2016 թվականի սեպտեմբերին Սուրեն Խաչատրյանի բարեշահ նախաձեռնությամբ ու մեկենասությամբ Գորիսի պետական համալսարանի բակում փառավորապես հանգրվանեց Շահան Նաթալիի հրաշակերտ կիսանդրին, որի քանդակագործն է Նարեկ Օրդյանը: Մինչդեռ մեծահամբավ հայորդու մասունքները հայրենի հողին խառնվելու նվիրական կարոտ են զգում, առաջին անգամ «քարե արձանի տեսքով Նաթալին վերադարձավ հայրենիք»:
Տպավորիչ մուտք Սյունյաց մայր կրթօջախ՝ մեծ հայի, գրողի, իմաստասերի, հրապարակախոսի, հասարակական-քաղաքական երախտառատ գործչի իմաստուն հայացքի ու լայն ճակատի պայծառության ներքո:
Շահան Նաթալիի անունն ու գործը գալիս լրացնում են ազգային պանծալի հերոսների շարքը, որոնց հենց ինքը՝ Նաթալին, հաջող կերպով տվել է «սրբազան խելագարներ» անվանումը՝ համոզված, որ «ազգերը փրկված են միշտ խելագար քիչերու ձեռքով» և «հայ ազգը զուրկ չէ սրբազան խելագար քիչերէ, որովհետև ավազի հատիկների չափ շատ են ավազացած նահատակները»:
Ապրելով սփյուռքում` Նաթալին իր հասարակական-քաղաքական, գրական-հրապարակախոսական սևեռումներով ու իրագործումներով պատկանում է ամբողջ հայ ժողովրդին՝ որպես իրավ ու համազգային արժեք:
Նա ապրեց, մտածեց, գրեց ու գործեց ճշմարիտ հայի ու հայրենասերի զարկերակով, ազգային խնդիրների խորքային ճանաչումով՝ հաճախ կրելով նաև սխալ հասկացվելու «հայկական պատիժը»:
Արտասահմանում ապրող հայ մտավորականներից ոչ ոք հայ ազգային-քաղաքական խնդիրներին, հայ դատի հիմնահարցին չի մատուցել այն անուրանալի և միանգամայն դրական ծառայությունները, որ անխոնջ ու հարատև աշխատություններով, հանդուգն ու ազգուխտյալ ձեռնարկներով մատուցել է Շահան Նաթալին, նույն ինքը՝ Նեմեսիսը, Վրեժխնդրության աստվածը, մարմնացյալ «Արդար բարկություն»-ը, կամ մեկ ուրիշ քիչ հայտնի գրական կեղծանունով՝«Ճոն Ահին», որ թարգմանաբար նշանակում է «Մահվան ոգի»:
Հայրենասեր մտավորականի ու ազգային գործչի բազմարդյունք գործունեությունը փառազարդում են այն էջերը, որոնք կապվում են «Նեմեսիսի»՝ Եղեռնի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսնելու ծրագրի իրագործման հետ, որ, ինչպես ինքն է բնորոշում, «սրբազան խենթի» ամբողջական ու անմնացորդ նվիրումն էր եղեռնազարկ հայրենիքին:
Նաթալին՝ Հակոբ Տեր-Հակոբյանը, ծնվել է 1884 թվականին Խարբերդի շրջանի Հյուսենիկ գյուղում: 1895-1897 թվականների ջարդերի ժամանակ սպանվում են Նաթալու հայրը, մորեղբայրը և բազմաթիվ ազգականներ: 11 տարեկան Հակոբի հիշողության պաստառին անջնջելի հետք է թողնում հոր դիակի վրա ողբացող մոր սրտահույզ տեսարանը. «Մորս հետ քաշքշելով հորս անշունչ դիակը դուրս բերինք ու թաղեցինք ընկուզենիին տակ», - պիտի գրեր Նաթալին և ավելացներ հանրահայտ ու խորիմաստ խոսքը. «Ողջերը կը սկսին թաղել մեռելները»:
Եղեռնի տարիներին Նաթալին բոլոր հայրենակորույս հայերի նման ապրում է հուզմունքի ու զայրույթի դժոխային պահեր: «Մեր մանուկ աչքերով տեսանք դիակներու կույտերը, մեր թաթիկներով թաղեցինք մեր հայրերու մեռելները ու մեր կյանքը եղավ որբի ու հայ որբի կյանքը»:
Շուտով ծնողազուրկ Հակոբը հայտնվում է Կոստանդնուպոլսի սուրբ Հովհաննես որբանոցում: Սովորում է Պոլսի հայտնի Բերբերյան վարժարանում, որտեղ նրան դասավանդում էր ժամանակի մեծանուն մանկավարժներից մեկը` Շահան Բերբերյանը: Ուսուցչի պատվին էլ ընտրում է Շահան կեղծանունը: Այդ տարիներին նա սիրահարված էր սերբերի թագուհի Նաթալիին և իր անհաս սիրո ու չիրականացած երազանքի պատվին գրական անվանը հավելում է նաև «Նաթալին»:
Պոլսում երկար չի մնում: Շատ չանցած` նրան որդեգրում է ամերիկաբնակ մի հարուստ հայ, և Շահանը հայտնվում է Նյու Յորքում: Դառնալով չափահաս` վերադառնում է հայրենիք և դասավանդում Խարբերդի դպրոցներից մեկում: Կյանքը ստիպում է արագ ճանաչել քաղաքների ճանապարհները: Անընդմեջ դեգերումները, ծննդավայրի ու հարազատների կորուստը, օտար միջավայրն ու բարքերը շատ արագ հոգեպես հասունացնում են նրան:
Երեխա հասակում որբացած ու վրեժխնդրության երդում տված երիտասարդը հաստատում է իր ուխտը̀ անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե երբևէ աշխարհը չկամենա նրանց պատժել: Նաթալիի կասկածը պատերազմից հետո իրականություն է դառնում: Պոլսում գումարված Օսմանյան ռազմական ատյանը մահապատիժ է վճռում գլխավոր ցեղասպաններին, որոնք, սակայն, անգլիական իշխանությունների ձեռքով գաղտագողի փոխադրվում են Մալթա կղզի, այնուհետև ազատ արձակվում և հիմնականում կեղծ փաստաթղթերով ցրվում աշխարհով մեկ:
1919 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում գումարվում է Հ.Յ.Դ.-ի Ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր նաև Շահան Նաթալին՝ որպես ԱՄՆ-ի շրջանակի պատգամավոր: Համագումարին օրակարգի հարց է դրվում Եղեռնի գլխավոր պատասխանատուներին պատուհասելու ծրագիրը: Նաթալին համաժողովում ապրում է իր կյանքի առաջին լուրջ քաղաքական դառնությունը, երբ մի քանի պատգամավորներ սխալ են համարում այդ դիրքորոշումը՝ պատճառաբանելով, թե հայկական նորաստեղծ հանրապետությունը «կարիքն ունի Թուրքիո…բարեկամության»: Հակառակ արևելահայ բազմաթիվ պատգամավորների կատաղի ընդդիմադիր կեցվածքի՝ որոշվում է հայկական բռունցքով հաշվեհարդար տեսնել հայ ազգը գլխատած թուրք ճիվաղների հետ: Ծրագրի գլխավոր ներշնչողը, ծրագրողն ու ոգին Շահան Նաթալին էր, անմիջական գործակիցը՝ Գրիգոր Մերջանովը: ՀՅԴ Բյուրոն՝ մասնավորաբար Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և Ռուբեն Դարբինյանը, որոշել էին արգելք լինել Նաթալիի հանդգնամիտ ծրագրին, բայց Նաթալին վճիռ էր կայացրել, որն ավելի քան մեկուկես միլիոն հայ զոհերի պահանջն էր: Վրեժխնդրության սարսափաշունչ աստվածուհու՝ Նեմեսիսի խորհրդանշական անունը կրող գործողության մեջ ներգրավված էին ժամանակի նշանավոր հայեր` Հայաստանի առաջին հանրապետության նախկին դեսպանները, Դաշնակցության բյուրոների անդամներն ու պարզապես հասարակ մարդիկ:
Ծայր աստիճան գաղտնի պայմաններում ծրագրվում է թուրք դահիճների ահաբեկումների գործը, և տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Կազմվում է «սև ցուցակ», որում արձանագրվում է շուրջ 200 անուն:
Հայ ազգի դահիճները ազատ, համարձակ շրջում էին Բեռլինի, Հռոմի, Բաքվի, Թիֆլիսի և այլ քաղաքների փողոցներում: Նաթալիի համար գլխավոր թիրախը մեծագույն հայակեր Թալեաթ փաշան էր, որին Շահանն անվանում էր «նամբըր ուան» - թիվ մեկ: Այդ գազանի ոչնչացումը վստահվում է Սողոմոն Թեհլերյանին: «Թալեաթից առաջ՝ ոչ ոք»,- Թեհլերյանին ասել էր Նաթալին և տվել հետևյալ ուշագրավ հրահանգը. «Կը պայթեցնես գանկը թիվ 1 ազգասպանին և չես փորձեր փախչել, կը կանգնիս տեղդ, ոտքդ սատակին վրայ, ու կը հանձնվիս ոստինականներուն, որոնք կը գան ու կձերբակալեն քեզ»: Նրա նպատակն էր Թեհլերյանի դատավարությունը վերածել Մեծ Եղեռնի պատասխանատուների քաղաքական դատավարության, ինչը մասամբ իրականացավ: Գերմանական դատարանում հնչեց Թեհլերյանի արդարացման պատմական դատավճիռը. «Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը՝ հանցավոր է արդյոք ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շարլոտենբուրգում կանխամտածված մի մարդ՝ Թալեաթ փաշային սպանելու համար: Ո'չ»: Փաստորեն, դա առաջին քայլն էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ:
Շահան Նաթալիի պատժապարտիչ ծրագրի արգասիքը եղան հետևյալ ահաբեկումները՝
- Թալեաթ փաշա, իթթիհատական եռապետության անդամ և նախկին վարչապետ. 16 մարտ, 1921, Բեռլին, գործադրող՝ Սողոմոն Թեհլերյան:
- Բեհբութ Խան Ջեվանշիր, Ադրբեջանի նախկին ներիքն գործերի նախարար, մոլեռանդ պանթուրքիստ, հայկական ջարդերի կազմակերպիչ. 18 հուլիս 1921 թ, Պոլիս. Գործադրող՝ Միսաք Թորլաքյան:
- Սայիդ Հալիմ փաշա, նախկին վարչապետ. 5 դեկտեմբերի 1921թ., Հռոմ, կազմակերպիչ՝ Գրիգոր Մերջանով, գործադրող̀ Արշավիր Շիրակյան:
- Բեհաեդդին Շաքիր բեյ, հայոց ցեղասպանությունը ծրագրած ու գործադրած իթթիհատական «Հատուկ հանձնաժողովի» գլխավոր պատասխանատու. 17 ապրիլ 1922, Բեռլին. Գործադրող՝ Արամ Երկանյան:
- Ջեմալ Ազմի, իթթիհատական հայակեր պարագլուխ. 17 ապրիլ, 1922, Բեռլին. գործադրող՝ Թ., գործակից̀ Արամ Երկանյան:
- Ջեմալ փաշա, իթթիհատական եռապետության անդամ ու ռազմական նախարար. 25 հուլիս 1922, Թիֆլիս. գործադրողներ՝ խոտորջուրցիներ Ստեփան Ծաղիկյան և Պետրոս Տեր-Պողոսյան, գործակից՝ արցախցի Զարեհ Մելիք-Շահնազարյան և ուրիշներ:
Եռապետության երրորդ անդամը՝ Էնվեր փաշան, սպանվեց 1922-ին Թուրքմենստանում, երբ ղեկավարում էր բասմաչների հրոսակային-պանթրքական շարժումը: Ենթադրվում է, որ նրան սպանողը հայազգի զինվոր է եղել: 1920 թվականի մայիսի 31-ին սպանվեց 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից Նասիբ Յուսիֆբեյլին։1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին: 1920թ. հուլիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Շուշիի և Բաքվի հայերի ջարդերի հիմնական պատասխանատուներից Հասան Բեկ Ագաևին: Նաթալիի ղեկավարած վրիժառու խումբը պատուհասեց նաև մի քանի լրտես ու դավաճան հայերի. սպանվեցին Մկրտիչ Հարությունյանը, Վահե Իհսսանին (Եսայան) և Ադուր Յասյանը:
Այսպես, տարիներ ի վեր գաղութային կյանքի դժվարին բարոյական ու նյութական պայմաններում, պատմաքաղաքական վայրիվերումների ու դեգերումների մեջ Նաթալին իրագործում է իր հոգեսևեռուն երազը՝ խորապես գիտակցելով ու պատգամելով, որ «Մեկ է վրեժը և Հայն անոր Առաքյալն է»:
Շահան Նաթալիի կյանքի համոզմունքն էր, որ «Թուրքեն զատ եւ թուրքեն վեր թշնամի չունի հայը եւ հայուն վրեժը արդար է ու Աստուածային», ինչն անհարիր էր ՀՅԴ Բյուրոյի մի շարք ներկայացուցիչների թրքամետ վարքագծին ու վարած քաղաքականությանը: Մուսավաթականների պնդմամբ` ՀՅԴ բյուրոն հրաժարվում է «Նեմեսիսից»: Նաթալին պնդում է՝ շարունակելու ծրագրի իրագործումը, բայց ապարդյուն: Նաթալիի և կուսակցության բյուրոյի մյուս անդամների միջև բախում էր հասունանում: Բյուրոյի անդամները քննարկում էին «Պրոմեթևս» ծրագրին միանալու հարցը, որ ենթադրում էր Թուրքիայի հետ բարեկակական հարաբերությունների հաստատում: Ներկուսակցական պայքարը հանգեցնում է նրան, որ 1926 թվականի դեկտեմբերի 29-ին Բյուրոն չորս կողմ ու մեկ դեմ (Նաթալի) քվեով որոշում է միանալ հակահայ «Պրոմեթևսի Ուխտին», որ Կովկասի ժողովուրդների պաշտպան էր հռչակում թուրքին: Պատմության ընթացքում այդ որոշումը որակվեց որպես «ամենաամոթալին»: 1927-ին Նաթալին հուսաթափ դուրս է գալիս Բյուրոյի կազմից ու կուսակցությունից:
1934 թվականին նա հիմնում է «Արևմտահայ ազատագրության ուխտ» կազմակերպությունը, ինչպես նաև «Ազատամարտ», «Ամրոց» շաբաթաթերթերը, որոնք լույս են տեսնում նախ Փարիզում, ապա` Աթենքում: Համաշխարհային երկրորդ պատերազմի նախօրյակին Նաթալին վերադառնում է Ամերիկա ու դառնացած հայ քաղաքական կյանքից՝ նվիրվում գրական-հասարակական աշխատանքի: 1961 թվականին Նաթալին առաջին և վերջին անգամ այցելում է Խորհրդային Հայաստան, ոգևորվում նոր սերնդի հայրենաշունչ նկարագրով:
1973 թվականին 90-ամյա Շահանը անասելի խանդավառություն ու հպարտություն է ապրում Գուրգեն Յանիկյանի նորօրյա վրիժառությամբ՝ ի դեմս նրա տեսնելով իր գործը շարունակողին: Նաթալին նաև առաջիններից էր, որ բացեիբաց ողջունեց ԱՍԱԼԱ-ի (Հայ ազատագրության գաղտնի բանակի) ստեղծումն ու գործունեությունը: Նրա կյանքն ընդհատվեց 1983 թվականի ապրիլի 18-ին՝ Բոստոնում:
Նաթալին իր երկարամյա վաստակած կյանքի ընթացքում իրագործել է գրական-հրապարակախոսական անուրանալի վաստակ, որ ցոլացնում է 20-րդ դարի պանծալի մտավորականի ու ազգային գործչի բազմատաղանդ դիմագիծը: Նրա ցայտուն գրական նախասիրությունները տվել են արժեքավոր պտուղներ, հեղինակել է պատմվածքներ, բանաստեղծություններ, պոեմներ, թատերգություններ, որոնք լույս են տեսել հետևյալ ժողովածուներում՝ «Օրէնքի եւ ընկերութեան զոհերէն» (կարճ պատմվածքներ), Բոստոն, 1909թ., «Ամպեր», Բոստոն, 1909թ., «Սէրի եւ ատելութեան երգեր», Բոստոն, 1915, «Քաւութեան երգեր», Բոստոն, 1915, «Վրէժի աւետարան», Նյու Յորք, 1918, «Ասլան Բէկ», Բոստոն, 1918 (ողբերգություն երեք արարով), «Քեզի», Բոստոն, 1920:
Ապրելով Հողից ու Տնից տարագրյալի տխուր կարգավիճակում՝ Նաթալին իր ներշնչումներն առել է ազգային խռովքից, «արդար բարկության» ավազանից և պատմության մեջ մնացել որպես Վրեժի առաքյալ, որ մի գլխավոր միտք է պատգամել սերունդներին՝ «Վրեժեն զատ ուրիշ աստված չպաշտես»:
Տնազուրկի հոգեբանությունից առաջ եկած հոռետեսության զգացումը, թուրքի հանդեպ ատելությունն ու ազգային արդար վրեժխնդրության մշտահոս երակը տարածվում է նրա գրեթե բոլոր էջերի վրա և կազմում նրա հոգեկերտվածքի շաղախը: «Հայի աստծուն» բանաստեղծության մեջ գրում է.
Արցունքները ստրկածին, խեղճ պապերուս ցամքեցուցին ակն արտօսրիս,
Աղօթքները, երկրպագուն հաւատքիս, առքեզ, ըրին, արմատախիլ,
Երկիւղն անոնց ըմբոստութեան խարույկն վառեց հո’ս, կուրծքիս տակ,
Փառաբանութիւններն դէպ անծանոթն հոգիս լուտանքի խառնարան մը ըրին.
Ու Ցաւն ու Վիշտն զիս երկնեցին, Տառապանքի կաթովն սնայ,
Ու Քաոսը զիս դուրս ժայթքեց, ու Արեան Լիճը զիս ծնավ,
Ու Վրեժի ստինքներովը ես մեծցայ…
Նաթալին հավաստում է, որ «գրիչն ու լեզուն իրենց ուժը բազուկեն կառնեն» և «մեկ գնդակ հազար թերթի ու ճառի ուժ ունի»: Եղեռնի ողբերգությունն ապրած, բայց և Հայոց ոգեղենության անսպառ ուժին հավատավոր Նաթալին հավատում է «հայկական վահանին», «հայ բազուկի հարվածին», «հայ մտքի թռիչքին»:
Ուշագրավ է, որ մեր իրականության մեջ վերջին ժամանակներս տարածում գտած անհեթեթ թրքասիրությունը̀ այն հիմնակետով, թե թուրքը բարեփոխվել է, Նաթալին համարում է մտամոլորություն. «Կը փոխվին, այո, կը փոխվին, բայց ավելի ու ավելի դեպի ոճրագործի կատարելատիպ», որ հիմա էլ թուրքը նույն թուրքն է̀ ոճրագործ ու հայակեր, ու ոչ միայն նույնն է, այլ ավելի «նրբացած, լրբացած ու համայնակուլ»:
Նրա կենսահայացքը ամբողջ իր կյանքի ընթացքին ճակատագրականորեն լարված էր մի ուղղության վրա՝ ատելություն, վրեժխնդրություն դեպի թուրքը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ Վրեժի առաքյալ է, քանզի «որբի ու գաղթականի թույնը ցմրուր խմեցինք հորիզոնից հորիզոն»:
Իմ ատելութիւնս ահեղ է, անհուն, իմ ատելությունս
արդար է բարի
Ինծի բերէ’ք ձեր սուտ օրենքները, անսուրբ կրօնքներն ու ես
իմ ձեռքով, իմ ձեռքով թաղեմ,
Ինծի բերէ’ք ձեր խաչերը ոսկի ու մահիկները եւ ես
հալեցնեմ ու իմ ձեռքերով հեք Աղքատութիւնը կշտեցնեմ.
Ինծի բերէ’ք ձեր կռատունները ու ես անտունին
ապաստան շինեմ.
Ինծի բերէ’ք ձեր ոսկիներն ամէն ու ես անոնցմով
անսուտ Յաղթութեան վեհարձան ձուլեմ,
Քի անոնք բոլորն սուտ են ու կեղծիք, ու անոնք
բոլորն անարդարութեան ընծաներ են սին…
Անոնց երեսին Ցաւիս սեւ Ժահրը կը թքնեմ ուժգին
ու Տառապանքիս Լուտանքն կը փսխեմ,
Ու ձեր պաշտանքի կեղծ սողուններէն մինչեւ
աստւածներն ատելով կ’ատեմ…
Ի ծնե այդպես: Հավատարիմ իր կրակին: Ամբողջ էությամբ նախասահմանված իր ուրույն առաքելության համար:
Այսօր ավելի քան օրախնդիր է նոր սերնդին հաղորդակից դարձնել Նաթալիի անվանն ու գործին, ոգեշնչել նրան մեծ մտավորականի հայրենապաշտ գաղափարներով, կենսագործել մեծ հայի երազն ու հավատամքը, թե «հայ հրաշագործ ոգին պիտի գտնէ Վահագնի նիզակը և խրէ Վիշապին արնախում կոկորդը»:
Նաթալին գերազանցապես գրչի մշակ էր, միակ գործի մարդ: Գործ, որից դուրս ոչ մի կարևոր բան չի կարող գոյություն ունենալ, որովհետև նա ներքնապես, հոգեբանապես իր մեջ պարունակում էր հայ կյանքի բոլոր դեմքերը և բոլոր ձգտումները:
Հայ ժողովրդի պատմությանը Նաթալիի մատուցած ծառայությունները միանգամայն անուրանալի են ու երախտապարտության արժանի: Նա այսօր էլ ոգեշնչում է նորահաս սերնդին իր ամենահանդուգն գաղափարներով, ազգասիրական ծրագրերով ու ձգտումներով, նա համազգային արժեք է: Այսօր անհրաժեշտ է բոլոր միջոցներով Նաթալիի գործի արժեքը տեղ հասցնել պատանիներին ու երիտասարդներին, խանդավառել նրանց Նաթալիի անօրինակ հայրենասիրությամբ, մատուցել այն բազմահարուստ նյութերը, որոնք ազգային խոր գիտակցություն են ձևավորում և լայնահուն դարձնում հայկականության երակը:
Շահան Նաթալիի հիշատակի լիարժեք հարգումը պիտի լինի, անշուշտ, հերոսի աճյունի փոխադրումը հայրենիք, և հայրենիքում նրա երկերի լիակատար ժողովածուի հրատարակումը: Այդ հարստությունների տերը լինել և աչք փակել՝ նշանակում է ինչ-որ չափով հայրենադավ լինել:
Շահան Նաթալիի կիսանդրին, որպես մշակութային մեծակշիռ իրագործում, առաջինն է Հայաստանում, հետևաբար մեծ պարգև է պատմությանը, Նաթալիի հիշատակին, հայ սերունդներին:
Քարեղեն Նեմեսիսը, անկասկած, ձգողականության ու ոգեկանության մեծ ալիք կտարածի՝ սերունդներին հաղորդակցելով իր կերպարի վեհությանը, իմաստուն մտքի թռիչքին, իր «արդարագույն ու ահեղ» ատելությանը, վրեժի դարատև ուխտին. «Քանի թուրքը կապրի շփացած, առանց պատժի, ոչ արդարություն, ոչ խաղաղություն պիտի տեսնե աշխարհ: Եվ իմ ուխտն է ոչ թե խոսքով ու ողբով, այլ գործքով, իմ իսկ ձեռքով, մահուան գնով, նախ հայության, հետո մարդկության կտակել այս ճշմարտությունը»:
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий