26.11.2015

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ. ԳՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտ Իսաջանյանի անվան շուրջ գրական ու մերձգրական շրջանակներում ամենաշատ հետաքրքրություն առաջ բերած հարցը Իսաջանյան-Պարույր Սևակ առնչությունն է: Նրանք ծանոթացել էին 1964 թվականին, երբ Սևակը գրողների մի խմբի հետ (Բաղիշ Հովսեփյան, Արտաշես Քալանթարյան) եկել էր Գորիս: Այդ մասին վկայել է Նինա Հովսեփյանը Պարույր Սևակի մասին հուշագրության մեջ: Սևակի գալստյան առթիվ Ն.Հովսեփյանը երեկույթ է կազմակերպում, որի ընթացքում դպրոցահասակ մի աղջիկ, «հուզված ու մի քիչ էլ վախվորած», պատվելի հյուրի համար արտասանում է Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները: Աղջնակը բանաստեղծի քույրն էր՝ Լորետտա Գրիգորյանը, որ տարիներ անց արդեն սրտի թրթիռով պիտի շարադրեր իր հուշերը ճակատագրական երեկոյի մասին, հիշեր իր ընթերցած բանաստեղծությունների՝ Սևակի հուզաշխարհի վրա թողած խոր տպավորությունը, որն էլ ազդակ եղավ մի հրաշալի գրական բարեկամության ձևավորման համար:
Լորետտան նաև Նինա Հովսեփյանի ղեկավարությամբ գործող «Միրհավ» գրական խմբակի ակտիվ անդամներից էր: «Առաջին անգամ Սևակին հանդիպել եմ,-պատմում է հուշագիրը,-երբ դեռատի մի աղջնակ էի, իր խոսքերով ասած՝ «Լորիկ-բալիկ»: Դպրոցում էի, տասներորդ դասարանում: Ավագ ջոկատավարը դասամիջոցին մտավ դասարան և, դիմելով ինձ, ասաց. «Քաղաքային գրադարանից քեզ շտապ կանչում են»: Հասկացա, որ Նինա Հովսեփյանն է կանչում, որը գրադարանի վարիչն էր և միաժամանակ «Միրհավ» գրական խմբակի ստեղծողն ու ղեկավարը: «Միրհավ»-ը, որ ստեղծվել էր գրականության մեջ Ակսել Բակունցին վերականգնելու առթիվ, արդեն գրական ճանաչված խմբակ էր հանրապետությունում, համահայաստանյան երկրորդ փառատոնի դափնեկիր, բազմաթիվ մեդալների ու մրցանակների արժանացած խումբ: Մենք բոլորս էլ պարծենում էինք, որ «Միրհավ» գրական խմբակի անդամ ենք: Երբ մտա գրադարան, ընկ. Հովսեփյանն ասաց, որ Սևակը Գորիս է գալու և պետք է հանդիպում ունենա երիտասարդության, նաև գրական խմբակի անդամների հետ, և ներկայացրեց մի մեծ ծրագիր:
-Այսքանը մեկ օրու՞մ ... ինչպե՞ս կարող ենք:
-Կարո՛ղ ենք, իհարկե, կարող ենք, բա էլ ի՞նչ «Միրհավ», որ թռիչք չունենա...
…. Սովորաբար գրական երեկոների մեծ մասը վարում էի ես: Այս անգամ էլ պետք է վարեի ինքս: Գործի անցա: Դժվարությունները շատ չէին: Միրհավցիները անգիր գիտեին Սևակին, կարդացել էին նրա գործերը և, ինչպես միշտ, պատրաստ էին նորից անակնկալի բերելու հանդիսատեսին: Դա՝ վաղը: Իսկ այսօր ընկ. Հովսեփյանը հրավիրեց ինձ մասնակցելու Սևակի պատվին տրվող ճաշկերույթին:
Ես արտասանում էի «Զանգակատնից» և զգում էի, որ տպավորություն եմ թողնում Սևակի վրա: Չեմ կարող մոռանալ Սևակի հուզմունքը ոչ միայն այն պահին, երբ Բաղիշ Հովսեփյանը Կոմիտաս էր երգում, այլև երբ ես արտասանում էի եղբորս բանաստեղծությունները: Նա ստիպում էր, որ կրկնեմ կարդացածս, կարդամ նորերը: Ամեն երգի, ամեն արտասանության ժամանակ նրա աչքերից արցունքներ էին հոսում: 
Հաջորդ օրը Սևակը, Բաղիշ Հովսեփյանը, Արտաշես Քալանթարյանը Նինա Հովսեփյանի ուղեկցությամբ եկան մեր տուն՝ Ալբերտի մոտ: 
… Սևակի հետ հանդիպման օրը նրա կյանքի ամենալուսավոր, հազվադեպ օրերից մեկն էր: Պարույրը համբուրեց մորս ձեռքը, հուզվեց և ասաց.
-Հիանալի զավակներ ունեք, Ալբերտը նշանավոր բանաստեղծ կարող է դառնալ, իսկ Լորիկ-բալիկը՝ հիանալի ասմունքող: Միայն ժամանակ է պետք»:
Նույն դրվագները գեղեցիկ հուշապատկերով է ներկայացրել նաև Ն.Հովսեփյանը: Երբ Լորետտան արտասանում էր եղբոր բանաստեղծությունները, ինքը Պարույրին պատմում է Ալբերտ Իսաջանյանի մասին՝ «անկողնային հիվանդ է, անշարժ, 10 տարի է…»: «Ցնցվեց: Ինչպե՞ս թե: Սա սքանչելի բանաստեղծություն է, իսկական բանաստեղծություն: Մի՞թե այդպես անհուսալի հիվանդ է այս բանաստեղծության հեղինակը: Անկարելի է,- գոչեց Պարույրը,- նա առողջ է բոլոր առողջներիցս: Առողջ է մտքով, հոգով: Վեր կացեք, գնում ենք նրա մոտ»: 
Քանի որ գիշեր էր, բանաստեղծին դժվարությաբ համոզում են հրաժարվել այդ ժամին Ալբերտի տուն գնալու որոշումից, փոխարենը Պարույրը գիշերվա ժամը երեքին Ալբերտի հետ «ծանոթանում է» հեռախոսով:
1964 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի է ունենում Ալբերտ Իսաջանյանի և Պարույր Սևակի  հանդիպումը: Նինա Հովսեփյանի վկայությամբ՝ Ալբերտի հետ ծանոթությունը տիրական ազդեցություն է թողնում Սևակի հոգեաշխարհի վրա, իսկ Ալբերտի համար Սևակը դառնում է պաշտանմունք, գրական ճակատագիր: 
Գնալով նրանց ծանոթությունը ավելի է ամրապնդվում նոր հանդիպումներով Երևանում, ուղեկցվում փոխադարձ վստահության ազնիվ զգացումով, հաստատվում ջերմ նամակագրությամբ: 
Ցավոք, Ալբերտ Իսաջանյանի արխիվում չեն պահպանվել Սևակից ստացած նամակները (տևական փնտրտուքները՝ հայտնաբերելու դրանք, ապարդյուն էին): Միայն մեկ նամակ ու փոքրիկ գրություն մեզ փոխանցեց բանաստեղծի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Նամակը գրված է հապճեպ՝ «Հայաստանի սովետական գրողների միության վարչության քարտուղար» պաշտոնաթղթի վրա՝ թվագրված 15.11.1968թ.: «Ալբերտ ջան: Իսկույն ևեթ խոսեցի գործերիդ մասին: Տպագրում են վիպակդ, որ շատ են հավանել և ասում են, որ այդ մասին արդեն գրել են քեզ: Ուրեմն կարող ես չանհանգստանալ: Բանաստեղծություններդ, չգիտեմ ինչու, ավելի պակաս են հավանել, բայց դե կարևորություն մի տուր դրան: Ժողովածուդ թարմացնելով փոքր-ինչ̀ կտպես հաջորդ անգամ: Անտանելի զբաղված եմ, ուստի և կարճ եմ կապում:
Հետևիր առողջությանդ և պայծառ մնա, սիրելիս: Համբուրում եմ քեզ: Քո̀ Պարույր: 15.XI.68 Երևան: Հ.Գ. Խմբագիրդ է Վոլոդյա Դանիելյանը: Խելոք տղա է, եթե դժվարությունների հանդիպես, ձայն տուր, սիրով կօգնեմ: Պ.»: Գրությունն անթվակիր նամակի պատառիկ է, որում Սևակը դարձյալ ակնարկում է Իսաջանյանի՝ լույս տեսնելիք գրքի մասին. «… երկու տողով հիշեցնես ինձ, երբ որ գրքույկիդ լույս տեսնելն իմանաս: Փաստաթղթերդ ետ եմ ուղարկում: Համբուրում եմ քեզ, մայրիկիդ ձեռքը,քույրիկիդ ճակատը: Պինդ մնա, սիրելիս: Քո̀ Պարույր»: 
Նամակում Սևակը ակնարկում է Իսաջանյանի «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել» վիպակի մասին, որը լույս է տեսել 1971 թվականին: Պարզ է, որ Սևակը հետաքրքրվել է վիպակի տպագրության հանգամանքներով և տեղյակ պահել Իսաջանյանին: 1965-ին արդեն լույս էր տեսել Իսաջանյանի «Ծաղկե կամուրջ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, և ենթադրելի է, որ Սևակը նամակում ակնարկում է 1977 թվականին լույս տեսած «Ծաղիկ իմ հեռավոր» բանաստեղծական ժողովածուի մասին: Օժտված բանաստեղծի, արձակագրի ստեղծագործական ճակատագրով մտահոգ՝ Պարույր Սևակը ամեն կերպ օգնել է նրան ինքնահաստատվել գրական կյանքում, ներկայանալ գրական հանրությանը: 
Իսկ թե փոխադարձ նամակագրության միջոցով ուրիշ ինչ հարցերի շուրջ կարող էին զրուցել բարեկամները, առանց փաստերի դժվար է կոնկրետ դատողություններ անել. այդ պատճառով դիմել ենք բանավոր վկայությունների ու գրողի օրագրի օգնությանը:
Ծանոթության օրն ուրախությամբ իրազեկվելով, որ Ալբերտը մեքենայով երբեմն շրջագայում է, Սևակը խնդրում է նրան գալ իր տուն՝ Չանախչի: Եվ Ալբերտը գնում է Չանախչի յոթ տարի անց՝ ցավոք, մասնակցելու Պարույր Սևակի հուղարկավորությանը …
Կորստի ցավից էլ ծնվում է Իսաջանյանի հուզառատ բանաստեղծություններից մեկը՝ նվիրված մեծատաղանդ բանաստեղծին ու հոգեկից ընկերոջը:

Ասացիր՝ ե՞րբ ես գալու իմ տունը,
Ասացիր՝ կգաս պատեհ-անպատեհ,
Քնած կլինեմ, թե հարբած՝ կգաս,
Ցավիդ դեմ ի՞նչ են փառքս, անունս:

Ասում եմ՝ եկա, ետ տար դռներդ,
Ճաք տված հողիդ վրայով արի
Եվ պարզիր, զուլա՛լ,
Եվ պարզիր, անդիրտ
Ճաք տված ճամփիս արդար կոներդ:

Եկ, անծանոթ եմ... ու սիրտս էրած
Չի հաշտվում ախար քո լռության հետ,
Այս բազմության մեջ
Դու իմ միակը,
Մեն-մտերիմը ու դու էլ՝ մեռա՜ծ...

Ու որբությունս ծորում է հողիդ,-
Ես ուրիշ հողում ասելիք չունեմ,
Հիմա ճիշտ-ճշգրիտ, հիմա արդարև
Նման է, Պարու՛յր, իմ ցավը քոնին:

Հոգևոր հարազատությունից ու գրական զրույցներից ծնված քնարական մի գողտրիկ պատկեր է նաև Սևակին նվիրված Իսաջանյանի երկրորդ բանաստեղծությունը, որն անտիպ է:

ՍԵՎԱԿԸ

- Կա՞ բանաստեղծություն.
Համարիր, որ չկա.-
Ասում էր Սևակը,-
Եվ ամայության մեջ

Աստըծո օրհնությամբ
Քեզ տրվածն հորինիր:
Սխրանքի հանդիման
Միայնակ ու անտեր՝

Մի գիշեր մեղմորեն
Ասում էր Սևակը: -
Եվ փայլեցնում էր
Աչքերի մեջ փխրուն

Երկնային կըրակը,
Եվ կծկվում էր.- 
Մանուկ էր Սևակը,-
Գորշ վերարկուի մեջ: 

Սևակի ու Իսաջանյանի գրական մտերմությունը Սևակի եղերական մահով չի ավարտվում: Սևակը միշտ եղել է Ալբերտի հետ, նրա ամենաթանկ հիշողություններում ու ստեղծագործական ներշնչանքներում: Բանաստեղծի օրագրային էջերը լի են Սևակի մասին  հուզիչ գրառումներով:
Իսաջանյանը գրեթե ամեն տարի բանաստեղծի ծննդյան ու մահվան օրերին եղել է Սովետաշենում (Զանգակատուն), մասնակցել հիշատակի արարողություններին և այդ այցերի մասին թողել սրտառուչ տողեր…

Հունվար 27, 1977 թ.
«Երեկ Սովետաշենում՝ Պ. Սևակի ծննդյան տարեդարձի առթիվ, Նինայի և …../անընթ./-ի հետ միասին: Նինայի արտասուքը, որը չի վերջանում, այս էլ քանի՜ տարի է չի վերջանում և կվերջանա՞ երբևէ: Սևակի հարազատները՝ամեն մեկը մի գյուղացի, պարզ և ինքնատիպ, քեռին, որ բանաստեղծություններ էր արտասանում և կառուցել էր Սևակի տունը՝ անշպար ու սիրելի, պարզ ու հայկական: Հայրը, որը չորացել է ձեռքերով ու հիշողությամբ, իսկ մայրը մի տարի առաջ մահացել է, թաղված է Պարույրի ու Նելլի գերեզմանից հեռու, որ կարծես ընդունակ չէ նույնիսկ ձայն հանելու: Քույրերը, որոնցից ոչ մեկը նման չէ Սևակին, մինչևիսկ հայրը, մորաքրոջ տղան, որը վերադառնալիս ինձ նվիրեց Սևակի դիմանկարով կրծքանշանը. հիմա այն ինձ մոտ է...
-Սևակ, զգացված եմ, ասացի ես:
Մտածում եմ, որ երբևէ պետք է սկսեմ վեպը կամ, չգիտեմ՝ ինչ անուն տամ, երբևէ պետք է սկսեմ գրել այդ անանուն բանը, որը խլրտում է ինձանում... »:

Այս գրառումը հետաքրքրական տեղեկություն է հաղորդում. Իսաջանյանը հոգեպահանջ է զգացել Սևակին նվիրված լայնակտավ գրական երկ ստեղծել, որն այդպես էլ չի իրագործել: 

Հունիս 16, 1976
«Վաղը շուտ պիտի գնամ Սովետաշեն՝ Նինայի հետ, Պարույր Սևակի մահվան տարելիցին: Այսօր /անընթ./ ասաց, որ արդեն 5 տարի է, ե՞րբ անցավ…»: 

Հունիսի 17, 76
«Սովետաշեն չեմ գնացել: Գիշերը մղձավանջ էր, քնել եմ մի երեք ժամ, քեզ չեմ ուզում հիշել, բայց ուղեղս քայքայվել է…
... Չեմ աշխատել, եթե չհաշվեմ խզբզված մի քանի տողը, որը գուցե և չպահպանվի: Այսօր Պ.Սևակի մահվան տարելիցն է, որքան հիշում եմ՝ առաջին անգամ չեմ գնացել: Ներիր, Պարույր…»

Հուսանք, որ Իսաջանյանին Սևակի հասցեագրած նամակները, ի վերջո, կհայտնաբերվեն ու կվերադարձվեն արխիվ: Իսկ բացված ծրարներն, անշուշտ, շատ հարցերի կպատասխանեն և արժեքավոր հավելումներով կամբողջացնեն գրական ու մարդկային այս ինքնատիպ բարեկամության պատմությունը:

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ





Комментариев нет:

Отправить комментарий