենիքի կարոտով: Կորցրած երկիր, եղեռնի ահ ու սարսափ, քարե դաշտ ու հող, անարդարության դեմ անմռունչ բողոք ու հավատ, մեծ հավատ, որ վերջը լավ պիտի լինի, Էրգիրն իրենց վերադարձին է սպասում: Իմ պատանեկան երևակայության գունագեղ էջերում Հազրոն առաջին հերթին մեծ վրիժառու է ու հայրենապաշտ, պահանջատեր է ու արդարադատ, որովհետև կարողացավ իր մեծ ցավի հետ Արևմտյան Հայաստանից փրկել և բերել իր երազանքների ամենախոսուն խորհրդանիշը՝ ծիրանի փողը: Այդ ծիրանի փողը նրա բախտակիցը և ամենամտերիմ հարազատն էր, քանի որ ծննդավայրից հեռանալիս վերջին անգամ նրա թախծոտ հնչյունների ներքո հրաժեշտ տվեց Սասնա թուփ ու ծառերին, հող ու ջրին: Ձյանբերդում էլ իրիկունները, աշխատանքից հոգնած, ծիրանի փողով նվագում էր իրենց հին, տխուր, ինչպես նաև մարտական ու տխուր երգերը, իսկ լեռնականները պարում էին իրենց հպարտ «Սասնա պարը», որը ոչ միայն պար էր, այլև կռիվ ու պայքար: Իր աղջկան վաղուց ամուսնացրած իմ սիրած հերոսը մխիթարվում էր իր թոռնիկի այցելություններով, իսկ երբեմն այցելում էր կնոջ գերեզմանը և այնտեղ ևս նվագում իր փողը: Հազրոյի փողի նվագի կանչերը ոչ միայն քաղցրալուր մեղեդիներ էին, այլև կարոտի ու վերադարձի հնչյուններ. «Հաղ մի երթամ տեսության… սիվտակ ոսկորներ»: Ինձ շատ է դուր գալիս պատմվածքի ավարտը, որը Հազրոյի միակ երազանքն էր. «Զիմ փող կիտամ զիմ քաջարծիվ թոռնիկին»: Այսինքն՝ ժառանգաբար պիտի ծխացնել հայրենիքի կարոտը, մինչև բացվեն «դռներն հուսո»: Հազրոյի անունից հայրենիքի անկորնչելի հիշողությունն էր ավանդում Բակունցը, ծիրանի փողը պահ տալիս ժամանակներին:
Ես՝ արցախցի պատանիս, հպարտ եմ այդպիսի մարդկանց ժառանգորդը և գործի շարունակողը լինելու համար, որովհետև իմ նախնիների պայքարը նաև իմ պայքարն է, նրանց կիսատը լրացնելու պարտքը նաև իմն է: Ես նաև համոզված եմ, որ Հազրոյի ծիրանի փողը հնչեցնողներից մեկը նաև ե՛ս պիտի լինեմ, որովհետև այն մեր հազարամյա եղեգան փողն է, որից ծնվեց «հուրհեր պատանեկիկը»: Իմ նախապապ Հազրոյի ծիրանի փողից էլ էր «ծուխ ելանում, բոց ելանում», և դա ծննդավայրի կարոտի ծուխն էր, կարոտի ցավի բոցը, որից դարձյալ մի «խարտյաշ պատանեկիկ» պիտի ծնվի, փրկի երազի ու առասպելի վերածվող հայրենի եզերքը: Այդ հրաշամանուկին են սպասում և´ Արևմտյան Հայաստանը, և´ Արցախը, և՛ հայոց բոլոր գերված հողերն ու տարածքները: Այդ հրաշամանուկին գերված Արարատն ու միլիոնավոր նահատակ հոգիներն են սպասում, իսկ Հազրոն մեր ապագա բոլոր հաղթանակների շեփորահարն է՝ լեռների ուսին նստած՝ ծիրանի փողը շուրթերին: Իմ հպարտությունը ծփում է հոգուս մեջ մանավանդ այն մտքի գիտակցումից, երբ հիշում եմ, որ այդ հրաշք կերպարը քանդակել է Մեծ Գորիսեցին՝ իր հմուտ գրչով, հանճարեղ վրձնով և մտքի թռիչքով: Սա նաև Բակունցի հնչեցրած արդարության ճիչն է՝ ընդդեմ աշխարհում տիրող բոլոր անարդարությունների:
Этот комментарий был удален администратором блога.
ОтветитьУдалить