Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից,ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 11-րդ դասարանի աշակերտուհի Շուշանիկ Հայրապետյանի աշխատանքը:
Մրցույթը կազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի և «Արցախի Երիտասարդ Գիտնականների ու Մասնագետների Միավորում»(ԱԵԳՄՄ) ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:
Բարև՛… Մեր օրերում գրեթե ոչ ոք նամակ չի գրում, այնպես որ մի քիչ դժվար է գրել, մանավանդ երբ նամակդ անպատասխան է։
Գիտե՞ք՝ Ձեզ շատ բան ունեմ ասելու։ Այնքան շատ, որ չգիտեմ՝ ինչից սկսեմ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր աշխարհի համար։ Այդ աշխարհը, որի մասին Դուք եք գրել, եղել է Ձեզանից առաջ, այսօր էլ կա և գոյություն կունենա դարեր։
Իմ երկիրն էլ նման է Ձեր աշխարհին, իմ գյուղը՝ Ձեր Կաքավաբերդին։ Նրա վրա էլ տարին բոլոր ամպ է նստում, ու կան գեղեցիկ, չքնաղ մանուշակներ, որոնց կապույտ աչիկներում տեսնում ենք այն քնքշանքը, գեղեցկությունը, որոնք բոլորել էին Ձեր ծիրանագույն մանուշակները։ Այսօր էլ <<բզեզի>> վտանգ կա, ինչպես նաև <<սև ամպերի>>, որոնք, ամեն վայրկյան հիշեցնելով իրենց մասին, անգամ չեն ահաբեկվում հպարտ կանգնած, դարերի պատմությունը իր մեջ ամփոփած ու դեպի անհունները հավատով նայող իմ Գանձասարից։
Կարդալով Ձեր ստեղծագործությունները՝ մենք մտովի ընկնում ենք Ձեր աշխարհը և ապրում այնտեղ։ Ամեն մի ստեղծագործություն կարդալիս տեսնում ենք աշխարհը այնպես, ինչպես տեսնում էիք Դուք, նկատում ենք ամեն մի գեղեցիկ մանրուք, որը չէինք նկատում մինչ Ձեզ և սիրում այն։
Ամեն անգամ կարդալով Ձեր գրածները՝ ես նորովի եմ ճանաչում իմ բնությունը և ավելի շատ եմ սիրում այն։ Սկսում եմ գնահատել մարդկանց և՛ ներքին, և՛ արտաքին գեղեցկությունը։ Հերոսներիդ լուռ ողբերգությունը դառնում է իմը։ Հասկանում եմ, որ երբեմն կարելի է խոսել լռությամբ։
Ձեր օգնությամբ ես ընկալում եմ գեղեցիկը, որը իր էության մեջ ունենալու պահանջը ունի յուրաքանչյուրը։
Ձեր <<Ալպիական մանուշակը>> անզուգական է։ Նրա մասին կարելի է անվերջ խոսել։ Բայց ինձ ամենաշատը գրավեց բզեզը։ Պատմվածքի վերջում նկարագրվում է, թե ինչպես <<բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջների մեջ, և նրսն այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ>>։ Բզեզը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ ալպիական մանուշակը՝ մեր աշխարհը՝ լի հրաշքներով, բայց, ցավոք, ոչ բոլորն են բզեզի նման դա հասկանում։
Դուք այնքան ցավով եք նկարագրել այն, թե ինչպես են զավակները լքում հայրենի եզերքը, թողնում հայրական տունը ու օջախը։ Փոխվել են ժամանակները՝ իրենց հետ բերելով նոր կենցաղ, նոր տեխնիկա, այլ բարքեր։ Այսօր էլ նույն ցավն ենք ապրում, նորից լքվում են հայրական օջախները, կրկին սպասում, հույսեր, անհանգստություն։
Դուք գրել եք սոցիալական անհավասարության, կարոտի զգացողության, խոսքի անկեղծության, մարող գեղեցկության և կյանքում իր տեղը կորցրած մարդու ծանր ողբերգության մասին։ Եվ այդ ամենը գրել եք այնքան պարզ, բոլորին այնպես հասանելի ու գեղեցիկ։
Ձեր պատմվածքները սովորեցրել են և սովորեցնում են ապրել, սիրել, համբերել։ Կարդալով Ձեր ստեղծագործությունները՝ ես կարծես սթափվում եմ, արթնանում մի տարօրինակ քնից և սկսում վերստին ապրել, ինչի համար էլ շնորհակալ եմ Ձեզ։
Հարգելի՛ Բակունց, այո՛, շատ բան է փոխվել, իսկ ժամանակներն էլ ոչ թե սահում են, այլ թռչում, ինչպես է փոխվել գիտությունը, և ինչեր են հայտնաբերվել։ Բայց մարդիկ, մարդիկ մնացել են նույնը։ Մեր օրերում էլ կան լավ ու վատ մարդիկ, գողեր, ավազակներ, ժլատներ, բարեգործներ և տարբեր տեսակի այլ մարդիկ։ Ձեր հերոսներին կարելի է հանդիպել նաև մեր օրերում։
Մի անգամ Դուք ասել եք, որ հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը։ Իհա՛րկե, ես Ձեզ հետ համամիտ եմ։ Հաճախ մարդիկ, հոգնած ներկայի հոգսերից ու մտածմունքներից, մտովի ընկնում են անցյալի թանկագին և ուրախ պահերի գիրկը և նորից երջանկանում։ Հետաքրքիր է՝ շատ են եղել Ձեր կյանքում այդպիսի պահեր։ Ինչքա՞ն շատ եք Դուք թողել ներկան, գնացել դեպի անցյալը և վերապրել Ձեր կյանքի ամենաերջանիկ պահերը։
Ձեր ստեղծագործություններում Դուք ուշադրություն եք դարձրել պահի վերապրմանը, որը շատ զարմանալի է ու գրավիչ։ Մարդու կյանքում շատ բաներ ստիպում են նրան վերադառնալ դեպի անցյալը և վերապրել ինչ-որ մի պահ։ Հնարավոր է՝ վերապրելով այդ պահը՝ մարդ չի զգում այն, ինչ զգում էր առաջին անգամ, բայց զգացմունքներ դեռ կան։ Ձեր ստեղծագործությունները ևս ապրեցնում են, ստիպում են ապրել, սիրել, սպասել…
Դուք ապացուցել եք, որ երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել, և որ լռելով կարելի է ավելի շատ բան ասել, քան խոսելով։ <<Խոնարհ աղջիկը>> պատմվածքը դրա վկան է։ Բայց ինչու այդպես եղավ։ Ինչո՞ւ <<Խոնարհ աղջիկը>> հերոսի համար ուղղակի անցյալից մի հուշ է։ Չէ՞ որ կարող էր ամեն ինչ ուրիշ կերպ լինել։ Ինչո՞ւ է սերը մոլորվում։
Հիմա մեր գյուղում երեխաները պահածոյի տուփերով չեն խաղում, ինքս էլ չեմ խաղացել, պահածոներն էլ կասկածելի պարունակություն ունեն և, կարծում եմ, անգամ չզրնգացող։ Չեն զրնգում սուրմաները կանաց թևերի, շատ բան է փոխվել, բայց չի փոխվել սերը՝ պարզ, մաքուր, որին ձգտում է մեզնից յուրաքանչյուրը, և որից երբեմն ուզում ենք թռչել, ճչալ՝ սարսափելով <<արբեցած բզեզներից>>։
Ուզում եմ Արթին պապի գերեզմանը այցելել, խոսել անհայտ կորած հազարավոր որդիների անկարոտ թողած գործերի մասին, խեղված ճակատագրերի մասին։ Ուզում եմ, շատ եմ ուզում և ցավում, որ չեմ կարող այդ անել. այսօր էլ վիրավորված է արդարությունը։ Բայց կարող եմ ասել, որ ապրում եմ Ձեր ստեղծագործություններով։ Ձեր հայրենիքը Ձեզ չկարողացավ պաշտպանել, այսօր սխալներն է ուղղում և տոնը տոնում մեծ մարդու, մարդասերի, կյանքի, բնության սիրահարի։
Հիշում են Ձեզ բոլորը և ընթերցում <<արցունքի պես ջինջ>> գրողին։
Սիրով՝ Ձեր հազարավոր ընթերցողներց մեկը՝ Շուշանիկ Հայրապետյան
Комментариев нет:
Отправить комментарий