23.06.2019

ԱՆԳԵԼԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ / Նամակ Ակսել Բակունցին

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Ասկերանի շրջանի Խնձրիստանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անգելինա Վարդանյանի աշխատանքը: 

Մրցույթը կազմակերպվել է Գորիսի պետական համալսարանի և «Արցախի Երիտասարդ Գիտնականների ու Մասնագետների Միավորում»(ԱԵԳՄՄ) ՀԿ-ի համագործակցության շրջանակներում: 

* * * 
Բա´րև Բակունց … 

Ես Անգելինան եմ: Չնաշխարհիկ ու հերոսական Արցախի գողտրիկ անկյուններից մեկի` Խնձրիստան գյուղի դպրոցում եմ սովորում, XI դասարանում:Այսօր քեզ հետ հաղորդակցվել եմ ուզում: Շուտով ծնունդդ է, սրտանց քեզ շնորհավորել եմ ուզում. գիտեմ դա անհնար է, բայց ուզում եմ մի կերպ երախտագիտությունս հայտնել քո մթնաձորյան աշխարհի համար, շնորհակալ լինել, որ դու եղել ես և այսօր ապրում ես երկրորդ կյանքով` մեր սրտերում: Չարագործները դա երևի չէին գիտակցում, զորու չէին հասկանալու, որ ընկածները (դու էլ ընկար մի անօրինակ մարտի դաշտում) իրենց հուշով, վրեժով են սարսափելի: Այդ վրեժը քո տաղանդին սիրահար սերունդն է, որ անհագ կարդու՜մ է, կարդու՜մ և կրկին կարդալ է ուզում քո քերթվածները: Ես երախտապարտ եմ իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն, որը, պաշտելով Ձեզ, ստիպեց մեզ անպայման ընթերցել Քո ստեղծագործությունները: Գիտե՞ս, սիրելի´ Բակունց, այսօր, ցավոք, շատ քիչ են գեղարվեստական գրականություն ընթերցում: Ժամանակակից սերնդի հետաքրքրության շրջանակներն այլ են: Համացանցն ու բջջային հեռախոսները «հափշտակում են» սովորողներիս ժամանակը և կտրում Ե.Չարենցի նկարագրած «անեզր տիեզերքից»` գրքերի աշխարհից: Ես էլ համակարգչի առաջ շատ ժամանակ եմ անցկացնում և չէի պատկերացնում, որ ուսուցչուհուս հանձնարարած կապույտ շապիկով հաստափոր գիրքը, որի վրա ինձ արդեն հոգեհարազատ դարձած Քո անուն-ազգանունն է, կկարողանամ ընթերցել: Քիչ ասել է ընթերցել. ես շնչում եմ այդ գրքով, ապրում ու վերապրում պատմվածքների հերոսների թախիծը, տառապանքը, լուսավորվում նրանց պայծառությամբ:
Ահա Մինան Բասուտա գետում գորգ է լվանում` իր մտքերի հետ կռիվ տալով, և ջուրը տանում է նրա արտասուքները: 
Ահա Հազրոն նստել է օջախի քարին, կարոտում, հիշում է կորած երկիրն ու հողը և տխուր նվագում է ծիրանի փողը: 
Ահա ծեր Դիլան դային` հեռավոր օրերի ցավը անթեղած, և այդ ցավի միջից թևին է տալիս իր ձեռքից թռած արնոտ միրհավը: 
Ահա Լորի հինավուրց բլրակի վրա խոնարհ աղջիկն է` Խոնարհ անունով, շիկնած հայացքով… 
Այսօր խոնարհ աղջիկներ շատ քիչ կան, իսկ ես այնպե՜ս սիրեցի քո Խոնարհին: Ցավում եմ նրա ճակատագրի համար: Ինչու՞ նա չթողեց, որ ուսուցիչը բռնի իր ձեռքը, ինչու՞ «թող»-ը եղավ նրանց սիրո խոստովանության միակ բառը: Այսօրվա աղջիկներից շատերը իրենք են սեր խոստովանում: 
Ինչու՞ «Միրհավ»- ում Սոնայի ու Դիլանի սերը այդպիսի վախճան ունեցավ: 
Ինչու՞ «Ալպիական մանուշակ»-ում այն մանուշակ կինը` նուրբ, հեզ ու քնքուշ, տրորվեց բիրտ ոտքերի տակ: 
Եվ ի՞նչ նրբությամբ են կերտված այս կերպարները Ձեր պատմվածքներում: Դու մաքուր գեղեցկության հանճարը տեսար լեռնային հեռավոր Բինայում,աթարից կրակ անող փոքրիկ սարվորուհու դիմագծերում և արձակ վիպերգ ձոնեցիր նրան, ապա`հուզիչ կանացիություն ու քնքուշ զգացմունքներ: Դու նշմարեցիր այդ ամենը ցախ կրող ու քաղհան անող Խոնարհի մեջ: Սա և´ժողովրդայնության դրսևորում է, և´մի առանձնահատուկ մարդասիրության, որն իր շեշտված գույներով հարստացրեց մեր գրականության բարոյական ներքնախորանը: 
Որքա՜ն սրտամոտ են ինձ քո կերտած կերպարները: Դրանք ակնառու բարեմասնությամբ կամ դիրքով զանազանվող մարդիկ չեն, կամ էլ ինչ-որ չափով աչքի ընկնող անձիք: Քո հերոսները գյուղացիական «միապաղաղ» զանգվածում չնշմարվող մարդիկ են. Մի հովիվ Պետի`երեսը ծաղկապատ, աչքը հատ ընկած, գոմերում տավարի հետ գիշերող, մի Մարգար`մանրիկ, ջրակալած աչքերով, երկար, բարալիկ ոտքերով, չոր կրծքով կամ մի չարքաշ Տիգրանուհի`բոպիկ, ճաքճքած,վերքոտ ոտքերով… 
Ու նրանց մեջ քո հանճարն է, որ նկատում է մարդկային հոգու զարմանալիորեն վեհ ու մեծ հարստություններ և վառ, տպավորիչ գույներով այդ աննշան մարդկանց դարձնում հերոսներ. Հազրո, Ավի, Արթին պապ, Դիլան դայի, Շարմաղ բիբի, Սոնա, Նազու աղջիկ…շղթան երկար է, և օղակներից յուրաքանչյուրը գրավիչ ու հուզիչ բոլորովին յուրովի: 
Ահա նախրապան Պետին.«Ամբողջ կյանքում հովիվ է եղել Այու սարում:Նա այնքան է վարժ խոտին ու ծաղկին, որ անսխալ կարող էր ասել, թե որ ծաղիկն է կանուխ բացվում, որ խոտն է ցավի դեղ: Երբեմն երբ նրա աչքին է ընկնում մի շքեղ բզեզ կամ թիթեռ`գունավոր թևերով, կամ դիտում էր, թե ինչպես են մրջյուններն աշխատում հերվա բունը սարքելու,-Պետին գլուխը երերում էր և ինքը իրեն խոսում. 
- Փառքդ շատ, այ Աստված, որ էսպես հրաշք բաներ ես ստեղծել»: 
Ահա Արթին պապը. «Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր և, եթե զրուցընկեր չունենար, ինքնիրեն կխոսեր և քթի տակ կժպտար»: 
Դու այնքան բնական ու միաժամանակ հանդիսավոր ես կերտել մեր գրականության ամենահմայիչ կերպարներից մեկին` Արթին պապին, որ այն դարձել է բոլորիս պապը: Որքա՜ն սրտաճմլիկ է ավարտը. «Շատ տարիներ են անցել: Այդ անցյալն ինձ համար դարձել է հիշողություն, որ հետզհետե ընկղմվում է մոռացության անդունդը: Միայն երբեմն աչքիս առաջ երևում են իմ Արթին պապի ալեհեր գլուխը, նրա կապույտ աչքերը և խեղճ ժպիտը»: 
Սիրելի´ Բակունց, դու դարձար 120 տարեկան, թեև այդ տարիներից միայն 38-ն ես ապրել: Ժամանակին շատերը հասկացան, որ դու արդեն առաջին մեծության աստղ ես հայ գրականության երկնակամարում: Բայց հակառակորդներ ու հալածողներ էլ ունեցար: Հազա´ր անեծք նրանց… 
«Քո «Մթնաձոր»-ում թախիծ է ծորում» /Ե. Չարենց/, մի պայծառ թախիծ կա քո երկերում, և իզուր չեն քեզ անվանում հայ արձակի Տերյան: Եվ որքա՜ն հարմար են գալիս Տերյանի հայտնի տողերը. 
Եվ հնչում է որպես աղոթք 
Արքայական քո լեզուն… 
Ահա քո բոլորիս գերած «Միրհավը». «Աշուն էր, պայծառ աշուն…Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համարել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը… 
Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն»: 
Ավա՜ղ, դու էլ մի պայծառ տխրություն ես մեզ համար: Շատ վաղ և դաժանորեն հրաժեշտ տվիր աշխարհին, կյանքին, մարդկանց: Դու մշտական մի վիշտ, չսպիացող մի վերք դարձար մեր գրականության համար: 
Ավա՜ղ, ես չգիտեմ որտեղ է քո գերեզմանը: Ես շատ եմ ուզում ալպիական մանուշակներ դնել քո շիրիմին, ուզում եմ շնորհակալ լինել սպիտակ ձիու խելահեղ վազքի, խոնարհ աղջկա, իբրև միրհավ ապրած Սոնայի,«եղերական տառապանքի» , «մարմարյա բառերի» համար: 
Ուզում եմ շնորհակալ լինել երջանկության համար այն աշակերտի, որ դեռ նոր է ձեռքն առնելու քո գիրքը ու կարդալու, անհագ կարդալու՜… 
Համոզված եմ, որ քո անզուգական ծիրանի փողը, առանց հին ահի ու նոր խնդությամբ դեռ երկար է հնչեցնելու քո արդար երգերը` հիշեցնելով, որ դու կաս, մեզ հետ ես: 
Դու միայն մերը չես, դարերինն ես, ու դարերը միշտ կասեն` «Բակունցն է մեզ հետ քայլում այստեղով»…







Комментариев нет:

Отправить комментарий