Ռշտունի Խուրշուդյանը ծնվել է 1954 թվականին Գորիսում:
Իբրև գրողի նկարագիր՝ ինքնատիպ երևույթ է Սյունյաց գրական դաշտում: Գրել սկսել է 1980-ականներից: Նրա ստեղծագործական աշխարհը առանձնանում է իմաստային հարստությամբ, ասելիքի նպատակաուղղվածությամբ, պատկերաստեղծման ու կերպարակերտման բարձր արվեստով: Գրական նախասիրությունը պատմվածքի ժանրաձևն է: Պատմվածքներից տպագրվել են <<Զանգեզուր>>, <<Սյունիք>>, <<Բանբեր Գորիսի>>, <<Սյունյաց երկիր>> և այլ պարբերականներում, <<Գրական Սյունիք>> անթոլոգիայում: Առանձին ժողովածուով դեռևս չի ներկայացել ընթերցողին: Ստորև ներկայացվող <<Լույսի շուշաններ>> և <<Հացի համը>> պատմվածքները, որոնց ընթերցողը ծանոթ է մամուլից, հոգեբանական խտացումների փայլուն նմուշներ են, մնայուն արժեքներ մեր արձակագրության մեջ:
Իբրև գրողի նկարագիր՝ ինքնատիպ երևույթ է Սյունյաց գրական դաշտում: Գրել սկսել է 1980-ականներից: Նրա ստեղծագործական աշխարհը առանձնանում է իմաստային հարստությամբ, ասելիքի նպատակաուղղվածությամբ, պատկերաստեղծման ու կերպարակերտման բարձր արվեստով: Գրական նախասիրությունը պատմվածքի ժանրաձևն է: Պատմվածքներից տպագրվել են <<Զանգեզուր>>, <<Սյունիք>>, <<Բանբեր Գորիսի>>, <<Սյունյաց երկիր>> և այլ պարբերականներում, <<Գրական Սյունիք>> անթոլոգիայում: Առանձին ժողովածուով դեռևս չի ներկայացել ընթերցողին: Ստորև ներկայացվող <<Լույսի շուշաններ>> և <<Հացի համը>> պատմվածքները, որոնց ընթերցողը ծանոթ է մամուլից, հոգեբանական խտացումների փայլուն նմուշներ են, մնայուն արժեքներ մեր արձակագրության մեջ:
Լ Ո Ւ Յ Ս Ի Շ Ո Ւ Շ Ա Ն Ն Ե Ր
Այդ ժամանակ ես տասնչորս տարեկան էի:
Ամռան վերջերին, երեկոյան, երբ գյուղին փարվում էր աղջամուղջը, և լուսինը, աստիճանաբար գունատվելով, երկնակամարում ցցում էր իր դեղնած սեխակտորը, մեր գոտիների տաքացած շրմփոցներից խախտվում էր գյուղի հովվերգական անդորրը, և կալի մոտ օր օրի փքվող բուրավետ խոտադեզերը ասես բռնկվում էին չարացած ճտճտոցներով:
Ճղճղան ղժղժոցները արձագանքով տարածվում էին գյուղում՝ իրենց մեջ կլանելով շների անհանգիստ հաչոցները:
Թեև լախտախաղի այդ խաղախմբի մեջ տարիքով ամենափոքրը ես էի, սակայն ճարպկությամբ գրավել էի ինձնից մեծերի ուշադրությունը: Երբ ոտնաչափերով վիճակ էինք գցում, և Մերոյի մաշված սապոգը առաջինն էր նստում պեպենոտ Սանոյի ոտքի խրոմին, նա, գոռոզ ժպիտը խաղացնելով դեմքին, գրկում էր պարանոցս.
Ճղճղան ղժղժոցները արձագանքով տարածվում էին գյուղում՝ իրենց մեջ կլանելով շների անհանգիստ հաչոցները:
Թեև լախտախաղի այդ խաղախմբի մեջ տարիքով ամենափոքրը ես էի, սակայն ճարպկությամբ գրավել էի ինձնից մեծերի ուշադրությունը: Երբ ոտնաչափերով վիճակ էինք գցում, և Մերոյի մաշված սապոգը առաջինն էր նստում պեպենոտ Սանոյի ոտքի խրոմին, նա, գոռոզ ժպիտը խաղացնելով դեմքին, գրկում էր պարանոցս.
-Ադոյին…,- և դիտմամբ ճռճռացնում Սանոյի փայլփլուն սապոգի կաշին:
Ես կռվախնձոր էի այդ երկուսի համար: Թեկուզ սապոգներս մեծ էին ոտքերիս (պապիս հին սապոգներն էին), այնուամենայնիվ, ինձ պես գոտի փախցնող չկար:
Խաղում էինք ժամերով, տաքացած, հարայ-հրոցներս գցած երկինք: Իսկ երբ գյուղի աղջիկներից կամ էլ մեծերից մի քանիսը, նստելով մոտակա գերաններին, մտիկ էին տալիս խաղին, ավելի էինք գժվում: Ներքին մի ուժ էր հայտնվում մեջներս, համարձակությամբ պարուրում մեզ: Մեկ-մեկ էլ պապս էր նստում գերաններին: Երբ մի նոր ճարպիկ հրաշք էի ցուցադրում, աչքի տակով նայում էի նրան: Ու դրանից կարծես թրթռում էր իմ հոգին:
Հաճախ էլ խաղերից հետո հոգնած նստում էինք մինչև կեսգիշեր, հետաքրքիր դեպքեր պատմում կյանքից: Երբեմն մտքերի մեջ՝ ես կարծես վերանում էի նրանցից: Երազանքով նայում էի երկնքին ու, չգիտես ինչու, կրծքիս տակ քաղցր խլրտալով՝ սիրտս արտասովոր մի բան էր խոստանում: Եվ երբ Ղոզուն թոռի վաստակավոր փչոցներից պայթող բարկ հռհռոցները փութով խցկվում էին ականջներս, միայն այնժամ էի ես կտրվում իմ փայլփլուն աշխարհից: Մի տեսակ հոգնած խաղաղություն էր իջնում հոգուս: Ցանկանում էի անընդհատ զգալ կալով մեկ բռնած ցորենի ախորժաբեր անուշահոտը, որի կծղած հատիկներից կշտացած ծտերը հանգիստ նիրհում էին մոտակա ծառերին՝ մերթընդմերթ թրթռացնելով պարկերի պես փքուն, մոխրագույն փորոտիքները:
Երբ բոլորը հոգնում էին, և լռության մեջ սկսում էին թափառել ծղրիդների՝ ժամանակ հիշեցնող սվսվոցները, աստիճանաբար ցրվում էինք տները և այնպիսի մեռելային քնով էինք տարվում, որ նույնիսկ մահճակալով գողանային, միևնույն է, չէինք իմանա:
Ահա հենց այդ երանելի օրերին էլ հայտնվեց նա` խաժ աչքերով այդ աղջիկը: Քաղաքից էր եկել, հոր հետ՝ մի քանի օր հանգստանալու: Լախտախաղի մեծ երկրպագու էր: Երկու օր անց արդեն մոտիկ ծանոթներ էինք: Նա հիացած էր իմ խաղով:
Ես ու Մերոն միաժամանակ սիրահարվեցինք: Դրա մասին ոչինչ չէինք ասում իրար, ուղղակի յուրովի ջանում էինք ինչ-որ բանով գրավել նրա ուշադրությունը: Նույնիսկ մի անգամ Մերոն, որ ինձանից թեկուզ ուժեղ էր, կոխի ժամանակ կծեց դաստակս, որովհետև նրա ուսերը ես արդեն գետնին էի կպցնում: Եվ չնայած դրան՝ մեր հարաբերությունները մնում էին նույնը: Ինչ-որ մի հոգեհարազատ կապ կար մեր մեջ: Միգուցե նրանից, որ առաջինը ինձ էր ընտրում խաղերի ժամանակ: Չգիտեմ: Բայց այժմ էլ ես հարգում, հիշում եմ նրան, որը հիմա հեռու-հեռու՝ մի այլ աշխարհում է: Եվ նրանից մնացած միակ կենդանի հիշատակը դաստակիս ատամնատեղերն են, որին նայելիս երբեմն մղկտում է հոգիս:
Հիմա էլ ինձ թվում է, թե այն ժամանակ խաժ աղջիկը տեսնում և զգում էր ամեն ինչ, բայց ծիծաղելով լռում էր: Երևի այդպես ավելի էին առեղծվում նրա աղջկական հետաքրքրությունները: Եվ դա, իրոք, այդպես էր: Այդ տարիքում ներքուստ զսպված զգացմունքը ավելի խորն է, քան ինքը` արտահայտված սերը: Ես զգում էի դա: Լռակյաց սերը ավելի ցայտուն է: Եվ բնական է, որ այդ պահերին մարդը իր հոգում փնտրում է առասպելային այն հերոսին, որը հենց ինքն է, բայց անընդհատ փնտրում է նրան: Ես տենչում էի անել ամեն ինչ` թեկուզ մի աննշան ազդելու այդ նուրբ, ծածուկ զգայարաններին: Դա ինձ որոշ չափով հաջողվում էր, երբեմն էլ՝ նույնիսկ ավելին: Բայց իրականությունը միշտ չէ, որ համընկնում է զգացմունքների քմահաճույքներին: Ճշմարտությունը երբեմն ժխտում է ինքն իրեն: Երբեմն էլ՝ ստորացնում իր գոյությունը: Կարող եք չհամաձայնվել: Բայց բանը այսպես եղավ:
Մի մութ երեկո նստած էինք կալի մոտ: Երկինքը մռզել, փակվել էր մռայլ ամպերով և սոված շան պես գռմռացնում էր իր սև զանգվածը: Ուր որ էր, սպառնում էր մոտալուտ անձրևը: Բայց մենք բոլորովին հանգիստ էինք, կարծես սպասում էինք նրան:
Եվ երբ մի քանի տաք կաթիլներ կտտացին մեր գլխին, մենք ավելի կիպացանք իրար: Ահա այդ ժամանակ Սվետան( նրան այդպես էին կոչում) ասաց.
