01.10.2014

ԼՈՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՈՐԻՍՈՒՄ


Սեպտեմբերի 24-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց կապանցի գեղանկարիչ Լորիկ Մինասյանի անհատական ցուցահանդեսը: 
Լորիկ Մինասյանը ծնվել է 1958 թվականին Կապանում: Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժինը: 2002 թվականից ՀՀ Նկարիչների միության անդամ է: Ունեցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում: Գորիսում Լ.Մինասյանը արվեստասեր հասարակությանը ներկայացավ անհատական անդրանիկ ցուցահանդեսով: 
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցներ, քաղաքի մշակութային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած պատվիրակության անդամներ:
Նախքան ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ <<Միրհավ>> ակումբի հրավերով գրական, պարային ու երաժշտական համարներով հանդիսականներին ներկայացան Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սաները՝ ուսուցչուհի Շուշան Հովսեփյանի գլխավորությամբ: 
Պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, ողջունելով օրվա հյուրին, ուրախությամբ նշեց, որ այցելուները պատիվ ունեն ներկա լինելու Լորիկ Մինասյանի առաջին անհատական ցուցահանդեսին՝ իրապես արժանի բարձր գնահատության: Նա բազում անհատական ցուցահանդեսներ ու ստեղծագործական հաջողություններ մաղթեց սյունեցի շնորհաշատ նկարչին: Ցուցադրված գեղանկարների մասին դրվատական խոսքեր ասացին <<Փերի>> մանկապատանեկան ամսագրի խմբագիր-տնօրեն Էլմիրա Բալասանյանը, լրագրող Վաչե Մկրտչյանը, <<Միրհավ>> ակումբի անդամները: Ջերմ տպավորություններ կիսեցին նաև օտարերկրացի հյուրերը: Վերջում Լորիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու, իրեն ոգևորելու և իր արվեստը բարձր գնահատելու համար: Կոմիտասյան երգի ախորժալուր կատարումներով օրն ամբողջացրեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհի Սուսաննա Ղումաշյանը: 
Գորիսի քաղաքապետարանի աշխատակից Երվանդ Հակոբջանյանը քաղաքապետ Վաչագան Ադունցի անունից շնորհավորեց նկարչին դիտարժան ցուցահանդեսի առթիվ և պարգևատրեց շնորհակալագրով:







Комментариев нет:

Отправить комментарий