Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Ասկերանի շրջանի Սզնեքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարեն Մարտիրոսյանի աշխատանքը:
Մրցույթը կազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի և «Արցախի Երիտասարդ Գիտնականների ու Մասնագետների Միավորում»(ԱԵԳՄՄ) ՀԿ-ի համագործակցության շրջանակներում:
* * *
Արցունքի պես ջինջ էր Քո գրչի տակ նյութեղեն դարձած զրնգուն օդը, արցունքի պես ջինջ էր և Քո լուսե հոգին, Քո ճախրատենչ էությունը՝ համակված հայրենի Կյորեսիդ նկատմամբ մի անթաքույց, տիեզերածավալ սիրով:Քո հոգու անմշուշ հեռաստաններում նաիրյան բարկ արևն է շողացել, սիմինդրի խշշոցն է համանվագի պես արձագանքվել Քո հոգու ծալքերում, և կարոտած սրտիդ բոսորին է խառնվել կարմրին տվող մասրին: Չլիներ այդպես, այսքան չէինք սիրահարվի Քեզ, չլինեիր կախարդված ալպիական մանուշակի արբշիռ գույներով, այսքան չէինք արբենա Քեզնով…
Ո՜վ հանճարեղ այր, Դու Կյորեսիդ վսեմակամար ծիածանի մեջ յոթի փոխարեն յոթ հազար յոթ գույն ես տեսել: Դրանից չէ՞ արդյոք, որ գրչիդ տակ բազմահազար երանգներ են հագնում պատկերները, հյուլե առ հյուլե խտանում են կերպարներդ ու շլացնում մարդուն՝ անբիծ կտավին վայրի տաղանդով արված անըստգյուտ վրձնահարվածների պես: Ճիշտ էր Վարպետը, որ անկրկնելի գեղեցկությամբ գրված Քո ամեն մի էջում տեսավ Կոմիտասի խորունկ երգերի մեղեդայնությունն ու Գույների կախարդի՝ Սարյանի կտավների՝ աչք կուրացնող փայլն ու անօրինակ գունաշխարհը: Իրավ, եթե ինչ-որ ձևով նոտագրվեին այդ մշտահմա, մոլորակաչափ բառերը, կստացվեին ճիշտ և ճիշտ կոմիտասյան հնչյունները, իսկ վրձնելու դեպքում՝ սարյանական պատկերները՝ զուտ ազգային, զուտ ժողովրդական…
Ո՜վ Մեծ կյորեսցի, երբ ձեռքս եմ առնում գրվածքներդ, թվում է՝ սուզվում եմ ցնորքների մեջ՝ պատրանքի թևով հասնելով անգամ այն հնամենի ժամանակները, երբ դեռ մարդը չկար, և ազատ վխտում էին բրածո դինոզավրերը: Իմ առջև իր ողջ հմայքով բացվում է բնաշխարհի մի կուսական եզերք, որը նույքան անմահական ու հեքիաթային է, որքան խոստացյալ բիբլիական եդեմը:
Թերթում եմ էջերը, և ամեն մի տողից առատորեն լույս է հորդում՝ անխառն ու արեգական:
Ահա Սոնան՝ կարմիր լար շուրթերով, խաղողի սև հատիկներ հիշեցնող աչքերով, եղեգնի պես դալար մեջքով …Ասես Կոմիտասի Սոնա յարի արտապատկերը լինի, ասես ազգակից քույրեր լինեն: Ճշգրտորեն է գծագրված այս կերպարը՝ լաջվարդ շապիկով, զառ կապույտ մանդիլով…Երբ փորձում եմ մի պահ պատկերացնել Սոնային՝ աչքերիս առաջ կարծես հառնում է Սայաթ-Նովայի սիրադաղ գոզալը:
Ահա Կաքավաբերդը՝ երկնահուպ պարիսպներով ու բարձր աշտարակներով: Ինձ թվում է՝ այնքան խորն եմ զգում այս ավերակների լռությունը, որ կարող եմ ազատորեն թարգմանել նրա անմեկին խորհուրդը: Աստվածային լռություն է սա, որը տեղ-տեղ խախտվում է միայն, երբ ձորում ափերից խուլ աղմուկով ելնում են Բասուտա գետի փրփրալի ջրերը՝ հանդարտորեն, բայց կտրուկ բախվելով ափի՝ ջրի հազարամյա շարժումից հղկված որձաքարերին: Անհագ ծարավով շարունակում եմ ընթերցել, մինչև որ մտքի թևով հասնում եմ բերդի պարիսպների տակ: Իմ անփույթ և հատու քայլերից պարիսպների կատարից կռինչով ելնում են ցինն ու անգղը՝ համաչափ պտույտներ կատարելով բարձունքում՝ բերդի գլխին: Բավական է առաջ գնալ մի քիչ և տեսադաշտդ ամբողջովին կլցվի ալպիական մանուշակի ծիրանագույնով ու ցողունի վառ կարմիրով: Ռունգերդ կլայնանան, երբ նրա՝ հաճելիորեն գլխապտույտ հարուցող բուրմունքը հասնի քեզ…Նայում ես երկա՜ր, երկա՜ր, այնքա՛ն, մինչև որ նշմարում ես անգամ ծաղկաթերթերի մեջ քնած բզեզին…Մտածում ես՝ երանի՜ բոլորս ալպիական մանուշակի առէջքներում ննջող գունավոր բզեզներ լինեինք՝ «ծաղկափոշու մեջ թաթախված», մանուշակի զգլխիչ բուրմունքից կախարդված, իրականությունից վերացած…
Ծալում եմ «Ալպիական մանուշակի» վերջին էջը և այդ ծալված էջի հետ, ո՜վ Հանճար, կարծես օվկիանոսի հատակից գտնում խեցու մեջ գաղտնորեն թաքնված մարգարիտ…Դա կյանքի անպաշտպան գեղեցկությունն է, որն արժանի է գնահատանքի ու մարդակարոտ քնքշանքի…
Իսկ ես թերթում եմ էջերը…Ահա իմ առջև բացվում է Ձյանբերդի երկար ճանապարհը: Ջրվոր ծերուկի թախանձանքը հալվող մոմի պես կաթկթում է սրտիս վրա. «Մըր բախտ կապած ենք գդալ ջրի…Մըր հողեր լե ցրվուկ… »: Եվ ինչպես Դու ես, Ակսե՛լ Բակունց, ժամանակին այրվել մեր ազգի ցավով, այնպես էլ ես եմ խորհում իմ տանջահար, բզիկ-բզիկ եղած, տուն ու տեղից քշված ազգի մասին, որին մի արյունարբու գիշեր անգթորեն խաչ հանեցին, Եփրատի կապուտակ ջրերը հայ մարդու արյան կարմիրով ներկեցին, Դեր-Զորի անապատների ավազները շիրմաքար դարձրին հայ խղճուկ գաղթականի համար…Ո՞ւր էիք, ո՜ւր էիք այն ժամանակ, խու՛լ ու հա՛մր աստվածներ, երբ թուրք վայրենուն զոհ էր գնում մի ողջ ժողովուրդ: Ամպերով ծածկել էիք ձեր աչքերն ու ականջները, որ չտեսնեիք, չլսեիք ու չզգայիք, որ գազան մարդու հանցանքներից գեթ ինքներդ չցնորվեիք…Ա՜խ, ու՜ր էր քարերով ջարդոտված այն հանճարեղ պոետը՝ Սիամանթոն, որ մի անգամ էլ դառնորեն թքեր նման արդարության ճակատին…Ու գուշակվեց հայի հրակեզ հոգու վերջին մարմրումները, մինչդեռ հայն ապրեց՝ թեկուզ աշխարհով մեկ սփռվելով:Պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՜ր-նշխա՜ր այրվեց կրակների մեջ ու թաղվեց մոխիրներում, բայց ուժ գտավ իր մեջ՝ այն միֆական թռչնի՝ փյունիկի պես հառնելու հանգած մոխրակույտից…
Ու հնչեցին արդար երգեր… Դառնորեն երգվեց կորուսյալ հայրենիքի լուսե կարոտը՝ որպես նորօրյա աղոթք: Սասունից գաղթած Հազրոն հնչեցրեց իր ծիրանի փողը՝ պահ տալով այն գալիք սերունդներին. «Զիմ փող կիտամ զիմ քաջարծիվ թոռնիկին»…
Իմ առջև փակվում է նաև ‹‹Ծիրանի փողի›› վերջին էջը…Զավա՛կդ Կյորեսի , ես գիտեմ՝ այդ քո մխացող սրտից է ելել Հազրոյի հայրենակարոտ բաղձանքը. ‹‹Հաղ մի երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին…››: Հազրոյի ծիրանի փողով Դու հնչեցրիր երկիր հայրենիի սրտախոց կարոտն ու ողջ էությամբ տարրալուծվեցիր պայծառ Նաիրիի կենսատու սիրո մեջ: Հավատացիր, որ այդ փողից մի նոր Վահագն կելնի՝ հրոտ աչքերով, բոց մորուքով…Հավատացիր, որ մի օր՝ երազանքով թաթախված մի արևագալի նորեն կդառնանք Էրգիր…Մի՞թե դա չէր պատճառը, որ 37-ին շղթայեցին Քեզ Ստալինին ‹‹ ժողովուրդների հայր ›› հորջորջող մարդակերպ դահիճները: Մի՞թե չգնդակահարվեցիր նրա համար, որ առաջիններից մեկը Մեսիայի պես կռացար ու Քո՝ հավերժորեն քնել կամեցող դշխուհու՝ Հայաստան-յարիդ ականջին շշնջացիր՝ ‹‹տալիթա՛, կումի›› ( աղջի՛կ, վե՛ր կաց)…Ո՜վ Խիզախ հայորդի, բայց Քեզ ակնթարթ անգամ չսարսափեցրին 37-ի միմոսները, քանզի Դու մնացիր արի, Դու նահատակվեցիր, Քո միրհավի պես հեռու թռար՝ հետևիցդ թողնելով ‹«դառնաթախիծ հուշեր», բայց չդադարեցիր Քո հերոսական ժողովրդի արժանի զավակը լինելուց: Իսկապես ծանր է գրել նման հեղձուցիչ, հուզառատ տողեր . «Ծա՜նր է, շա՜տ ծանր…Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում…Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները բռնում են կոկորդս…Ի՞նչ է լինելու ինձ հետ… »: Ես իմ ամբողջ էությամբ ասես վերապրում եմ Քո հոգեկան տվայտանքները, Զանգեզուրի՛ որդի, ու հասկանում՝ Դու ավելին եղար, քան պարզապես գրող ու անհատ: Ծնվեցիր ճիշտ ժամանակին, որ ստեղծես Քո արևոտ աշխարհն այս թունոտ աշխարհում, ծնվեցիր, որ մի երանգ էլ ավելացնես գեղեցկին ու բարուն, մի շող էլ ավելացնես արեգակի հրացոլքին…Ես շատ պարզ զգում եմ Քո այդ ուրույն աշխարհի զարկերակը, ականջս թեքում եմ նրա տրոփյունին՝ համակ լսողություն դարձած…
Ո՜վ Բակունց, Քեզ հաճախ կոչում են Սև ցելերի սերմնացան, ինչն ակամա հիշեցնում է ինձ սերմնացանի առակը: Մեր գրականության լայնածիր անդաստանում Դու եղար այն սերմնացանը, որի շաղ տված սերմերը ո՛չ փշերը կարողացան խեղդել, ո՛չ ագռավները կտցեցին ու ո՛չ ապառաժը կուլ տվեց…Քո նետած սերմերը պտղավոր եղան, աճեցին, ոսկե հասկեր դարձան…
