21.05.2015

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ (լուսանկարներ)

Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերասի ընթացքում մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից ամեն տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, 2005 թվականից՝ նաև Հայաստանը: 
Առաջին իսկ տարվանից տոնը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Արդեն 11 տարի արվեստասեր հասարակությունը ոգևորությամբ է սպասում <<Թանգարանների գիշեր>> ծրագրի շրջանակում իրականացվող ձեռնարկումներին՝ ակնկալելով նախորդ տարիների միջոցառումներին գերազանցող նոր իրադարձություններ: <<Թանգարանների գիշեր>>-ի շնորհիվ մեր մշակութային օջախներն ավելի մոտեցան հանրությանը, դարձան մտերմիկ ու անկաշկանդ շփումների, մեր ազգային արժեքներին հաղորդակցվելու հարազատ վայր: 
2015-ին <<Թանգարանների գիշեր>> միջոցառումը նշվեց մայիսի 16-ին, իսկ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին: ԻԿՕՄ-ի կողմից որպես Թանգարանների միջազգային օրվա նշանաբան էր ընտրվել <<Թանգարանները հանուն կայուն հասարակության>> խորագիրը:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թվով 111 թանգարաններ միացել էին համաեվրոպական այդ ձեռնարկմանը: Թանգարանները հյուրընկալեցին հազարավոր այցելուների՝ նրանց պարգևելով մշակութային նոր լիցքեր ու դրական զգացողություններ: 
ՀՀ Մշակույթի նախարարության առաջարկությամբ այս տարի Հայաստանում Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն անցկացվեցին <<Թանգարաններ. Հիշողության վկաներ>> խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Տոնի առթիվ Ակսել Բակունցի տուն-թանգարանի <<Միրհավ>> գրական ակումբը հանդես եկավ ինքնատիպ նախաձեռնություններով՝ փորձելով առավել հետաքրքիր դարձնել այցելուների երեկոն և ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ: 
Թանգարան էին այցելել Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, քաղաքապետարանի աշխատակիցներ, կրթական, մշակութային, ստեղծագործական կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ մշակութասերներ: 
<<Թանգարանը՝ կամուրջ և հիշողություն>> խորագիրը կրող միջոցառումների շարքը սկսվեց ինքնատիպ ձեռնարկումով՝ թանգարանի այգում չորացած հաստաբուն ծառի վրա Բակունցի հերոսներից Դիլան դայու դեկորատիվ քանդակի բացման արարողությամբ: Քանդակի մտահղացումը թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանինն է, հեղինակը՝ ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը: Այնուհետև <<Միրհավ>> գրական ակումբի աշակերտական թիմը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ <<Չմոռանաս ինձ, ես քո տունն եմ>> խորագրով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի դարալիցին: 
Այցելուներին մեծ հետաքրքրություն պատճառեց թանգարանի մի նորահայտ ցուցանմուշի՝ Բակունցի այգեգործական սրսկիչի ցուցադրությունը և դրա հետ կապված պատմությունը, որ ներկայացրեց թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը: Բակունցը, որպես հմուտ ու ճանաչված գյուղատնտես, մեծապես նպաստել է մեր շրջանում այգեգործական մշակույթի ձևավորմանն ու տարածմանը: Ցուցադրվող այգեգործական իրը, որի գործածության մշակույթը հենց Բակունցն է տարածել Գորիսի շրջանում, երկար տարիներ պահվում էր Բակունցների տան վաճառված մասի նկուղում: 
Միջոցառումների շարքում նախատեսված էին նաև բեմական ընթերցումներ կեսդարյա պատմություն ունեցող հիշողության վկայի՝ Բակունցի տուն-թանգարանի հուշամատյանի գրառումներից, որոնք լուսավոր մտքի կամուրջ են սերունդների միջև: 
Երեկոն շարունակվեց Բակունցների հնաբույր ինքնաեռի շուրջ ավանդական թեյախմությամբ՝ համեմված գործիքային երաժշտության (շվի, դուդուկ, կիթառ, կլարնետ) կենդանի կատարումներով, որոնք հյուրերին մատուցեցին Վերիշենի միջնակարգ և Գորիսի թիվ 2 դպրոցի շնորհաշատ սաները: Հնչեց նաև Կոմիտաս: 
Մինչև կեսգիշեր այցելուների հոսքը թանգարան չէր դադարում: 
Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումները Ակսել Բակունցի տուն-թանգարանում շարունակվեցին մայիսի 18-ին՝ <<Միրհավ>> ակումբի նախաձեռնած <<Եղեռնապատումը հայ գրականության մեջ>> խորագրով գիտական ընթերցումների անցկացմամբ: Հանդիպմանը նախախոսք ասաց թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը՝ անդրադառնալով Ակսել Բակունցի <<Ծիրանի փողը>> պատմվածքին, որ դարձել է հայրենիքի անկորնչելի հիշողության հազարամյա խորհրդանշան: <<Միրհավ>> ակումբի անդամները անդրադարձ կատարեցին խնդրադիր թեմայի շրջանակում քիչ հայտնի գործերին*, որոնց թվում՝ սփյուռքահայ նշանավոր արձակագիր Սիմոն Սիմոնյանի <<Լեռնականներու վերջալույսը>> և <<Սիփանա քաջեր>> ժողովածուներին (զեկ.՝ Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոցենտ), Անդրանիկ Ծառուկյանի <<Սերը Եղեռնին մեջ>> վեպին(զեկ.՝ Լիլիթ Թունյան, բ.գ.թ), <<Մանկություն չունեցող մարդիկ>> վեպին (զեկ.՝ Արուս Հայրապետյան), Սերո Խանզադյանի <<Վեց գիշեր>> վիպակին (զեկ.՝ Լիլիթ Մովսիսյան), Երվան Օտյանի <<Թիվ 17 խաֆիեն>> կոթողային վեպին (զեկ.՝ Անուշ Էյլազյան), Հակոբ Կարապենցի <<Նոր աշխարհի հին սերմնացանները>> պատմվածաշարին (զեկ.՝ Անի Մկրտչյան), ինչպես նաև Նորայր Ադալյանի <<Սև քառակուսի կարմիր անապատում>> երկին (զեկ.՝ Գոհար Հովսեփյան): 
Ներկաները կարևորեցին գիտական այդօրինակ ընթերցումների անցկացումը թանգարանում, վկայեցին նյութերի բացառիկ ընտրության և բարձրարվեստ մատուցման մասին: 
Ակսել Բակունցի տուն-թանգարանում կազմակերպված բազմաբովանդակ միջոցառումների նպատակն էր՝ վերաարժևորել մեր գրական-մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային հուզառատ մթնոլորտ: 
Նորից միասին թերթեցինք մեր պատմության մատյանը, կանգ առանք սրբագործված էջերի վրա, որոնք մեզ ներշնչում են կյանքին կառչել, ապրել ու արարել այսօրվա ու գալիքի համար: 

ԱՐՈՒՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


* Գիտական ընթերցումների նյութերը կհրապարակվեն <<Միրհավ>>-ի պաշտոնական կայքում:










































Комментариев нет:

Отправить комментарий