-Երեխե՛ք, ես մինչև առավոտ կարող եմ այսպես նստել, թեկուզ տեղատարափ լինի: Միայն թե մի բան լիներ զբաղվելու` խնձոր կամ արևածաղիկ:
Շատերը հավանությամբ արձագանքեցին նրան: Մի մասը երկմտանքի մեջ ընկավ: Իսկ ես արդեն չէի լսում նրանց: Իմ մեջ արդեն գործում էր առասպելային հերոսը: Չէ՞ որ նա խնձոր ուզեց: Ես հեռացա: Հեռացա այնպես գաղտագողի, որ ոչ ոք չնկատեց: Իսկ երբ հեռվից շրջվեցի, Մերոն նայում էր դեպի իմ կողմը, բայց ոչինչ չէր խոսում: Միգուցե այդպես իրեն ավելի լավ էր զգում:
Ես շտապում էի գյուղի մութ փողոցներով: Սիրտս խփում էր անհանգիստ: Ինձ թվում էր, թե կարևոր առաջադրանք եմ կատարում: Մտքիս երկու բան էր միայն` նրա խաժ աչքերը և Եգոր պապի այգու փարթամ, ճկված խնձորենիները:
Ցանկապատը այնքան էլ բարձր չէր, և ես մի ակնթարթում թռա ներս: Այգում ճնշող մթություն էր: Ստիպված եղա մի պահ սպասել, մինչև որ գիշերային մշուշում նշմարվեցին ճյուղերի խառնաշփոթ ուրվագծերը: Խորհրդավոր լռության մեջ լսվում էին ծառերի մեղմ սոսափյունները: Մոտեցա հենց պատահած ծառին: Վերև նայելով՝ զգուշությամբ սկսեցի բարձրանալ: Անձրևի մի կաթիլ ճտտաց աչքիս մեջ, և ես քիչ մնաց թրմփայի ներքև: Այդ ամենը այնքան անսովոր էր ինձ համար: Առաջին անգամ էի գողություն անում: Բայց դա իմ մեջ մի վայրկյան ապրեց: Մտքերիս երևացող Սվետայի ծիծաղկոտ աչքերը կարծես սառնությամբ համակեցին ինձ` նման արարքի հանդեպ: Ես գործում էի հանգիստ, չգիտեմ ինչու՝ դա ինձ թվում էր հերոսություն:
Աչքերիս արդեն պարզորոշ երևում էին կախված խնձորները: Ես, մի ձեռքով ճյուղը գրկած, մյուսով լցնում էի դրանք վերնաշապիկիս մեջ:
Ծառերը սկսեցին անհանգիստ խշխշալ: Անձրևը հանկարծակի սկսվեց: Քիչ հետո այգին թպրտում էր հորդացող անձրևի տակ: Ես լրիվ թրջվել էի, բայց դարձյալ շարունակում էի գործս: Վերնաշապիկիս ուռած գոգը արդեն խանգարում էր ինձ: Սկսեցի իջնել: Նոր էի ոտքս դրել գետնին, երբ տան պատուհանում լույս վառվեց: Շունը սկսեց գազազած քաշքշել շղթան: <<Երևի նկատել են>>,- անցավ իմ մտքով: Եվ այնպես արագ սկսեցի վազել, որ խնձորները լխլխկալով սկսեցին խփել փորիս: Եվ երբ ես արդեն թափով ակրոբատիկ ցատկում էի ցանկապատի վրայով, զգացի, թե ինչպես ձախ ոտքս ձգվեց, և ոտքիս մեծ սապոգը հետևում մնաց: Շունը կտրել էր շղթան. ես դա հասկացա և վազում էի խելագարի պես, փորս բռնած, նույնիսկ ետ չնայելով:
Մոտակա տներում լույսեր վառվեցին: Իրար միացած շների հաչոցները թնդացրին գյուղը: Ես վազում էի ամենակարճ ճանապարհով՝ արջի պես ծուռումուռ թփթփացնելով մի սապոգանի ոտքս: Պարզ է` ես գնում էի մեր տան ուղղությամբ: Այդպիսի տեսքով խոսք ու զրույցի առարկա կդառնայի:
Մեր տանը լույս էր վառվում: Ծածուկ մոտեցա գոմին: Հեռվից լսվում էին Եգոր պապի հարայհրոցները: Թրջված կատվի պես պպզեցի դարսած խոտերի մոտ և դողդողալով խնձորները սկսեցի թաքցնել դեզի մեջ:
Ձայներից պապս էլ դուրս եկավ փողոց: Ես մի պահ վարանեցի և թաքուն մտա ներս: Շորերս գցեցի մահճակալի տակ, մտա անկողին: Առավոտյան մեկը հրեց ուսս: Պապս էր: Սառած աչքերով նայում էր ինձ: Քնաթաթախ աչքերս ընկան սեղանին, որի վրա խնամքով դարսված էին թրջված խնձորները:
Սիրտս ահ ընկավ: Վախից քնած ձևացա: Ես լավ գիտեի պապիս բնավորությունը: Ամեն ինչ կորավ ինձ համար: Ես արդեն գիտեի վերջաբանը: Նա իր կոշտ ձեռքերով մի կողմ շպրտեց վերմակը: Ոտքերիս զգացի ինձ այնքան ծանոթ գոտու շրմփոցը: Բայց սա արդեն խաղ չէր: Ես ինձ այնքան ստորացած էի զգում, որ ամաչում էի նայել նրա աչքերին:
- Էդ գիշերվա գողը դու էիր հա՞,- խզված ձայնով գոռում էր նա և մի գլուխ շրմփացնում ոտքերիս,- էսքան տարվա ամագս գետնով տվիր:- Ոտքերս ցավից ասես ոռնում էին, բայց ես մեղավոր լռում էի՝ իմ մեջ տանելով ինձ հասանելիք պատիժը: Հայրս ցանկացավ մեջ ընկնել, բայց նրան էլ բաժին հասավ, դեռ մի բան էլ ավելին: Պապս նրան շուն-շան որդի անվանեց: Բավական ծեծ ուտելուց հետո` մենք քայլում էինք փողոցով: Առջևից գերու պես գլխիկոր գնում էի նույն ճանապարհով, ինչպես եկել էի գիշերը: Դա նրա հրամանն էր: Գյուղացիք ապշած նայում էին մեզ: Մի պահ ինձ թվաց, թե դա իմ թաղումն է: Ոտքերս հազիվ էին ենթարկվում ինձ: Մենք լուռ քայլում էինք՝ ճզմելով լպրտված ցեխը: Ես մի պահ ցանկացա փախչել, բայց իմ այդ եղկելի դրությունում խղճացի պապիս: Աստծուց միայն մի բան էի խնդրում՝ թող ամբողջ գյուղը նայի իմ այս խայտառակությանը, միայն ոչ նա: Բայց այդպես չեղավ:
Եգոր պապի այգու մոտ մարդիկ էին հավաքված: Դեռ հեռվից ես ճանաչեցի Սվետային: Նա այնպիսի խղճմտանքով էր նայում ինձ, որ ես մի պահ զգացի մարմնիս թերությունները: Ես ձգեցի վերնաշապիկս՝ գետնին թափելով գոգիս խնձորները: Եգոր պապը լուռ էր: Նա մտմտանքով նայեց, շոյեց եգիպտացորենի ծիլերի պես ցանցառ, սպիտակ մորուքը և ոտքերիս առաջ շպրտեց շան ռեխ ընկած, ցեխոտ սապոգս:
Պապս մի անգամ էլ կտացրեց գլխիս և թոնթորալով հեռացավ: Ես, գլուխս կախ, լուռ տանում էի այդ ահռելի վիրավորանքը՝ ներսումս զգալով այն տասնյակ հայացքները, որոնք ասես քրքրում էին ինձ: Արցունքի մի քանի կաթիլ ծլլացին այտերիս: Ես, վերջին ճիգերս լարելով, բարձրացրի գլուխս: Շուրջս ոչ ոք չկար:
Ցանկապատի անկյունում կանգնած էր Մերոն: Նրա աչքերն էլ էին թաց: Ուզեցի գոռալ, բայց ինչ-որ մի բան սեղմեց կոկորդս, հեռացա...
Դրանից հետո Սվետային տեսա տասը տարի անց: Տեսա բոլորովին պատահական` քաղաքում, ծանոթներիցս մեկի տանը, խնջույքի ժամանակ: Նստել էր ուղիղ իմ դիմաց, և նրա կլոր, խաժ աչքերը նույն խղճմտանքն էին տածում իմ հանդեպ, ինչպես այն ժամանակ: Բայց այս անգամ թիկունքիս ես չէի լսում պապիս անհանգիստ հևոցները: Ու թեև փորձում էի խուսափել նրա ճնշող հայացքներից, բայց, չգիտեմ ինչու, կամքը ակամա ստիպում էր ինձ նայել այդ չարաճճի, փայլփլուն աչքերին: Եվ ամեն անգամ մեր հայացքները բախվելիս ես օճառի պղպջակի պես պայթում, ոչնչանում էի ամոթից: Իսկ հուշերը, հաշիշի պես խճճելով ինձ, անընդհատ տանում էին ամառային այն մթնած գիշերը, երբ ես ընդամենը տասնչորս տարեկան էի:
Հ Ա Ց Ի Հ Ա Մ Ը
Նվիրում եմ ընկերոջս՝ Տիգրան Գրիգորյանին
Երկու օր անընդհատ ձյուն տեղաց:
Քաղաքն, ասես կտրվելով աշխարհից, նեղացկոտ երեխայի պես մռզել էր հսկա փոսորակի մեջ: Առատ ձյունը գրկել էր քաղաքը, թառել ամենուր: Մերկ ծառերի ճյուղերն անգամ կքել էին անբեր ճերմակության ներքո:
Մայր Հենենը վախվորած բռնել էր ցցված որովայնը:
-Մի՛ գնա…- ասաց նա, ու նրա գորովալի, թրթռուն ձայնը մի պահ ասես կարողացավ ջերմացնել սենյակի ցուրտ ու գորշ պատերը:
-Մա՛, ախր կսառեն:
Մարտենի փոքրիկ քույրն ու եղբայրը բազմոցի ծածկոցի տակ կարծես ավելի կծկվեցին:
-Ենոքը գիժ մարդ է, որդի՛ս, կջարդի ոսկորներդ:
Մարտենը վեր կացավ տեղից, մեծավարի չափչփեց սենյակում:
-Չէ՜ մի, ամեն ծակուծուկ հինգ մատիս պես գիտեմ,- ու նա ցցեց փոքրիկ ձեռքը՝ ցուցադրելով նրա վրա շարված կոշտացած փոքրիկ մատները:
Մայր Հենենը փախցրեց հայացքը: Աչքերը հառեց պատուհանին: Տիրեց լռություն: Դրսում թույլ քամու հետ շրջում էր դաժան ու անողոք ցուրտը:
Մարտենը դանդաղորեն հագավ մաշված վերարկուն: Գլխին քաշեց սև, ականջակալ գլխարկը և փոքրիկ գայլուկի պես պպզեց ինքնաշեն սահնակի մոտ: Վճռված էր:
Մարտենը դանդաղորեն հագավ մաշված վերարկուն: Գլխին քաշեց սև, ականջակալ գլխարկը և փոքրիկ գայլուկի պես պպզեց ինքնաշեն սահնակի մոտ: Վճռված էր:
Մայր Հենենը խոնավ աչքերով պատված հայացքը հառել էր վառարանին:
-Մի կտոր հաց գցիր բերանդ:
Մարտենը չպատասխանեց, սահնակի պարանը ձգվեց: Նա միայն տնից դուրս գալիս քթի տակ շշնջաց.
-Ոնց որ ախորժակ չկա:
Հացի մի երկու կտոր էր մնացել: Փոքրիկ մարդը դա լավ գիտեր: Դրսում արտասվելու ուժեղ ցանկություն ընկավ ներսը, բայց մի կերպ զսպեց իրեն: Անցուդարձ կար շուրջը: Մի տեսակ ամոթ էր:
Մարտենը շրջվեց, մտավ նոր մաքրված փողոցը ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես ոտքերը ինքնակամ շարժվեցին դեպի մոտակա գերեզմանատունը. ուզում էր միայնակ լինել, կտրվել աշխարհից, մի կուշտ լաց լինել, հոգին թեթևացնել:
Ինքնաշեն սահնակը թեթև սահում էր տղայի ետևից, երբեմն խփվում նրա կրունկներին ու ետ փախչելով` ձգում թոկը. թվում էր՝ հավատարիմ շան պես սահնակը փորձում էր ինչ-որ բանով մեղմել տիրոջ խռոված հոգին:
Մարտենը գլխիկոր քայլում էր, իսկ ականջներում դժժում էր մոր հուզված ձայնը. <<Մի երկու օր էլ սպասիր, թոշակը հենց ստացա, անպայման կտամ>>: Հիշեց հոր խոսքերը. <<Պարտք տվողները բարի մարդիկ են, ափսո՜ս, շտապում են ետ ստանալ>>: Մարտենը կարծես նոր միայն հասկացավ այդ խոսքերի իմաստը:
Գերեզմանոցում հատ ու կենտ ոտնահետքեր էին երևում: Մեկը ողբում էր հեռվում, իսկ գորշ քարերից նայող հարյուրավոր հավերժացած հայացքներ ասես ունկնդրում էին նրան:
Արահետը փակվել էր: Սահնակը մի կողմ թողնելով՝ Մարտենը հազիվ մոտեցավ հոր շիրիմին: Ութ ամիսների ընթացքում հողաթումբը բավականին նստվածք էր տվել: Քրքրելով ձյունը՝ տղան համբուրեց քարը ու փղձկալով ընկավ վրան:
- Էս ի՞նչ արիր, պա…, - Մարտենի ձայնը դողում էր: Կցկտուր լսվող բառերի հետ խզզոցներ էին դուրս գալիս: Քիչ հետո հանգստացավ: Հեկեկոցները փոխվեցին թառանչների, որոնցից երբեմն ցնցվում էր փոքրիկ գլուխը:
-Երեխեքը լավ են…Պա, դու այդպես էլ չիմացար, մաման երեխա պիտի ունենա: Տղա ծնվի` քո անունը կդնենք: Ես այդպես եմ որոշել: Անհոգ մնա, մի կերպ յոլա կգնանք:
Արցունքոտված ու ցեխոտված դեմքով տղայի ցրված հայացքը գամվել էր փոքրիկ քարին...
-Հորեղբայրը խոստացել է, իսկական շիրմաքար կդնենք հիշատակիդ... Նա շուտով կազատվի բանտից...
Մարտենը լռեց: Ամոթխած այնպես սրբեց աչքերը, ասես հայրը նայում էր նրան ու հետևում նրա մտքերին:
Մարտենը լռեց: Ամոթխած այնպես սրբեց աչքերը, ասես հայրը նայում էր նրան ու հետևում նրա մտքերին:
Մոտակայքում նոր հեծկլտոցներ լսվեցին: Երկու կին գրկել էին մարմարե քարը:
- Ներիր, պա… պետք է գնամ: Հաց է պետք:
Մարտենը համբուրեց քարը, կտրուկ շրջվեց ու հեռացավ՝ դժվար քայլելով ձյուների մեջ:
Նա դուրս եկավ փողոց: Ձյունով մաքրեց երեսը: Մի քիչ թեթևացած զգաց իրեն, խոր շունչ քաշեց ու խճուղով իջավ ներքև: Շենքը, որի շինարարությունը կանգ էր առել, բայց տախտակներ՝ ինչքան ուզես, քաղաքի ծայրին էր: Պահակ Ենոքի շիլ աչքին փոխարինում էր կատաղած գամփռը: Եթե Ենոքը հարկերից մեկում էր, գամփռը պտտվում էր շենքի շուրջը կամ դարան մտնում թեք դրված բետոնասալերի արանքում: Ենոքն իր շնից ավելի զարհուրելի էր: Մարտենը դեմ առ դեմ հանդիպել էր նրան: Ձախ աչքը նայում էր մի կողմ, աջը՝ թրթռալով հիպնոսացնում: Այդ պահին Մարտենին թվացել էր, թե ուր որ է ուշքից կգնար: Բայց բախտը բերել էր` մեծավորի մեքենա էր կանգնել: Բարի քեռի էր դուրս եկել: Իր ձեռքով մի քանի տախտակ էր դրել սահնակին.
Մարտենին այդ անցանկալի հիշողություններից դուրս բերեց միայնակ կանգնած երկարահասակ տղամարդը: Մարտենը, համարձակություն հավաքելով, մոտեցավ նրան:
-Քեռի՛, ա՛յ քեռի:
Տղամարդը դժկամորեն շրջեց գլուխը:
-Իջնենք,- Մարտենը հայացքով ցույց տվեց սահնակը: Մարդը թեթևակի օրորվեց: Կպցրեց սիգարետը, խնդաց:
-Իսկ բենզին ունե՞ս:
-Ես լուրջ եմ ասում,- սրտնեղեց տղան:
-Կատակեցի, քիթդ մի՛ կախիր,- տղամարդը անորոշ հայացքով չափեց ներքև ձգվող ճանապարհը:
- Իսկ չե՞նք փշրվի:
Մարտենը թաթմանները իրար տվեց.
-Առաջին անգամ չէ,քեռի, որ մարդ եմ իջեցնում:
-Գիտե՞ս ես ոնց էի քշում,- տղամարդն առույգացած, կրունկներով կտկտացրեց սառած ձյունը:
-Քեռի՛, իջնե՛նք,- տղայի ձայնը կարծես աղերսեց:
Տղայի պահվածքի մեջ տղամարդը չափն անցնող պնդերեսություն նկատեց:
Տղայի պահվածքի մեջ տղամարդը չափն անցնող պնդերեսություն նկատեց:
-Ի՞նչ ես կպել ինձնից, կարծես դրանից բան չենք հասկանում,- գոռաց տղամարդը,- թե՞ գիտես մենք մանկություն չենք ունեցել, հենց այսպես էլ ծնվել ենք:
Մարտենը թափ տվեց ձեռքը, մի կողմ քաշվեց:
-Է՛յ, դու՛, փոքրի՛կ,- տղամարդը մի կերպ անցավ առուն` խմած էր,- էս կողմ արի: Չլինի՞ կարծում ես` վախեցա: - Նա գրկեց Մարտենի ուսն ու ասաց. - դե լավ, արի փորձենք: Տղան ժպտաց հաշտարար.
- Հիսուն ռուբլի, քեռի՛:
- Հիսուն ռուբլի, քեռի՛:
-Օ, հո~ …
-Շատ չէ, քեռի, մի հացի փող:
-Աչքիս փստացնում ես,- ասաց տղամարդը` ցույց տալով ծխախոտը,- թե չէ քո տարիքում հացի մասին վաղ է մտածել:
-Չէ՛, քեռի, ես մեկ-մեկ այնպես, բայց …
-Էլ ի՞նչ բայց: Կարծում ես ծխելով տղամարդ ես դառնու՞մ… ճիշտն ասած քո տարիքում ես էլ էի …
Տղամարդը նստեց սահնակին, կպցրեց ծխախոտը, տուփը մեկնեց տղային: Տղան խոնարհեց աչքերը: Դողացող մատները ինքնըստինքյան ձգվեցին դեպի տուփը: Տղամարդըկատաղեց, ասես ետ գտավ կորցրած հիշողությունը: Ափի մեջ տրորեց ծխախոտը, վեր թռավ տեղից:
Տղամարդը նստեց սահնակին, կպցրեց ծխախոտը, տուփը մեկնեց տղային: Տղան խոնարհեց աչքերը: Դողացող մատները ինքնըստինքյան ձգվեցին դեպի տուփը: Տղամարդըկատաղեց, ասես ետ գտավ կորցրած հիշողությունը: Ափի մեջ տրորեց ծխախոտը, վեր թռավ տեղից:
- Շան որդի, հորդ տեղը ես լինեի, ականջներդ կպոկեի, ու գիտե՞ս էլ ինչ կանեի…
-Ես հայր չունեմ, քեռի…
Օտար մարդուց խմիչքի թունդ հոտ էր փչում: Տղային վաղուց ծանոթ էր այն: Ու մի պահ հոր հարազատ կերպարանքը փարվեց ուղեղին:
Մի կերպ զսպելով արցունքները՝ Մարտենը գլուխը մի կողմ թեքեց:
-Իջնենք, քեռի:
Տղամարդը չպատասխանեց: Կանգնել, զմռսվել էր:
Քիչ հետո սթափվեց, տրորեց ճակատը: Ձեռքը գրպանը տարավ:
-Վերցրու…
Մարտենը ետ քաշվեց:
-Դե վերցրու՛, ասում եմ,- փողը խցկեց տղայի բուռը և շրջվելով հեռացավ ծանրաքայլ:
Տղամարդը մտազբաղ քայլում էր առջևից, տղան սահնակով հետևում էր նրան: Ձյունը համաչափ ճռճռում. կարծես սղոց էին բանեցնում մոտերքում:
-Կա՛ց, քեռի, այսպես չի լինի, վերցրու՛ փողը:
-Հիմա՞ ինչ ես ուզում:
-Նստիր իջնեք, քեռի՛,- խնդրեց Մարտենը,- ես գիտեմ որտեղ ես ապրում…
-Հետաքրքիր է,- քմծիծաղ տվեց տղամարդը,- իսկ որտեղի՞ց գիտես:
-Ներքևի թաղերում համարյա բոլորին գիտեմ, քեզ էլ…
-Կարգին ճարպիկ վարորդ դուրս եկար, մեր տղա,- տղամարդը մոտեցավ Մարտենին,- չվացուցակով ես գործում,- ժպտաց: Ոսկյա ատամնաշապիկները փայլեցին: Հետո նա լրջացավ: Տնտղող հայացքով զննեց շուրջը: Փողոցում հատուկենտ մարդիկ էին երևում: Բոլորն էլ շտապում էին:
-Լսի՛ր… իրո՞ք չենք փշրվի…
-Անհոգ մնա, քեռի՛, եղունգդ էլ չի ծռվի…
-Այ, դա, լավ է,- ասաց տղամարդը,- բայց դու փորձիր հանգիստ քշել:
Նա վեր ձգեց վերարկուի փեշեր ու նստեց սահնակին:
Տղան լուրջ ու հրամայական ձայնով ասաց.
-Ոտքերդ դիր սահնակի եզրերին ու գրկիր մեջքս:
Բարձրահասակ տղամարդու ոտքերը զավեշտալիորեն դուրս էին ցցվել սահնակի երկու կողմից:
-Գնացի՞նք,- հարցրեց տղան:
-Գնացինք,- հազիվ շշնջաց տղամարդը:
Սահնակը դանդաղ պոկվեց տեղից, անցավ շրջադարձը և արագություն հավաքելով` ասես կուլ գնաց թեք ու սառած խճուղու երախին: Սահնակի արագության հետ ուժգնացող քամին սկսեց բավականին անողոքաբար ծակծկել նրանց դեմքերը:
-Լսի՛ր, տաքսիստ, ինչու՞մեքենայիդ վրա դիմապակի չես դնում,-կատակեց տղամարդ ու հետաքրքրվեց. - իսկ որտե՞ղ է քո հայրը:
-Լսի՛ր, տաքսիստ, ինչու՞մեքենայիդ վրա դիմապակի չես դնում,-կատակեց տղամարդ ու հետաքրքրվեց. - իսկ որտե՞ղ է քո հայրը:
-Նա զոհվել է, քեռի՛... Ղարաբաղում...
Մարտենի դեմքին խոնավ ձյունափոշի էր նստել: Հայացքը փախել էր հեռուն, հալվել ձգվող ճանապարհի մշուշին:
Մարտենի դեմքին խոնավ ձյունափոշի էր նստել: Հայացքը փախել էր հեռուն, հալվել ձգվող ճանապարհի մշուշին:
-Գիտե՞ս, դու, իրոք, լա՜վ ես քշում,- ձայնեց տղամարդը: Նա էլի ինչ-որ բան ասաց: Մարտենը չէր լսում, տրվել էր մտքերին: Հացի լուծված հարցը ջերմացրել էր հոգին:
Բայց մի այլ վճիռ էր սողոսկել ուղեղը: Դատարկ չէր բարձրանա: Փայտ էր պետք: Մարտենն իր հանդուգն որոշման հնարավոր հետևանքների մեջ խճճված հազիվ լսեց տղամարդու ձայնը:
-Կանգնեցրու՛, տեղ հասանք:
Սահնակը, մի կողմ քաշվելով, կանգնեց:
-Հը, ո՞նց էր, քեռի…
Տղամարդը ինքնագոհ վեր կացավ տեղից, թափ տվեց վրայից ձյունափոշին:
Տղամարդը ինքնագոհ վեր կացավ տեղից, թափ տվեց վրայից ձյունափոշին:
-Ճիշտը որ ասեմ՝ ես իրոք վախենում էի,- անկեղծացավ նա,-ախր քո տարիքում էլ մի բան չէի: Հա փշրվում էի:
Տղան ժպտաց միամիտ: Աչքերում սեր ու խղճմտանք կար նրա հանդեպ:
-Քեռի՛, վերցրու՛, այս մեկն ավել է,- Մարտենը նրան մեկնեց թղթադրամը:
-Դե՜, ավելից վնաս չկա: Պահիր մոտդ: Վաղը հանգստյան օր կանես:
Մարտենի ձեռքը մնաց օդում, չգիտեր՝ ինչ անել:
-Ես գնամ,- շփոթված ասաց նա:
-Աստված քեզ հետ,- տղամարդը հրաժեշտի համար մեկնեց ձեռքը:
Տղան հեռացավ՝ հետևից քաշելով սահնակը:
Հեռացող փոքրիկին նայող տղամարդու աչքերը մշուշով պատվեցին:
* * *
Իրիկնամուտին Մարտենը բարձրանում էր խճուղով: Տախտակի մի քանի կտորներ խնամքով դարսված էին սահնակին: Չնայած տղայի աչքը կապտած էր, իսկ սառած մատները հազիվ էին պահում հացը, բայց նա ցավ ու հոգնություն չէր զգում: Ցրտից ընդարմացած մարմնով տղան մտովի վայելում էր իրենց վառարանի ջերմությունը, իսկ բերանում մակարդված արյան տհաճ զգացողության մեջ տարածվել էր հացի համը...
Комментариев нет:
Отправить комментарий