Մայիսի 19-ին լրացավ հայ մեծահամբավ արձակագիր Սուրեն Այվազյանի մահվան 34-րդ տարելիցը, ինչի առթիվ Խնձորեսկում՝ նրա շիրմաքար-հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հարգանքի տուրքի մատուցման արարողություն և հիշատակի հանդիսույթ, որը կազմակերպել էր <<Միրհավ>> գրական ակումբը:
Մեծանուն սյունեցու հիշատակը խնկարկելու էին եկել բազմաթիվ այվազյանասերներ: Ելույթով հանդես եկավ ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Ա.Ծատուրյանը՝ բարձր գնահատելով Սուրեն Այվազյանի դերը հայ գեղարվեստական արձակի զարգացման գործում: <<Գրողն իր ժամանակի դժվարին պայմաններում ու իրադարձերի մեջ եղավ ու մնաց որպես գրականության հաստատուն միջնաբերդ՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն, որ հատկանշվում է իմաստային հարստությամբ, բարձր գեղարվեստականությամբ, ասելիքի նպատակաուղղվածությամբ ու հանրային հնչեղությամբ>>:
<<Անհրաժեշտ է գրական հանրության, գրականագիտության ուշադրությունը սևեռել Այվազյանի ստեղծագործության վրա,- իր խոսքում ընդգծեց գրականագետ Թ. Մարությանը,- մենք դեռ առնելիք ունենք Այվազյան գրողից, և առավելապես՝ տալիք՝ սկսած այս սրբագործված հողակտորը պահպանելուց մինչև նրա գրական գործի բարձր արժեքայնության գիտակցում, հանրայնացում ու գնահատում: Այվազյանի գրարվեստի հմայքը բազմապատիկ արձագանքներով դեռ պետք է վերադառնա իրեն>>:
<<Անհրաժեշտ է գրական հանրության, գրականագիտության ուշադրությունը սևեռել Այվազյանի ստեղծագործության վրա,- իր խոսքում ընդգծեց գրականագետ Թ. Մարությանը,- մենք դեռ առնելիք ունենք Այվազյան գրողից, և առավելապես՝ տալիք՝ սկսած այս սրբագործված հողակտորը պահպանելուց մինչև նրա գրական գործի բարձր արժեքայնության գիտակցում, հանրայնացում ու գնահատում: Այվազյանի գրարվեստի հմայքը բազմապատիկ արձագանքներով դեռ պետք է վերադառնա իրեն>>:
Միրհավականները հանդես եկան գրողի հիշատակին նվիրված գեղարվեստական փոքրիկ կոմպոզիցիայով՝ <<Ուզում եմ ծիծեռնակի գալով ես գնամ աշխարհից... >>* խորագրով: Ունկնդիրները մեկ անգամ ևս հաղորդակցվեցին Այվազյանական խոսքի հուզառատ տարերքին, նրա բարձրաթռիչք հոգու իմաստությանը, փիլիսոփայական խորունկ մտածումներին, մարդակերտումի պատգամներին... Հնչեցին նաև Քաջիկ Միքայելյանի բանաստեղծությունները՝ ձոնված ավագ գրչընկերոջը:
Այվազյանի մասին հիշատակի ու գնահատանքի ջերմ խոսք ասաց բանաստեղծ Ապետնակ Գրիգորյանը՝ ընթերցելով արձակագրին նվիրված իր ոգեշունչ ներբողյանը:
Այս տարի գրասեր հասարակությունը նշում է Սուրեն Այվազյանի ծննդյան դարադարձը, որը հրաշալի առիթ է դեպի նրա փառահեղ գրաշխարհը տանող ճանապարհը է՛լ ավելի լայնահուն, ձգողական ու բազմարդյուն դարձնելու համար:
* Հատվածներ ցերեկույթի բեմագրից
***
<<Ասում են՝ երջանիկներն են, որ ժամանակի մասին գաղափար չեն ունենում: Երջանիկ չեն եղել իմ ծնողները, որ չեն հիշել իմ ծննդյան թվականը: Իմ ծնունդը նրանց համար դժբախտություն է եղել: Հայրս շուտ է մեռել և կիսած տառապանքի իր բաժինն էլ թողել է մորս: Մայրս ասում էր. <<Դու որ ծնվեցիր, մեծ կոտորած էր, առուն արցունք էր, առուն արյուն էր>>: Եվ սա էլ իմ ծննդյան վկայականն է>>:
***
<<Ասուր… Սկզբում այդպես փաղաքշանքով նրան կոչում է միայն մայրը: Դա տաք շոր է, մութ խրճիթում լույս է, և տոնական օրերի նվերներ է: Դա և մոր բերանից հնչող բառ է, որ այս տառապանքներով, տագնապներով լցված աշխարհում ոգևորում է մի երեխայի, որին ոչ ոք ոչնչով չի ոգևորում>>.:
***
<<… Ծնվել է հունվարին և միայն մի անգամ է նշվել նրա ծննդյան օրը: Ձյուն էր գալիս, ցուրտ-ցու՜րտ էր: Մայրը գրպանից մի կտոր շաքար հանելով գցում է տղայի բաժակն ու ասում է. <<Քրիստոսի ծննդյան օրն է, և դու ես այս օրերին աշխարհ եկել>> և ձեռքերը կրծքին խաչելով նայում է վերև, տխրության միջից ժպտում ու նորից տխրում: Ասուրը չի էլ իմանում, թե ով է Քրիստոսը, զգում է միայն, որ մայրը իրեն երջանիկ է զգում այն բանի համար, որ Քրիստոսն ու իր որդին նույն օրն են աշխարհ եկել…>>:
***
<<Իսկ իմ մայրը… Արժեր նրա մայրությամբ ապրել՝ թեկուզ մեծ տառապանքներով: Սոված եմ եղել՝ հեքիաթ, մրսել եմ՝ հեքիաթ, մեկն ինձ վիրավորել է՝ հեքիաթ: Եվ ինչպե՜ս էր պատմում… և ինչ ձայնով… Եվ երգում էր տխուր-տխու՜ր, բայց այնպիսի տխրություն էր, որ սկսում էի մտածել և այդ տխրության միջից լավ բաներ էի տեսնում: Նա այդպես տխուր երգի պես էր ասում և մեսրոպյան այբուբենը: Այդ տառերը հնարողի պես նա մի ձեռքը դնում էր կրծքին, հայացքը դարձնում երկնքին ու <<Այբ, բեն, գիմ, դա, եչ, զա>>:
... <<Ու գրել չիմացող իմ մայրը մի օր մտածում է, որ այս աշխարհում ոչինչ չտեսած իր որդին կարող է միշտ չար նայել աշխարհին, ուր ամեն բան չէ, որ վատ է ու ամեն մարդ չէ, որ չար է… <<պետք է սիրել մարդկանց>>,-ասում է մայրս: Ես հարցնում եմ. <<Եվ վատերի՞ն>>: Մայրս ասում է. <<Բարին ջրի պես բան է, կարող է քարը փափկեցնել, կանաչացնել: Դու բարի եղիր: Երբ կմեծանաս և կկարողանաս իսկական չարն ու բարին իրարից ջոկել, նոր կչարանաս չարի դեմ>>:
***
Իր դժբախտ-երջանիկ ծննդյան, մայրական առաջին հորդոր-պատգամի մասին այսպես է հիշում Սուրեն Այվազյանը՝ հայ մեծատաղանդ արձակագիրներից մեկը, ով աչք է բացել Սյունյաց գեղատեսիլ Խնձորեսկում, որտեղ էլ հյուսվել է իր մանկության <<երազանման>> հեքիաթը և տարիների հետ բյուրեղացել էության ծալքերում:
***
<<Գյուղն ինձ համար երազանման մի հեքիաթ էր: Ես այդ գյուղ-հեքիաթի հերոսներից մեկն էի…: Հոգիս խաղաղվում էր, երբ իջնում թի իմ մանկության ձորը: Պատկերացնու՞մ եք ինչ երանություն էր ինձ համար՝ տեսնել իմ հայրական տունը, նրա քարե աստիճանների վրա և հողե հատակին փնտրել մորս ոտնահետքերը, ընբոշխնել մանկության իմ սուրբ կացարանի անմահական բույրը: Մտնում էի կիսախարխուլ մեր տան մուտքից ներս և ինքնամոռաց համբուրում նրա մառնակալած ու մրոտ պատերը: … Հորս տունը, որ նաև իմ ու Սերոգյի տունն էր, պպզել էր գյուղը եզերող մի հսկա քարափի վրա… Ամուսնությունից հետո հայրս չհասցրեց երկար ապրել այդ տանը: Մեզ՝ ինձ ու Սերգոյին պահեց-պահպանեց իմ փոքրամարմին մայրը: Նա չթողեց, որ մենք ընկնենք որբանոցները: Մայրս հաց ու ավետարան դարձավ մեզ համար: Պահա պան հրեշտակի նման մեզ առավ իր փխրուն թևերի տակ, ծառայեց հարուստենրի ամարաթներում, որ մի կտոր հաց ունենանք ու չմեռնենք: Ու էդ քարափին ցցված տունը, որ կոչվում էր Իվազանց Բախշու տուն, մորս շնորհիվ կանգուն մնաց և մենք ապրեցինք ու մեծացանք նրա շնորհիվ… >>:
***
<<Մանուկ Ասուրի համար աշխարհը հավիտենական տանջարան է և զարմանում է, թե ինչու՞ է տանջարան: Ինչու՞ է մեկը մյուսին սպանում, ինչու՞ է մեկին ցուրտը հալածում, մյուսը տաք է հագնվում, ինչու՞ մեկը հայր ունի, մեկը չունի և ինչու՞ են այդքան դաժան հայրերը, որ իրար կոտորում են:
Մի օր նա տուն է մտնում շրթունքները կապտած, արցունքն երեսին սառած:
-Այդ ի՞նչ է պատահել, Ասու՛ր:
-Իմ ոտքերը մրսում են, իսկ Նանումենց Հովհաննեսն իձ ուղարկում է խանութ՝ ծխախոտի...
-Չգնայիր:
-Ի՞նչ,-զարմանում է մոր համարձակությունից: -Չգնամ՝ Հովհաննեսն ինձ կսպանի:
-Չի կարող,-մայրը տաք ափով սրբում է որդու արցունքները:
Վախվորած, մրսած Ասուրը մտնում է մոր ծոցը, կպչում կրծքին և երազում այդպես անբաժան լինել իր մորից, աշխարհում այն միակ հարազատից, որն ասում է. <<Լինում է, չի լինում…>> և դրանից աշխարհը գեղեցկանում է, չքվում է չարը…
-Նանի, մի հեքիաթ...
Եվ խավար խրճիթում լսվում է աշխարհը մի հեքիաթով դրախտ դարձնող մոր ձայնը. <<Լինում է, չի լինում...>>
… երջանիկ քնաթաթախ հառաչում է Ասուրը, երևի նրա համար, որ հեքիաթը կյանք չէ>>:
***
<<Աչքս բաց արի՝ ավերումներ տեսա: Փաղաքուշ խոսքի փոխարեն ականջս կրակոցներ լսեց: Իմ խաղերը հոգսերից էին հորինված: Իմ ապրելը չապրել է եղել…
… Ես չարության միջից ծնված բարություն եմ…>>:
***
<<…Մեռնում է հայրս մեր տան մեջ, և նրա հետ մեռնում է մեր տան կեսը: Մեռնում է մայրս մեր տան մեջ, և նրա հետ մեռնում է մեր ամբողջ տունը: Տանում են մորս, հանելով դռնից, լուսամուտից թռչում է իմ մանկությունը և թաղման թափորի առջևից է գնում: Թաղում են մորս, և նույն գերեզմանում թաղվում է նա՝ իմ մանկությունը:
Տանը ճռռում է դուռը, տանը սգում է վառարանը, համր լալիս են աման-չամանը…>>:
***
<<Դու ինձ համար աշխարհի առաջին տառապյալն էիր, դրա համար էլ քո ձեռքերից ծնվեց աշխարհի առաջին փաղաքշանքը, աշխարհի առաջին մխիթարանքը: Քո ձեռքերը սրբեցին աշխարհի առաջին որբերի արցունքը, քո ձեռքերը, քո ձեռքերը, քո ձեռքերը…>>:
….
- Նանի, ես պիտի կռիվ գնամ:
-Դու այդ լա՞ց ես լինում, նանի՛:
-Հիմա բոլոր մայրերն են լաց լինում, իսկ ես հո լացով եմ աշխարհ եկել:
… Բաժանվում են մայր ու որդի:
Բաժանվում են, և մայրն այն լաց լինող մայրը չէ:
-Գնա, թող մայրդ միայն քո լավը լսի: Թիկունք դարձիր, բայց չպաշտպանվես ընկերոջդ թիկունքում: Ասում են քաջերը մեջքի վրա չեն ընկնում՝ այլ երեսի… Լալկվի մայրդ:
Գնա՛… - և մոր ձեռքը թրի պես բարձրանում, մնում է օդում, մինչև որդին հեռանում է: Հետո գալիս է տուն, դուռը փակում է ու լաց լինում, ինչպես որդուն կռիվ ուղարկած մայրերն են լաց լինում>>:
***
<<Ձյուն է գալիս աշխարհի վրա: Գերմանիայում իր գետնափորի մեջ Ասուր Ազյանը մտածում է, թե ինքն ինչպիսի ցուրտ ժամանակ է աշխարհ եկել… թե տեսնես երբևէ այս քսանյոթ տարվա մեջ պատահե՞լ է, որ հունվարին արև է եղել, և մարդիկ չեն մրսել համատարած ձյուների մեջ: Ինքը այդպիսի օր չի հիշում: Բայց ցրտերի միջից ինքը միշտ արև է տեսել ու ձգտել է նրան՝ չի հասել, չի հուսահատվել…>>:
***
<<… Իմ ապրած ձմեռների մեջ այս ձմեռն ավելի ցրտաշունչ է: Այս ձմռան ես ավելի շատ եմ մտորում գարունների մասին և անցած ձմեռների աղմկոտ ձնհալների: Արևն իմ աչքին ամռավա փայլը չունի, և ես դրա համար խղճում եմ նրան: Ես ամբողջությամբ խիղճ եմ դարձել և անխիղճ բաներ փնտրելով իմ արարքների մեջ տանջվում եմ:
Տարօրինակ բաներ են տեղի ունենում իմ աշխարհում:
Պատերազմը չի վերջանում պատերազմից հետո…>>:
***
<<Միայն, միայն երեք խոսք, որ համաշխարհային լինի: Բարի լույս ասենք իրար, և լույս դառնա լույս աշխարհը: Բարի օր ասենք իրար, որ չքանա չարը, որ մենք միայն բանող լինենք, և միայն բարիք դառնա մեր աշխատանքը: Բարի գիշեր ասենք իրար ու խաղաղ քուն մտնենք, և թեկուզ այդ գիշերն ինձ համար գիշերանա…
--- Մարդի՛կ, թողեք ես միշտ բարի մնամ>>:
***
Սուրեն Այվազյանը՝ որպես գրող, գրողի տեսակ ու մարդկային նկարագիր, գալիս էր մեր պատմության խորքից, երկրի ընդերքից, եղեգան փողից: Այդ իսկ պատճառով միանգամից քայլեց հայ գրականության մայր ճանապարհի իրեն վիճակված տարածությունը և այն կենդանացրեց հրաշալի ստեղծագործություններով՝ պատմվածքներով, վիպակներով ու վեպերով՝ <<Անավարտ գորգը>>, <<Խորաձորցիք>>, <<Լեռնցիներ>>, <<Տուր ձեռքդ, կյանք>>, <<Անշեջ կրակների կղզին>>, <<Բարի առավոտ>>, <<Ճակատագիրն հայոց>>, <<Բարձունքի վրա>>, <<Կա և հետմահու կյանք>>, <<Առավոտ լուսո>>, <<Խնձորեսկ>>, <<Ասուր, հե՜յ Ասուր>>….
***
Սուրեն Այվազյանի ստեղծագործությունը ծայրից ծայր լիքն է կյանքով: Նա կյանքն է գրում... Գրական ազդակները ըստ էության գալիս են մանկության տարիների դիտում-կուտակումներից: Այդ տարիներին են ձևավորվել գրողի աշխարհաճանաչողության պաշարները: Հայրենի եզերքը դարձավ գրողի գրական երևակայությունը սնուցող աղբյուրը…
***
<<Ուր էլ լինեի, ուր էլ գնայի, գյուղը միշտ մտքիս մեջ էր: Անտեսանելի, անշոշափելի մի զգացում ինձ ստիպում էր, որ ես լինեի իմ մանկության եզերքներում: Աշխարհում բոլոր երկինքները երկինքներ էին, բայց մեր երկինքն ուրիշ էր: Եվ գույնն էր ուրիշ, և տեսքը: Ուրիշ երկինքները կիլոմետրերով հեռու էին ինձնից, իսկ իմ ծննդավայրի երկինքը ոնց որ գլխարկ լիներ գլխիս դրված: Մեր լեռներն ու սարերը ոնց որ ընկերներս լինեինª թիկունքիս կանգնած, ժպիտը դեմքներին, ինձ իրենց գիրկը հրավիրելիս: Մեր բոլոր աղբյուրներն ու առվակները կարկաչյունով գալիս խառնվում էին հոգուս երգի հետ, սրտիս հով ու զով էին բերում, ներսս ողողում երանավետ խնդության ցոլքերով: Իմ ծննդավայր գյուղում աշխարհի բոլոր հոգսերը մոռանում էի, դառնում ողջ երկրագնդի տերն ու տիրակալը: Ես դրախտի գոյությանը հավատում էի իմ ծննդավայրում: Աշխարհի բոլոր տեսարժան վայրերը տանող ուղիները սկսվում էին իմ հարազատ գյուղի նեղ արահետներից>>…
***
<<Իմ գյուղը էս է՝ հինն ու անցածը: Իմ գյուղը ես եմ ու իմ ընկերները:
Իմ գյուղը իմ ավագ եղբայր Սերգոն է, միշտ կյանքից ու ինձնից դժգոհ այն մարդը, որ կյանքի չափ սիրում էր ինձ, բայց ցույց չէր տալիս:
Իմ գյուղը իմ գրքերի մեջ ամփոփված հասարակ մարդկանց այն կերպարներն են, առանց որոնց թերի կլիներ այս աշխարհը:
Իմ գյուղն այն սիրելի հողն ու հողակտորն է, առանց որի անիմաստ կլիներ իմ և իմ ստեղծագործությունների գոյությունը>>:
***
<<Ծնվել եմ Հայաստան երկրի հեռավոր մի գյուղում: Հայրս շուտ է մահացել: Ես որբ եմ մեծացել, ու ոչ ոք չի ասել.
-Ես քեզ սիրում եմ:
Մայրս լվացք անելով է մեծացրել ինձ: Ես ոտաբոբիկ եմ գնացել դպրոց ու ոչ ոք ինձ չի ասել.
-Ես քեզ սիրում եմ:
Գրքեր եմ գրել մի քանի ու սիրել եմ անսահման իմ գրքերի հերոսներին, բայց նրանցից և ոչ մեկը ինձ չի ասել.
-Ես քեզ սիրում եմ:
Քանի-քանի անգամ եմ կանգնել իմ հայրենի գյուղի ժայռակոփ վիհերի ու անդունդների վրա ու գոչել ամբողջ ձայնով.
Լեռներ իմ հայրենի, ձորեր իմ հարազատ, սարեր իմ վեհ ու վսեմ, ես սիրում եմ ձեզ:
Միայն սարերը, միայն ձորերն են արձագանքել ինձ.
Մենք քեզ սիրում ենք...>>:
***
<<Ուզում եմ ծիծեռնակի գալով ես գնամ…
Ծիծեռնակի երգով են ծաղիկները բացվում, և արևը պայծառ է նայում աշխարհին: Ուզում եմ շունչս մարի առաջին ծիծեռնակի կանչով, որ ես այդ կանչը ինձ հետ տանեմ հողին ու մի ծիլ դարձած դուրս գամ, ողջունեմ գարունն աշխարհի:
Ողջունեմ գարունն աշխարհի, ա՜խ, գիտեք, թե որտեղից. Հողով լցված հրացանի փողից:
Ուզում եմ ծիծեռնակի գալով ես գնամ աշխարհից>>:
***
<<Գարնան առաջին որոտից հողը գիրկ բաց աներ ինձ համար: Առաջին անձրևը կաթկթեր նախահղիացման կրքից տաքացած հողի վրա: Ինձ հողի գիրկը դնեին այդ պահին: Հողի ծոցում ես զգայի անձրևի տարափի հետ հեռացող մի որոտ, իմ խոր-խորունկ քունը զգայի և քո ձայնը, որ դու կաս, որ դու կլինես>>:
***
<<Իմ մեջ աստվածներ են ապրում, և ես հարատև ու հաճելի վիճաբանությունների մեջ եմ այդ աստվածների հետ: Այն աստվածը, որ բացահայտվում է՝ մեռնում է իմ մեջ: Այսպես աստվածներ թաղելով, ես մոտենում եմ իմ վախճանին, որ անիմաստ պիտի լիներ, եթե չունենայի իմ աստվածների աստվածը, որ բացահայտվելով ավելի է աստվածանում: Զգալով նրա հավիտենականությունը, ես իմ մահն ընդունում եմ որպես անմահություն>>:
***
<<Հիմա ես քայլում եմ շուտ հեռացողի դանդաղ քայլերով: Լինում են մարդիկ, որ դեմքներին բարի-բարություն դնելով ողջունում-անցնում են: Անծանոթ մարդկանց այդ ողջույններից տաքանում է սիրտս, և օրս լցվում է բարությամբ:
-Միշտ բարով մնաք, բարի մարդիկ>>:
Հատվածները քաղաբերված են Սուրեն Այվազյանի <<Կա և հետմահու կյանք>>, <<Ասուր, հեյ, Ասուր>>, <<Տուր ձեռքդ, կյանք>> գրքերից, ինչպես նաև Ա.Ծատուրյանի <<Մեր Այվազյանը>> գրքից:
Комментариев нет:
Отправить комментарий