10.01.2016

ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ. հուշի պատառիկներ

Գորիսի կուսշրջկոմի նիստերի դահլիճում հանդիպում էր կազմակերպվել հայրենակից գրող Սուրեն Այվազյանի հետ: Թեման հայ գյուղաշխարհը պատկերող նրա ստեղծագործություններն էին: Մասնակիցներից շատերը ոչ միայն ծանոթ ու մտերիմ էին անվանի գրողի հետ, այլև ճանաչում էին նրա ստեղծագործությունների շատ ու շատ հերոսների, ուստի բնական էր, որ քննարկումը երկար տևեց: Արդեն մութ էր, երբ ավարտվեց:
Ս.Այվազյանը շնորհակալություն հայտնեց մեզ՝ միջոցառումը կազմակերպողներիս, գրքեր նվիրեց և բոլորի հետ դուրս եկավ դահլիճից: 
Նոր էի հասել տուն, երբ դուռը ծեծեցին: Բացեցի: Ս.Այվազյանն էր՝ հուզված ու այլայլված: 
-Ի՞նչ է պատահել,-հարցրեցի զարմացած:
-Մատանիս եմ կորցրել: Մորս հիշատակն էր, իսկ մայրս ծանր հիվանդ է, պառկած է անգիտակից, ապրելու ոչ մի հույս... Իսկ ես կորցրել եմ նրա հիշատակը: Այդ մատանին մայրս կոպեկ-կոպեկ հավաքելով է գնել ու նվիրել ինձ: Այն սրբություն է ինձ համար, ավելի լավ է ինքս մեռնեի, քան կորցնեի մորս հիշատակը:

Ով (թեկուզ նրա գրքերից) գիտի Այվազյանի մոր ապրած ահավոր ծանր կյանքի պատմությունը և գրողի՝ ինքնամոռացության հասնող մայրապաշտությունը, լիովին կհասկանա նրա հոգեվիճակը: 
-Ի՞նչ անել, որտե՞ղ որոնել, որտեղի՞ց գտնել մատանին:
Զանգահարեցի մեր գրադարանի աշխատակիցներից մեկին՝ Ժենյա Բեգլարյանին, պատմեցի եղելությունը և խնդրեցի, որ ամուսնու հետ իջնի կուսշրջկոմի մոտ ու սպասի մեզ: Ես, ամուսինս ու Սուրեն Այվազյանն էլ իջանք, թեև ոչ մի հույս չունեինք մատանին գտնելու: 
Ձմռան օր էր: Եղանակն՝ անտանելի: Շենքի մոտ այնքան մարդ էր կոխկրտել ձյունը, որ ցեխաջուր էր հոսում: Պահակի հետ մտանք դահլիճ ու վեց հոգով սկսեցինք որոնել. տակն ու վրա արեցինք բեմը, դահլիճը, նայեցինք ամեն մի անկյուն, չկար ու չկար: Պահակն ասաց, որ գուցե մեքենայի մեջ է ընկել, որով հանդիպման էր եկել Ս.Այվազյանը: Այվազյանն առարկում էր՝ ասելով, որ ինքը լավ հիշում է, որ բեմում նստած ժամանակ մատանին մատին է եղել: Այնուամենայնիվ, ես ու Ժենյան գնացինք վարորդի տուն, իսկ մյուսները դուրս եկան շենքի մոտ ու ձյան ու սառցաջրերի մեջ սկսեցին որոնել մատանին: 
Ծեծեցինք վարորդի դարպասը: Դժգոհ մեկը բացեց: Խնդրեցինք կանչել վարորդին: Վարորդը եկավ և սկսեցինք ստուգել մեքենայի ներսը: Չկար: Նա մեզ մեքենայով հետ տարավ: Նրանք շարունակում էին որոնումները: Դեռ չէինք հասցրել մոտենալ իրենց, երբ լսեցինք Սուրեն Այվազյանի ճիչը.
-Գտա՜...
Ա՜յ քեզ հրաշք, ձյուների մեջ որոնելով, մատանին մտել էր մատը, և ա՛յն մատը, որին դրված էր լինում միշտ...
Զարմանքից կարկամած՝ իրար էինք նայում, բայց միևնույն է, հրաշքը կատարված էր: Այվազյանը ցնծում էր...
Անցան  տարիներ:
Գորիսի մանկավարժական ինստիտուտում պետք է նշեինք Սուրեն Այվազյանի ծննդյան 60-ամյակը: Որոշեցինք նրան նվիրել հանրապետության անվանի նկարիչներից մեկի՝ Գուրոսի նկարներից, որ պահվում էր որդու՝ նույնպես տաղանդավոր նկարիչ Գևորգ(Ժորա) Պարոնյանի գորիսյան տանը:
Ընտրեցինք Ս.Այվազյանի ծննդավայրը՝ հին Խնձորեսկը պատկերող մի նկար և միջոցառումից հետո նվիրեցինք իրեն:
Նկարը ձեռքին՝ միանգամից փղձկաց: Արցունքները գլո՜ր-գլո՜ր սահեցին այտերի վրայով: 
Դարձյալ պատահեց անսպասելին: Ավերակված հին Խնձորեսկի ֆոնի վրա երևացող միակ տունը Սուրեն Այվազյանի իսկապես միակ կանգուն մնացած հայրական տունն էր...

Նինա Հովսեփյան, Հոդվածներ, հուշեր, հրապարակումներ, Ե., 2007:

Комментариев нет:

Отправить комментарий