30.05.2015

Ա.ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈԻՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

Ակսել Բակունցի տուն-թանգարանը Սյունիքի նշանավոր մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Այցելում են գրողի տուն Պ.Սևակի բնորոշմամբ՝ պարտապանի կարգավիճակով և իրենց շնորհակալությունը, հոգու ջերմ խոսքը գրի առնում թանգարանի հուշամատյանում...
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: 

«Ակսել Բակունցը Զանգեզուրի, Գորիսի ամենազուլալ գետն է, հայոց ամենախոս լեզուն է, մեր հնաբույր թախիծն է, էպոսից եկող մեր կանչն է, մեր տան աղոթքն է, էն կտրիճն է, որ գիտի իր սրտի զորությունը, էն նահապետն է, որ իր մեջ կրում է ընկուզենու իմաստուն լռությունը: Փա'ռք ու պատի'վ էս խրճիթին, էս դղյակին, վարար, զուլալ էս տանը, որ Բակունց է արարել ու տվել հայությանը: Դժվար է լինելու նրանց համար, ովքեր կփորձեն ճանապարհ անցնել առանց մեծն Թումանյանի, հախուռն Չարենցի, տեղով սեր ու բնություն, հենց հայրենիք ու Հայաստան լեզու Բակունցի: 
Բակունցի շունչը միշտ զգանք մեր ծոծրակին>>:
Խոնարհումով` Հրաչյա Մաթևոսյան
14.06.2008

«Ամեն ինչ նման է եկեղեցու խորանի, որտեղ յուրաքանչյուր մասունք սուրբ է ու նվիրական: Խորին խոնարհում և հարգանք բնության և սիրո երգչին>>:

Նեկտար Հարությունյան 
Արևելագետ
06.08.2004

<<Ա. Բակունցի <<Ալպիական մանուշակը>> հանճարեղ է. օգնում է ապրել և հավատալ>>: 

Զուբեիդա Կարապետյան 
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դոցենտ
12.08.2004

<<Բակուցի տուն-թանգարանն այսքան խնամքով պահպանելը նշանակում է նույն¬քան խնամքով սերունդներին փոխանցել անմահ Ակսելին իր անմահ ստեղծագործություններով>>:                                                                                          
Գրավիկ Բաբայան 
Մ.գ.թ. 

<<Իր տան ու իր բակի նման պարզ ու անարատ, իր հողի ու քարի, իր հայրենիքի համն ու հոտը զգացող մարդը կարող էր նման գրող դառնալ … 
 Երիցս մնա՛ս մեր սրտերում ու կարդացվե՛ս, գորիսեցի' հայ մարդ …>>: 
Վրեժ Պետրոսյան 
Արվեստագետ 
21.05.2006

 <<Շնորհակալ եմ ծնողներիս, որ ծնվել եմ և կարդացել Բակունց>>:
 Նորայր Ղազարյան
14.06.2006

<<Շնորհակալություն ճակատագրին` Բակունցի մասունքների ոգեղեն տուն-թանգարանում անմոռանալի ակնթարթներ անցկացնելու հնարավորության համար: Հիրավի, հանճարին առնչվելը անգնահատելի և բացառիկ հնարավորություն է>>:
Էմանուել Մարգարյան 
Բ.գ.թ.
08.08.2006

Ինչպէս ծունկի չգամ, 
ու չաղօթիմ քէզի 
իմ քաղաք
Յաւիտենաշունչ իմ Գորիս …
Սագօ Արէան 
Գրող
08.08.2006

<<Հայ պատմվածքի բյուրեղային վարպետին` Ակսել Բակունցի թէ' բնաշխարհին, թէ' անմիջական շրջապատին ծանօթանալու առթիւ: Որևէ մտավորական գոնէ մէկ անգամ պէտք է անցնի հուսկէ` ավելի խոր հասկնալու ինչ որ Բակունցն է եւ հայությունը>>: 

Հարություն Պերպերյան 
<<Բագին>> հանդեսի խմբագիր

<<Ակսե'լ Բակունց, խոնարհվում եմ Ձեր անմահ հիշատակի առաջ: Դուք գրականության իմ առաջին և վերջին սերն եք>>: 
Ա. Գալստյան
25.06.2007

<<Անբացատրելի հիշողություններ արթնացան մեջս, հոգիս տակնուվրա եղավ բակունցյան հերոսների հետ հանդիպման տպավորությունից: Այնքան շատ բան զգացի` անբացատրելի, անհունորոն մեծ ու անհուսորեն հեռու … >>:
Լ.Գրիգորյան
8.08.2014

<<Մենք քո տանն ենք, սիրելի՛ արձակագիր: Որերորդ անգամ վերապրեցինք քո հրաշք ստեղծագործությունների բույրը, որն այս պահին կյորեսյան լավաշի բույրն ունի: Խոնարհվում ենք քո ժառանգության առաջ>>: 
 Կապանցի աշակերտներ
22.10.2014

<<Տպավորիչ է թե՛ ցուցադրված նյութի հարստությամբ, թե՛ բանավոր տրամադրվող մեծամասշտաբ տեղեկատվությամբ: Կառույցն ինքնին իր ճարտարապետությամբ գորիսյան պատմական կառույցների ամենաակնառու և պահպանված նմուշն է: Մեկ կառույցի այցելությամբ կարծիք է ձևավորվում թե՛ քաղաքի ուրույն ճարտարապետական ոճի, թե՛ տաղանդաշատ տեղաբնակների, նաև մեծ ցանկության, կամեցողության ու ջանքերի, որոնց շնորհիվ հավաքվել են ցուցանմուշները>>: 

Ճարտարապետներ` Հ. Պետրոսյան, Հ. Յուզբաշյան, 
Շ. Պետրոսյան, Ս. Գյուլեսանջյան

<<Հիացած ենք Գորիսով և նրա անբաժան մասը կազմող Ակսել Բակունցի թանգարանով>>:

Ճարտարապետության և շինարարության 
Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ 
28.04.2015 

<<Այս քաղաքը, որ Բակունցի դեմքն է կրում, թող հավերժորեն սերունդներին տանի իր լուսավոր մտքի ճանապարհով>>: 
Սոնա Վան 
Բանաստեղծուհի
13.06.2009 

Գրառումներն առանձնացրեց Լիլիթ Թունյանը 

Комментариев нет:

Отправить комментарий