«Ուզում եմ, որ այս տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը»,- ասում էիր Դու: Իսկ ես ասում եմ՝ Քո երազների ու անրջանքների քարափը լինելու է հար, Քո քաղաքը՝ Գորիսը, շնչելու է հավերժ: Գիտե՞ս՝ հիմա այս քաղաքի բարեկարգ փողոցներում վազվզում են փոքրիկ երեխաներ, որոնք ճանաչում են իրենց սիրելի Ակսելին, որոնց շուրթերին Քո երանելի անունն է:Այստեղ մթնոլորտն անգամ շնչում է Քեզնով: Բոլորը հիշում ու մեծարում են Քեզ, մեծարում Գորիսի ախորժալուր բարբառով, որի մասին Դու ի խորոց սրտի աղաղակել էիր. ‹‹ Այնքա՜ն գեղեցիկ և հնչեղ է Կյորեսի լեզուն…››: Իսկապես, հին գորգի պես այն շքեղ է՝ իր բոլոր զարդանախշերով, գույներով ու մանրամասներով: Ես համոզվում եմ դրանում ամեն անգամ, երբ առիթ եմ ունենում լսել այդ առնական բարբառը, մանավանդ, որ այն անչափ նման է մեր արցախյան կոպիտ, բայց միևնույն ժամանակ՝ քաղցրիկ բարբառին…Այո՛, նմանը չունի Գորիսի բարբառը: Թող այդ բարբառը պայթի ձիգ դարերի հոլովույթներում ու պահի մի եզակի արձակագրի անուն ու այդ պայծառ անունը տանի թեժ գալիքի խորքերը…Թող տարիների բեռը ժանգի նման չչոքի Բակունց անվան վրա, այլ ավելի փայլեցնի այն՝ որպես զտված ոսկի: Ես վստահ եմ, որ այդ անունը կհիշվի հավերժ…
Ո՜վ անմահ գորիսեցի, Դու էլ ինչպես մեծ նախնիդ՝ Նարեկա ճգնավորը, գիտեիր «ծիծաղախիտ ժպտեցնել բառերը»: Դրանից է, որ ինչքան էլ ընթերցեմ ու ընթերցեմ գրվածքներդ, մեկ է՝ ամեն անգամ նորից ականջիս կհասնի մխացող աթարի առաջ նստող կնոջ արծաթե սուրմաների զնգոցը, մեկ է՝ նորից ու նորից կառնեմ այրված սուսամբարի խնկահամ հոտը, կզգամ արևածաղիկների նրբին օրորը, կգերվեմ ալպիական մանուշակով, կհպարտանամ ծիրանի փողով…Որքա՜ն ճիշտ էր բարեկամդ՝ դարերի պոետ Չարենցը, որ Քո տողերը համարեց ‹«մարմարյա, հնամենի, բուրյան»…
…Անցնում է ոլորապտույտ ճանապարհը Սյունյաց աշխարհով դեպի Երևան: Ես մեքենայից ուշադիր զննում եմ Սյունիքի արևանիստ լեռներն ու բարձր գագաթները, ինձ համար ամեն անգամ ասես հայտնություն թվա քարքարոտ Զանգեզուրը: Նայում եմ երկնի կապույտի մեջ հպարտորեն մխրճված լեռնագագաթներին, երկար նայում նրա գրկում ծվարած Գորիսին, որն այնքա՜ն հարազատ է թվում ինձ…Եվ դարձյալ հիշում եմ Քեզ, Մե՛ծ գորիսեցի, ու իմ սրտում դարձյալ ծնվում են պաշտամունքի անխառն զգացումներ, որ այս էլ քանի անգամ չգիտեմ՝ գիտակցաբար թե՝ ինչ-որ բնազդով՝ որպես երկխոսություն Զանգեզուրի լեռների ու չնաշխարհիկ Գորիսի հետ, դուրս են հորդում սրտիս խորքից միայն ու միայն այսպես.
– O tempora, o mores…
Օ՜ Զանգեզուր, օ՜ Կյորես…
Комментариев нет:
Отправить комментарий