Գեղարվեստական համակարգի կարևոր միավորներ են ժամանակը և տարածությունը, որոնք ունեն տարբեր գործառույթներ, պայմանականության աստիճաններ, հատուկ փոխհարաբերություններ ու փոլխազդեցություններ: Ժամանակի և տարածության բնույթով են պայմանավորված գեղարվեստական իրականության տարածաժամանակային կառույցի ամենատարբեր ձևերը: Կյանքի երևույթների գոյության տարածաժամանակային ձևերի գեղարվեստական արտացոլումը մտնում է գեղարվեստական պատկերի ու ստեղծագործության կառուցվածքի մեջ:
Բախտինը ժամանակի ու տարածության փոխադարձ կապը գեղարվեստական երկում անվանել է <<քրոնոտոպ>>, որին համարժեք է հայերեն <<ժամանակատարածական>> բառաձևը կամ եզրույթը: Իր <<Լաոկոոն>> աշխատության մեջ Գ.Լեսինգն առաջին անգամ արվեստի երկերը դասակարգեց ըստ տարածաժամանակային հատկանիշների:
Ի տարբերություն արվեստի մյուս տեսակների` գրականությունն ավելի ազատ է իրականության տարածաժամանակային արտացոլման առումով: Գրողը կարող է միաժամանակ տարբեր վայրերում կատարվող իրադարձություններ պատկերել կամ ժամանակային մի հարթությունից հեշտությամբ տեղափոխվել մեկ ուրիշը, օրինակ` ներկայից անցյալ և հակառակը:
Գեղարվեստական ժամանակի ու տարածության հատկանիշներից մեկը ընդհատությունն է: Ժամանակի առումով այդ բնութագիծն առանձնապես կարևոր է, որովհետև գրականությունը չի վերարտադրում ժամանակային ամբողջ ընթացքը, այլ ընտրում է գեղարվեստական առումով անհրաժեշտ դրվագներ` <<դատարկ ընդմիջումները>> լրացնելով խոսքային համապատասխան կառույցներով, ինչպես` <<անցավ մի քանի օր>>, <<անցան տարիներ>> և այլն: Ժամանակային այդպիսի դադարները ապահովում են գրական երկի սյուժետային դինամիկան, խոսքի ներքին կազմակերպվածությունը:
Այսպես, ժամանակի պատկերումը լինում է ներփակ, երբ այն համընկնում է պատմական ժամանակի հետ, լինում է բաց, երբ եռաչափ ժամանակը (ներկա, անցյալ, ապագա) պատկերվում է ոչ հաջորդաբար, այլ համադրման տարբեր ձևերով:
Գեղարվեստական տարածության մասնատվածությունը հաճախ պայմանավորված է գեղարվեստական ժամանակի առանձնահատկություններով. օրինակ, ժամանակային կոորդինատների ակնթարթային անցումներում հարկ չկա ներկայացնելու միջանկյալ տարածության մեջ կատարվող իրադարձությունները: Շիրվանզադեի <<Վարդան Ահրումյան>> վեպում գործողությունները գավառական քաղաքից տեղափոխվում են արդյունաբերական քաղաք` առանց ճանապարհի մանրակրկիտ նկարագրության:
Տարածությունն արտացոլող պատկերների ընդհատությունը պայմանավորված է նրանով, որ գեղարվեստական գրվածքում այս կամ այն վայրը նկարագրվում է ոչ թե մանրամասնությամբ, այլ առանձին գծերով, որոնք կարևորվել են հեղինակի կողմից և հատկանշվում են բովանդակային-իմաստային որոշակի արժեքով: Գեղարվեստական տարածության <<բացթողումները>>, որպես կանոն, ընթերցողն ինքն է երևակայաբար լրացնում: Գեղարվեստական տարածության ու ժամանակի ընդհատությունը ընդգծում է պատկերային առանձին մանրամասների կարևորությունը:
Գեղարվեստական տարածության ու ժամանակի պայմանականության բնույթը մեծապես կախված է գրական սեռից: Քնարական ժանրերում պայմանականության աստիճանը հասնում է առավելագույն չափերի. չափածո խոսքում, առհասարակ, ընդգծված չի լինում գեղարվեստական տարածությունը, ինչպես օրինակ` Վ.Տերյանի պոեզիայում: Որոշ դեպքերում տարածական համակարգը ձևական բնույթ է կրում` ներկայանալով որպես պայմանականություն, այլաբանություն: Ճիշտ չէ գեղարվեստական տարածությունը Իսահակյանի <<Աբու Լալա-Մահարի>> պոեմում համարել անապատը, Տերյանի <<Երկիր Նաիրի>>-ում` Նաիրին կամ Դուրյանի <<Լճակ>> բանաստեղծության մեջ` լճակը: Միաժամանակ քնարերգությունն ընդունակ է վերարտադրելու նյութական աշխարհը` գեղարվեստական առումով մեծ արժեք ներկայացնող տարածական ամբողջությամբ: Օրինակ` Հ.Սահյանի պոեզիան` զանգեզուրյան բնաշխարհի համայնապատկերով:
Քնարական ստեղծագործություններն ազատ են նաև ժամանակային արտացոլման առումով: Այդ դաշտում ժամանակային շերտերի` անցյալի, ներկայի, ապագայի, անցողիկ ժամանակի ու հավերժականի փոխներթափանցումներն առավել հաճախադեպ են: Քնարական ստեղծումներում գեղարվեստական ժամանակը մեծ մասամբ չի արտահայտվում, ինչպես օրինակ` Չարենցի <<Մահվան տեսիլ>> բանաստեղծության մեջ: Չափածոյում հանդիպում ենք նաև գեղարվեստական ժամանակի կոնկրետ դրսևորումների, ինչը բնորոշ է, օրինակ, Մ.Մեծարենցի քերթվածներին. վերնագրերն անգամ խորհրդանշական են` <<Սիրեգ. գիշերն անույշ է>>, <<Ձմրան պարզ գիշեր>>, <<Վայրկյան>>, <<Կիրակմուտք>> և այլն: Բոլոր դեպքերում, գեղարվեստական ժամանակը խիստ պայմանական է, այլասացական, հաճախ` վերացական:
Թատերգական գրվածքներում տարածաժամանակային պայմանականությունը գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք գրված են թատերական ներկայացումների համար: Յուրաքանչյուր դրամատուրգ ունի տարածաժամանակային պատկերման ի'ր սկզբունքները, սակայն ընդհանուր առմամբ պայմանականության բնույթը նույնն է, ինչ քնարական ու պատմողական ժանրաձևերում:
Տարածաժամանակային պատկերման առավել ազատ, բարդ ու հետաքրքրական հատկանիշները բնորոշ են պատմողական սեռի գրվածքներին:
Գեղարվեստական առումով ժամանակը և տարածությունը կարող են լինել վերացական ու կոնկրետ: Վերացական է այն գեղարվեստական տարածությունը, որը խիստ պայմանական է և ընդհանրական` <<ամենուր>> և <<ոչ մի տեղ>> ընդգրկումով: Չունենալով ընդգծված մասնահատկություններ` այն չի ազդում պատկերված գեղարվեստական աշխարհի վրա, չի բացահայտում գրական հերոսի բնավորությունն ու վարքագիծը, որևէ հուզական երանգ չի հաղորդում նրա գործողություններին: Այսպես, Լ.Շանթի թատերգություններում գեղարվեստական տարածությունը երբեմն հորինված է (<<Հին աստվածներ>>), երբեմն բացարձակ ազդեցություն չի գործում կերպարների և իրադարձությունների վրա (<<Կայսրը>>, <<Օշին պայլ>>) և այլն: Գեղարվեստական ժամանակը վերացական հատկականությամբ է արտացոլված հատկապես կլասիցիստական դրամատուրգիայում, գաղափարապաշտական ստեղծագործություններում, ինչպես նաև մոդեռնիզմի գրականության մեջ:
Կոնկրետ տարածությունը գեղարվեստական իրականությունը ուղղակի չի շաղկապում կյանքի իրականությանը, պարզապես ակտիվորեն ազդում է ստեղծագործության կառուցվածքի վրա:
20-րդ դարի գրական զարգացումներում նկատվեց վերացական ու կոնկրետ գեղարվեստական տարածությունների փոխներթափանցման ու փոխազդեցության միտում: Արդյունքում կոնկրետ տարածությունը ձեռք բերեց խորհրդանշական-ընդհանրական արժեք, ինչը դրսևորվեց Չարենցի (<<Երկիր Նաիրի>>), Բակունցի (<<Մթնաձոր>>, <<Կյորես>>), ռուս գրողներից` Գոգոլի (<<Ռևիզոր>>), Դոստոևսկու (<<Կարամազով եղբայրներ>>), Սալտիկով-Շչեդրինի (<<Մի քաղաքի պատմություն>>), Բուլգակովի (<<Վարպետն ու Մարգարիտան>>), իսկ համաշխարհային գրականության մեջ` Պրուստի, Ֆոլքների, Կամյուի ստեղծագործություններում:
Վերացական կամ կոնկրետ տարածությունը սովորաբար հանդես է գալիս գեղարվեստական ժամանակի համապատասխան տեսակի զուգորդմամբ: Օրինակ, առակի ժանրաձևում վերացական տարածությունը հանդես է գալիս վերացական ժամանակի մեջ` <<Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր>>, և հակառակը` տարածական կոնկրետությունը զուգորդվում է ժամանակային կոնկրետության հետ, ինչպես Մահարու, Զորյանի, Դեմիրճյանի ստեղծագործություններում:
Գեղարվեստական ժամանակը կոնկրետացվում է պատմական իրականության ժամանակային շրջափուլերի հստակ ներկայացմամբ: Ժամանակային կոնկրետացումը զարգացել է հատկապես իրապաշտության գեղագիտական համակարգում, թեև այն ձևավորվել է ավելի վաղ շրջանում: Ժամանակային կոնկրետությունը գեղարվեստական ստեղծագործության մեջ հեղինակային տարբեր շեշտադրումներ ու շերտադրումներ կարող է ստանալ: Օրինակ, Րաֆֆու <<Դավիթ Բեկ>>, Զորյանի <<Հայոց բերդը>>, Մահարու <<Այրվող այգեստաններ>> վեպերում պատմական իրադարձությունները ուղղակիորեն ներթափանցել են բովանդակային շրջանակ, իսկ գեղարվեստական ժամանակը հստակեցված է անգամ մեկ օրվա կտրվածքով: Իսկ ահա Կ.Զարյանի վեպերում(<<Միացյալ Նահագներ>>, <<Արևմուտք>>, <<Քաղաքներ>> և այլն) ժամանակային կոորդինատները բավականին անորոշ են և հասկացվում են անուղղակի կերպով, չնայած երբեմն պատմական կոնկրետ ժամանակն էլ է ակնհայտ կերպով արտահայտվում:
Արվեստի և գրականության մեջ օրվա տարբեր ժամերի նկարագրությունը ի սկզբանե ունեցել է հուզապրումային հստակ իմաստավորում: Տարբեր ժողովուրդների դիցաբանություններում գիշերը գաղտնի և չար ուժերի տիրապետության ժամանակաընթացքն է, իսկ լուսաբացը բերում է ազատագրում անմաքուր ուժերից: Գրականությանը առավել բնորոշ է գեղարվեստական ժամանակի հուզական-հոգեբանական նշանակությունը կոնկրետ քնարական կերպարում խտացնելը: Օրինակ` Մեծարենցի համար գիշերը մի անեզր <<ցնորոտ անդորրություն>> է, երբ բանաստեղծի հոգին կարող է ազատ ճախրել ու հասնել <<ադամանդե աշխարհների>> երանելի դռները: Նա առատորեն դիմում է գիշերվա պատկերներին` <<հիվանդ հոգին անդորրով պատմուճանելու համար>>: Տերյանի հոգեկիցն ու վիճակակիցը օրվա իրիկնաժամն է` մթնշաղը, երբ <<ամեն ինչ երազում է հոգու հետ>>: Արձակ ստեղծագործություններից հատկանշական են Վ.Շուշանյանի վեպերը(<<Ամռան գիշերներ>>, <<Գարնանային սիրո հեզ նամակներ>>): <<Գարնանային>>-ում գեղարվեստական ժամանակը այլաբանական նշանակությամբ հաստատում է հոգեաշխարհի հաղթանակը նյութապաշտ աշխարհում:
Գրեթե բոլոր դիցաբանություններում աշունը մահվան, իսկ գարունը վերածննդի խորհրդանշական ժամանակն է: Դիցաբանական այս իրողությունը փոխանցվել է նաև գեղարվեստական գրականությանը: Այդ առումով առավել հետաքրքրքական է տարվա եղանակների և գրողի (քնարական հերոսի) հոգեվիճակի հարաբերակցության հուզական-հոգեբանական կողմի քննությունը. առանձնաշեշտելի է Տերյան-աշուն(Աշու'ն, քաղցր ու բաղձալի// Ի՞նչխոսքերով երգեմ քեզ), Շիրազ-գարուն (<<Գարնանամուտ>>-ի պատկերները) հոգեկցությունը:
Ինչպես իրականության, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ ժամանակը և տարածությունը չեն ըմբռնվում ինքնակա ձևով: Տարածության մասին դատում ենք` ելնելով ներառված առարկաներից (լայն առումով), իսկ ժամանակի մասին` ելնելով տարածության մեջ տեղի ունեցող շարժընթացներից: Գեղարվեստական երկի վերլուծության ընթացքում պետք է հստակ որոշելտարածաժամանակային ընդգրկվածությունը:
Պատմական զարգացման ընթացքում գեղարվեստական ստեղծագործության տարածաժամանակային համակարգը առավել ընդլայնվել ու բազմակերպվել է: Գրողի համար տարածաժամանակային համակարգը հստակ գիտակցված գեղարվեստական հնարք է, այլ խոսքով` նա յուրօրինակ <<խաղ>> է վարում գեղարվեստական տարածության ու ժամանակի հետ:
Գեղարվեստական տարբեր ժամանակների և տարածությունների համադրմամբ վեր են հանվում թե’ տվյալ պահին տվյալ վայրում կատարվող գործողությունները` բնորոշ գծերով, թե’ ժամանակից ու տարածությունից անկախ գոյություն ունեցող համամարդկային արժեքները:
Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բ.գ.թ., դոցենտ
<<Հայոց լեզու և գրականություն>> գիտամեթոդական հանդես
Комментариев нет:
Отправить комментарий