<<... Սկիզբը՝ անցած ժամանակների ծննդոց ակունքում, վերջը…Վերջ չկա>>: Այս տողով է ավարտվում Սերո Խանզադյանի <<Հորս հետ և առանց հորս>> ինքնակենսագրապատումը, որ խորհրդանշական է հենց իր ստեղծագործական կենսընթացի համար: Օրերի, տարիների հետ առաջ է գնում Սերո Խանզադյանի փառքը, և ավելի է ընդգծվում նրա գրական ժառանգության պատմական նշանակությունը: Խանզադյանը հայ գեղարվեստական արձակագրության բարձր արժանապատվությունը ներկայացնող անուններից է և իր գրական նկարագրի ինքնատիպությամբ վավերական տեղ ունի հանրային գիտակցության մեջ:
Դեկտեմբերի 3-ին լրացավ Սերո Խանզադյանի ծննդյան 99-րդ տարեդարձը, ինչի առթիվ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի ու Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցի գլխավորությամբ գրողի կիսանդրու մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողություն, իսկ դեկտեմբերի 5-ին Գորիսի քաղաքապետարանի և <<Միրհավ>> գրական ակումբի արդյունավոր համագործակցությամբ գրողի տուն-թանգարանում կազմակերպվեց միջոցառում, որին ներկա էին քաղաքապետ Վաչագան Ադունցը, փոխքաղաքապետ Գևորգ Բոլյանը, քաղաքի մտավորական ընտրանու ներկայացուցիչներ, կրթական, մշակութային, ստեղծագործական կառույցների ղեկավարներ, լրագրողներ:
Միջոցառումը բացվեց <<Միրհավ>> ակումբի պատրաստած գրական կոմպոզիցիայով՝ <<Ոչինչ չի կորչում...>> խորագրով, որ գրողի հայրենի հարկի տակ հնչեց որպես հոգու պատմություն՝ հյուսված <<եղելությունների թելերից>>:
<<Միրհավ>> ակումբի ղեկավար Թ.Մարությանը հյուրերին ներկայացրեց միջոցառման ծրագիրը, որի հիմնակետը գրական ասուլիսի անցկացումն էր՝ <<Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին ընդառաջ>> թեմայով և <<Խանզադյանական մասունքների(լուսանկարներ, ձեռագրեր, գրքեր, իրեր և այլն) նվիրատվություն գրողի տուն-թանգարանին>> ակցիայի մեկնարկումը, որը կշարունակվի հոբելյանական ամբողջ տարվա ընթացքում(2015):
Ասուլիսը վարում էր <<Միրհավ>> ակումբի անդամ Լիլիթ Թունյանը, որ բանաձևեց ասուլիսի նպատակը. <<Դեկտեմբերի 3-ին լրացավ Սերո Խանզադյանի ծննդյան 99-րդ տարեդարձը, և 100-ամյակին պատշաճ կերպով նախապատրաստվելը դարձավ էլ ավելի հրատապ ու օրախնդիր: Ահա Խանզադյանի 100-ամյակի շեմին <<Դու գործն ես արել, մենք հանձն ենք առել>> սկզբունքով անհրաժեշտ է սթափ գնահատել իրավիճակը, ամփոփել արված աշխատանքը, և քայլեր ձեռնարկել Խանզադյանական տարին պատշաճ կերպով դիմավորելու, հրատապ խնդիրները լուծելու, որոնցից ամենակարևորը, թերևս, գրողի տուն-թանգարանի վերանորոգման, ցուցանմուշներով հարստացման հարցն է: Գորիսի քաղաքապետարանը <<Միրհավ>> գրական ակումբի հետ ծրագրել է Խանզադյանի 99-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակում հրավիրել ասուլիս՝ քննարկելու առկա խնդիրները, վկայակոչելու արված աշխատանքը, դրանց արդյուքները, նախնական կերպով ուրվագծելու անելիքները>>:
Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցը, օրվա առթիվ ողջունելով ներկաներին, կարևորեց խնդրադիր ձեռնարկը և հավաստեց, որ քաղաքապետարանը, որպես հանձնառու կառույց, կարևոր ու զգալի դերակատարություն է ունենալու ընթացիկ խնդիրների լուծման և Խանզադյանի հոբելյանը արժանապես նշելու գործում: Նա առանձնաշեշտեց Սյունիքի մարզպետի, ինչպես նաև <<Սյունյաց երկիր>> շաբաթաթերթի ծանրակշիռ, անկյունաքարային դերերը գրողի 100-ամյակին ընդառաջ տարվելիք աշխատանքներում: Գրողի տուն-թանգարանի հիմնարկման, վերանորոգման ու գործարկման հարցերը մշտապես եղել են Ս.Խաչատրյանի ուշադրության կենտրոնում և, քաղաքապետի հավաստմամբ, նրա կողմից արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվել հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: Վ.Ադունցը խոսեց նաև նվիրատվության ակցիայի կարևորության մասին և հույս հայտնեց, որ նվիրյալների ջանքերով, ի վերջո, Խանզադյանի անվան ու գործի հետ կապված բոլոր մասուքները կհավաքվեն տուն-թանգարանում:
Ասուլիսին հրավիրված էր նաև <<Սյունյաց երկիր>> շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Նա ծրագրային ելույթով ներկաներին իրազեկեց գրողի 100-ամյակին ընդառաջ տարվող այն բազմախնդիր ու բազմակողմանի աշխատանքը, որ, ծավալել է թերթի խմբագրությունը՝ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի անմիջական պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ, աշխատանք, որ, ի վերջո, կարդյունավորվի Ս.Խանզադյանին նվիրված թերթի հատուկ համարի հրապարակմանբ: <<Մեր պատկերացումները, թե ինչպես նշենք Սերո Խանզադjանի 100-ամյակը, կարելի է ասել` ուրվագծված է>>,-նշեց Ս.Ալեքսանյանը և հավելեց իր անձնական նկատառումը. <<Իհարկե, շատ կարևոր է, որ մենք լուսանկարներ, ձեռագրեր, անտիպներ հավաքենք, բայց վերջին չորս-հինգ ամսվա իմ շփումները գրականագիտական աշխարհի, ակադեմիական շրջանակների հետ ցույց են տվել ու որոշակիացրել մեր թիվ մեկ խնդիրը: Բանն այն է, որ վերջին քսան տարիները այնքան էլ արգասավոր չեն եղել Սերո խանզադյանի համար: Ովքեր պետք է զբաղվեին Ս.Խանզադյանի գրական ժառագնության տարածման, մասսայականացման, նոր սերնդին հասցնելու ուղղությամբ, գրեթե ոչինչ չեն արել: Այդ առումով մենք Սերո Խանզադյանին պարտք ենք, և ակնհայտ է, որ նախընթաց հանգամանքների արդյուքնում նրա գործի վերագնահատման հարցը ավելի է խորացել ու բարդացել>>: Ըստ խմբագրի՝ մենք պետք է կարողանանք ժամանակավորի, անցողիկի բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ նորովի իմաստավորել, գրականագիտորեն յուրացնել Սերո Խանզադյանին, որովհետև նրա տեղը գրականագիտությունն է, արվեստի աշխարհը, պետք է անել առավելագույնը՝ որոշելու համար Սերո Խանզադյանի տեղը գրապատմական ընթացքում, անհրաժեշտ է քննական նոր հայացք ձգել Խանզադյանի ստեղծագործությանը: Այդ դաշտում կարևորվեց երիտասարդ գրականագետ Վահան Աղաբաբյանի վաստակը. նա վերջերս թեկնածուական թեզ է պաշտպանել՝ Խանզադյանի փոքր արձակի շուրջ ամբողջացնելով իր գիտական պրպտումների արդյունքները:
Ասուլիսի ընթացքում առկա խնդիրների շուրջ նկատառումներ արտահայտեցին Ս.Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցի տնօրեն Ա.Փարսյանը, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Ա.Մարդյանը, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ա. Ծատուրյանը, Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Հ.Հարությունյանը, Խանզադյանի տուն-թանգարանի աշխատակից Արմանուշ Բակունցը, բանաստեղծ Լևոն Սահակյանը և ուրիշներ:
Հանդիպման վերջում հայտարարվեց Խանզադյանական մասունքների նվիրատվության մեկնարկը, թանգարանում բացվեց տպավորությունների մատյան: Առաջին նվիրատուներն էին գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը և գրողի ազգականուհի Անգին Տատինցյանը, որոնք թանգարանին նվիրաբերեցին անտիպ լուսանկարներ:
Հյուրերը հանդիպումը որակեցին որպես խանզադյանական տարվա մեկնարկ, իսկ քաղաքապետ Վ.Ադունցը, շնորհակալություն հայտնելով բոլորին արտահայտած կարծիքների ու դիտարկումների համար, տեղեկացրեց, որ շուտով քաղաքապետարանում կհրավիրվի հանդիպում՝ արդեն իսկ ուրվագծված խնդիրները պաշտոնական շրջանակներում քննարկելու և հոբելյանական հանձնաժողով ստեղծելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий