11.07.2015

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Բացվում են անհայտ էջերը. բաց նամակ Նաիրի Զարյանին

Ապրելով մայրաքաղաքում՝ Սերո Խանզադյանը միշտ իրազեկ է եղել ծննդավայր Գորիսում կատարվող իրադարձություններին: Հատկապես կապված էր Սյունիքի գրողների միավորման և նրա <<Սյունիք>> թերթի խմբագրության հետ, որը հիմնադրվել էր 1990թ. և դժվարին պայմաններում հրապարակվել գրեթե չորս տարի: Պարբերականում տպագրվել են Ս.Խանզադյանի մի շարք անտիպ գործեր, նրան նվիրված հոդվածներ: 
Թերթի 1993 թվականի թիվ 3(39)-ում տպագրվեց Ս.Խանզադյանի անտիպ նամակներից մեկը՝ <<Բաց նամակ ընկեր Նաիրի Զարյանին>> վերնագրով՝ <<Բացվում են անհայտ էջերը>> ընդհանուր խորագրի տակ: Նամակը Խանզադյանը գրել է 1967-ին, որը, սակայն, չի հրապարակվել:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ 

Հարգելի ընկ.Նաիրի
Ձեր <<Մթնոլորտային մտորումներ>> հոդվածում(<<Սովետական գրականություն>>, թիվ 4, 1967թ.), որը գրողների համագումարում արտասանած ձեր ճառի նոր խմբագրությունն է, դուք վնասաբեր եղբայրության, միավորում, խումբ-խմբավորում եք հայտնագործում մեր սովետահայ գրականության մեջ, ապա տագնապով գոչում. <<Եղբայրությունը>> իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս>>: Ապա շարունակում եք. <<Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է... Անհատի պաշտամունքը փոխարինում է անհատների պաշտամունքին>>: 
Այս ի՞նչ հարայ-հրոց է, ընկեր Նաիրի, ի՞նչ տագնապ: Այս ի՞նչ վտանգ է, որ ձեր ասելով՝ <<Բոլորն էլ գիտեն, որ եղբայրական մթնոլորտը մեզ խանգարում է ճիշտ գնահատել մեր գրական արժեքները և ստեղծել առաջընթացի համար նպաստավոր պայմաններ: Բոլորն էլ գիտեն, բայց հրապարակավ չեն ասում>>: Վախկոտների այս ի՞նչ խումբ եք հայտնագործել դուք: <<Չեն ասում,-շարունակում եք դուք,-որովհետև, ինչպես Գերցենն է գրել, բոլորին հայտնի ճշմարտությունը բարձրաձայն ասելը վտանգավոր է: Հայտնի է, որ Սոկրատեսը մահվան դատապարտվեց այդպիսի ճշմարտություն ասելու պատճառով>>: 
Սա ևս ձեր գործն է: Ստացվում է, որ ձեր հայտնագործած այդ <<վտանգավոր եղբայրությունը>> կարող է նույնիսկ <<Մահվան դատապարտել>> որևէ մեկին՝ ճշմարտություն ասելու համար: Ավելին՝ <<Եղբայրությունը>>, ինչպես դուք եք ասում, իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս: 
Ձեր այս գրածը կարդացողը ակամայից հիշում է 1936 թ. ձեր մի հոդվածը, որտեղ ևս դուք ձեր այն ժամանակվա մեր հայ գրականության մեջ հայտնագործել եք <<Օձային հետևությամբ թույն արտադրող>> խմբակներ, որոնք ձեր ասելով <<հակադրվել են խորհրդային գրականությանը>>: Դրանք, ձեր որակումներով, <<թշնամական խմբեր են՝ նացիոնալիստ քննադատներ... Նացիոնալիզմի անկյունային ճպուռներ, թունավոր սերմեր... Բակունցը և իր լակեյները... Րաֆֆու ռասսայական նացիոնալիզմ... Անասնական շովինիզմի թունավոր ճահիճ>>: - Սրանք ձեր գործերն են: Այդ մարդիկ, դարձյալ ձեր ասելով, <<դաշնակցական օձի (Բակունցի) ուսերին գցել են խորհրդային գրականության վարպետի շլացուցիչ ծիրանին>>: 
Եվ ահա այժմ ձեր այդ ծանր որակումներից երեսունմեկ տարի հետո, դուք, ընկեր Զարյան, մեր գրականության մեջ նոր խմբավորում եք հայտնագործում՝ նրանց <<Կոլխոզ>>, <<Եղբայրություն>>, <<Միավորում>>, <<Արտոնյալ դաս>>, <<Անառարկելիներ>> և այլ պիտակներ կպցնելով: Ապա ազդարարում եք, որ դրանք <<վտանգավոր են>>, <<վնաս տվող>> են, <<խանգարիչ>> են: 
Ահա ձեր գրած երկու հոդվածները՝ 1936-ին և 1967-ին, միևնույն էությունը, երկվորյակ ամբաստանություն: Այսօր դուք հայտնագործել եք <<Վնասակար Եղբայրության կորիզը>>: Դուք ձեր <<Մթնոլորտային մտորումների>> մեջ սևով սպիտակի վրա գրում եք. <<Սերո Խանզադյանը իր այն հոդվածում, որտեղ նա յուրաքանչյուր ընտրյալ բանաստեղծի դիմաց հիշատակում է համապատասխան արձակագիր, մոտավորապես բացահայտեց եղբայրության կորիզը>>: 
Դուք գտնում եք, որ <<Եղբայրությունը>> խանգարում է <<ճիշտ գնահատել մեր գրական արժեքները>>: Դուք աղմկում եք, թե <<Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է>>: Ո՞րն է այդ <<մեզ>>, դա էլ ձե՞ր միավորումն է, որի գոյությանը, տեսեք-տեսեք, <<խանգարում է Եղբայրությունը>>: Ապա դուք ձեր այդ <<մեզ>>-ին կոչում եք՝ <<լուրջ մտածիր այդ վնասակար, վտանգավոր>> խմբավորման՝ <<Եղբայրության>> դեմ: 
Դուք, ընկեր Զարյան, ձեր ասած <<լուրջ մտածելու>> և <<ճիշտ գնահատելու>> փորձ ունեք: Վկաներ՝ Բակունց, Չարենց, Ա.Խանջյան, Ալազան, Նորենց, Դ. Սիմոնյան, որոնց ոչնչացնելու կոչ եք արել 31 տարի առաջ: Ձեր փորձից ելնելով՝ հիմա էլ նույն միջոցներն եք օգտագործում ինչ-որ մասնավոր եղբայրության դեմ: 
Ապա գրում եք. <<Եղբայրությունը իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս>>: Այո՛, ձեր ասյ ասածները դուք վերցրել եք 1936-ի ձեր հոդվածից: Մի մոռանաք, որ դուք երեսուներկու տարի անընդմեջ ցեխ էիք շպրտել մեր ազգային արժեքների վրա: Ահա մի օրինակ:

Շատ են պարծեցել երգիչները հայ
.......................................................... 
Խավար դարերի գոս մագաղաթով,
Ծեր Նարեկացու մռայլ ճակատով,
Արյունոտ սրով Անդրանիկ փաշի...

Սա տեսեք ձեր <<Ամրոց>> գրքում՝ հրատարակված 1935-ին: Դուք այսօր էլ փորձում եք նորից քար դնել մեր մագաղաթյա մատյանների վրա, Նարեկացու ու Անդրանիկ Զորավարի վրա: 
Դուք գրում եք, թե <<Եղբայրությունը>> թույլ չի տալիս, որ <<մյուսների վրա արև առնի>>: Սա պարզապես զրպարտություն է: Սայլը բոռալու տեղ սայլվորն է բոռում: 
Ուշքի եկեք:

Комментариев нет:

Отправить комментарий