08.06.2015

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ / Բայց և որքա՜ն գեղեցիկ էր կյանքը …

Իրիկնամուտին հասանք Գորիս: Սյունյաց սարերը մեզ դիմավորեցին սառնաշունչ ձյու­նա­խառը քամիով, իսկ տների տանիքների աղմուկը հրետակոծության ժամանակներն էին հիշեցնում: Հակառակ բնության խստության, Բակունցների ու Զադայանների ընտանիք­նե­րը մեզ ընդունեցին ջերմությամբ: Մինչև ուշ գիշեր վառարանի շուրջ նստած, հարցուփորձ էինք անում անցյալից, դժվար օրերից, երբ Գորիսի կապույտ երկինքը սևանում էր հարևան հան­րա­պե­տու­թյան տարածքից կրակված արկերից ու ռումբերից … Երբեք այդքան գեղեցիկ դեմ­քեր մի տեղ հավաքված չէի տեսել: (Սարոյանը Երևանում ուրախացել ու զարմացել էր հա­յերի բազմությամբ): Երևի փորձությունների ու հաղթանակների դրոշմն էր ստեղծում այդ տպա­վորությունը: Անսպասելի էր, բայց քաղաքը լուսավորված էր: Սարի լանջին թիկնած Վե­րի­շենը հունական ողբերգությունների ամֆիթատրոն էր հիշեցնում, իսկ այն, ինչ առավոտյան տե­սանք, իրական ողբերգության հետքերն էին` դպրոցի բակում հուշատախտակը նշում էր «գրադի» պայթած տեղը, ուր զոհվել էր բանաստեղծ Սպարտակ Բակունցը
Դպրոցի առաջին հարկում կախված էր հակատանկային փամփուշտի մի մեծ պարկուճ: (Տարիներ առաջ մի վիետնամացի ինձ նվիրել էր մի սանր, որը պատրաստված էր ամերիկյան «Ֆ-105Դ» ինք­նաթիռի թևից: Սանրն ուներ հենց այդ մահաբեր ինքնաթիռի տեսքը): Վերիշենցիք էլ, ա­սես, հետևել էին աստվածաշնչյան կոչին` վերափոխել զենքերը խոփերի: Եվ մահվան «ահա­զան­գը» վերափոխել էին դպրոցական խաղաղ զանգի: Հենց այդ խորհրդանշական զանգով էլ ազ­դա­րարեց «Շարական» համույթի համերգի սկիզբը` հնչեց Սպարտակ Բակունցի խոսքե­րով գրված իմ երգը`

Ինձ իր գիրկն է կանչում ազատ
Գերեզմանս խուլ ձայնով, 
Եվ ես, կյանք իմ հարազատ, 
Էլ չեմ ապրի քեզանով …

և

Արթնանամ ու տեսնեմ ` երազ էր,
Չի փլվել վարդագույն իմ աշխարհը … 

(1988թ. երկրաշարժ)

Այնուհետև կատարեցինք Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ստեփանոս Սյունեցու երկերը, ազ­գային-հայրենասիրական երգեր: Դպրեցի սաները արտասանեցին պոետի բանաստեղծու­թյուն­ներից: Հուզիչ էր Մանե Զադայանի ասմունքը: Բեմի պատին գրված էր Համո Սահյանի խոս­քերը` «Սպարտակ Բակունցը տպագրության արժանի շատ գործոր ուներ, որ կարող էին պա­տիվ բերել ոչ միայն հեղինակին, այլև գրական 60-ականններից հետո հրապարակ եկած բա­նաս­տեղծական մի ամբողջ սերնդին»: Պատին կարդացինք նաև Սպարտակի մարգարեական տողերը`

Հայացքս` դեպի լեռն Արարատ, 
Մարմինս հեթանոս սեղանին, 
Թող թափվի արյունս անարատ
Ու դառնա վերքերիդ սպեղանի …

Այդպես էլ եղավ … Մինչ համերգը «Շարականով» այցելել էինք նրա գերեզմանին, թարմացրել ծաղիկները, հետո մերձակա մատուռում կատարել Սպարտակի երգը: Թվում է, թե կռահեցի Բակունցի արվեստի զորության գաղտնիքներից մեկը: Լուսաբացին «Սպար­տակի լուսամուտից» նայեցի աշխարհին, աստղերին, Վերիշենին ու տեսա Գորիսի անդորրը հսկող սֆինքսները` հողմահարված մարդանման ժայռերը, Պղնձաքար հպարտ լեռը` պոետը Անթեոսի պես հայրենի հողին կպած էր արարում, Պլատոնի խոսքով ասած, իրականության պղինձը վերածում էր արվեստի ոսկու … Նույն օրը երեկոյան մեծ համերգով հանդես եկանք Գորիսի թատրոնի դահլիճում` դարձյալ երգեր, ասմունք, ծաղիկներ: Մարդկանց դեմքերին ժպիտ կար, եղանակն էլ բացվեց: Մթնոլորտը լավատեսական էր, քանզի խոսքը մահվան մասին չէր, այլ անմահության: Կյանքի տևողության ըմբռնումը հարաբերական է: Վազգեն Ա Վեհափառը 86 տարեկանում, կյանքի վերջում ասել է, թե ինչո՞ւ է մարդ այսքան երկար ապրում, որ այսքան արհավիրքներ տեսնի: Հովհաննես Թումանյանի հայրը ապրել է դարուց ավել ու դժգոհում էր, թե արժե՞ր էս մի քանի օրվա համար էս աշխարհը գալ: Իսկ Սոկրատեսը` «Ես գնամ մեռնելու, իսկ դուք ապրելու, իսկ թե սրանցից որն է ավելի լավ, ոչ ոք չգիտի բա­ցի Աստծուց»: Լսենք նաև Մոցարտին, որ մահից մի քանի ամիս առաջ բացականչել էր` «Բայց և որքա՜ն գեղեցիկ էր կյանքը», «Ռեքվիեմը» սկսված էր, և երգահանը նախազգում էր, որ հոգեհանգստյան այդ հանճարեղ երաժշտությունը գուժում է հենց իր մահը: Մեր բանաս­տեղծն էլ մեզանից հեռացավ՝ նախազգալով իր մահը, բանաստեղծական հասակում` 37 տա­րե­կա­նում՝ Պուշկինի տարիքում: Մոտավորապես այդքան էլ ապրեցին Մոցարտը, Մենդելսո­նը, Բայրոնը, Բյորնսը … 
Շուբերտի տապանագիրը կարող է վերաբերել բոլոր վաղամեռիկ արվեստագետնե­րին` «Երաժշտությունն այստեղ ամփոփել է իր հարստությունը, բայց և ավելի գեղեցիկ հույ­սեր»: Կյանքի ավարտին մեծն Հայդնը հաճախ էր կրկնում Հորացիոսի խոսքերը, որոնք և դարձան նրա տապանագիրը` «Ես ամբողջությամբ չեմ մեռնի»: Մեր պոետի խաչքարին կարդա­ցինք իր իսկ տողերը. «Ես այրվել եմ իմ ապրած տարիներում … »: Մինչ այդ նա ասել էր. «Ին­չո՞ւ ծխալ, երբ որ պետք է բոցավառվել»: Այդպես էլ եղավ` նա բոցավառվեց, որ ուրիշներին լուսա­վորի … 
Երգով գնացինք Գորիս, բերքով դարձանք Երևան` դա պոետի մոր` տիկին Արփիկի ժպիտն էր, տոհմապետ Սեդրակ Բակուցի օրհնանքն էր, եղբոր` Արմիկի նվիրած «Վերիշեն» նկարն էր, որը վրձնել էր Մայիս Զադայանը և վերջապես, աստվածաշնչյան դրվագներով մի գիրք, որը ֆրանսերենից թարգմանել էր Սպարտակի քույր Սուսաննան, այն է. «ՀՈՒՍԱԼ ՀԱԿԱՌԱԿ ԱՄԵՆ ՀՈՒՅՍԻ» …

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ
«Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար

<<Հայք>>, 5/12/19952թ.

Комментариев нет:

Отправить комментарий