23.09.2014

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս <<Սյունյաց երկիր>> պարբերականը հատուկ թողարկումով անդրադարձել է մեր հայրենակից, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանի կեսդարյա ստեղծագործական ճանապարհի գնահատությանը: Ինչպես թերթի մյուս հատուկ համարները՝ նվիրված գրականության ու մշակույթի մեծերին, այս թողարկումը նույնպես ընտրանյութով, որակով, մնայունն ու արժեքավորը տեսնելու-գնահատելու անխախտ սկզբունքով, նպատակով, թե ինչու՞ է ստեղծվում և ու՞մ է հասցեագրվում, բացառիկ է և կապրի ի՛ր ժամանակի, ինչու չէ, նաև պատմության մեջ:
Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ ու բազմավաստակ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու:
Նա վաղուց հեղինակավոր ներկայություն է մեզանում՝ իբրև բանաստեղծ, արձակագիր, երկարամյա մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, մշակութային-գրական ձեռնարկների փնտրված բեմախոս: Հեղինակած քսանից ավելի գրքերով, կազմած ու խմբագրած մեծաթիվ ժողովածուներով ընթերցասեր հանրությանը ներկայացած գրչի անխոնջ աշխատավորը իսկապես արժանի էր նման գնահատության: 
Թերթի էջերը պատմում են Ծատուրյանի՝ գրին ու գրականությանը նվիրաբերած փառավոր կենսուղու մասին: Արմինե Հարությունյանի՝ գրողի հետ վարած հետաքրքիր հարցազրույցով, <<Իմ տարիները>> խորագրով տպավորիչ կենսագրապատումով, գեղարվեստական գրվածքների բարձրաճաշակ քաղաբերումներով, գրականագետների, գրչակից ընկերների գնահատողական անդրադարձներով ընթերցողի առջև բացվում-ամբողջանում է Ծատուրյան անհատի ու ստեղծագործողի ուրույն դիմապատկերը: 
Կյանքի 77-ամյա ճանապարհ անցնելով՝ Ծատուրյանն այսօր մեր կողքին է գրական-ստեղծագործական լիության մեջ, երիտասարդական ավյունով, իրավ հայի, գրողի, մտավորականի արժանապատիվ կեցվածքով, մշակութային բարձր գիտակցությամբ, հանրանվեր մարդու հավաքական մտահոգություններով ու հանձնառություններով: 
Հուսանք, որ նրա միտքն ու գրիչը այսուհետ էլ դալար ու բեղուն կլինեն՝ ստեղծագործական նոր հղացումներով առլեցուն: 
<<Միրհավ>> գրական խմբակը ի սրտե ողջունում է <<Սյունյաց երկրի>> այս նոր, արժանավոր համարի ծնունդը և խորապես ցանկանում, որ թերթը շարունակի գրական հոբելյաններին, մեծերին և, առհասարակ, գրական-մշակութային իրադարձերին նվիրված հատուկ համարների հրապարակումները:

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий