Հատված Սուրեն Այվազյանի <<Տուր ձեռքդ, կյանք>> ինքնակենսագրական վեպից
Մի անգամ հայր ունեցող մի տղա ծաղրում է ինձ անցած մեղքերիս համար… Ես բռունցք եմ ցույց տալիս: Նա համարձակ մոտենում է ու ապտակում: Ապտակում է ինձ՝ ինձնից փոքր մի տղա: Ես կոխ եմ բռնում ու նրան տապալում եմ գետնին, պառկում եմ վրան, բայց չեմ ծեծում: Իսկ տղան գոռում է՝ հայրի՜կ: Հանկարծ մեկը շրմփացնում է վզակոթիս ու ականջիցս բռնած բարձրացնում է:
-Մեղավորը քո տղան է,-ասում եմ,-նա ինքը խփեց ինձ, հարցրու իրենից, նա ինձ գոդ ասաց:
Նա չի հարցնում, ինքն էլ է ապտակում ու մատը վրաս թափ տալով ասում է.
-Կորիր, էլ չերևաս այս կողմերը,-և ինքը, հսկա մի մարդ, ինձ քացի է տալիս ու գնում է իր բախտավոր տղայի ձեռքից բռնած:
Սիրտս ու երեսս մրմռալով ես տուն եմ գալիս: Ճանապարհին մտածում եմ, թե ինչու՞ ես հայր չունեմ: Եթե հայր ունենայի, երբեք այսպես ինձ չէին հալածի ոչ փոքրերը, ոչ մեծերը: Տանն էլ եմ մտածում այդ մասին, և որքան շատ եմ մտածում, այնքան ավելի շատ է սեղմվում սիրտս:
Հորս մասին մտածելիս միշտ նրա շորերն եմ հիշում: Ես միայն նրա շորերն եմ տեսել: Բաց եմ անում մորս սնդուկը, հանում եմ հորս չուխան ու սև կարակուլի փափախը, փռում եմ ծնկներիս վրա, նայում եմ, և սիրտս հանգստանում է: Թվում է կա հայրս, նա մի օր պիտի գա, պիտի հագնի չուխան, փափախը դնի ու երևա գյուղամիջում: Հենց ադ օրն էլ բոլորը պիտի իմանան, որ անտեր չէ Բագունց Շոմիկը ու դրանից հետո ինձ հետ սիրով պիտի վարվեն փոքրերն ու մեծերը: Ինձ թվում է, նույնիսկ, որ այն տղան ու իր հայրը, եթե իմանային հորս այս շորերի գոյության մասին, ինձ չէին ծեծի:

Եվ հիմա, ճիշտ է, ես մի քիչ մեծացել եմ, գիտեմ, որ հայրս չկա, չի լինելու, բայց ինչպես կենդանի հոր հետ՝ հարազատ մի կապ կա այդ շորերի հետ և ոչ մի կերպ չպետք է կտրել այդ կապը: Ես ուզում եմ, որ այդ շորերը միշտ մեր տանը լինեն: Հիմա, երբ զգում եմ, որ չկան հորս չուխան ու փափախը, ինձ ավելի եմ անտեր զգում:
-Ինչու՞ ծախեցիր,-արցունքի միջից հարցնում եմ մորս ու չեմ ուզում անգամ նայել հորս շորերով ձեռք բերած այդ ուտելիքին:
Հորաքույրս նայում է ինձ ու հուզվում է, և մայրս է հուզվում:
-Անպատճառ ետ կբերեմ,-գորովալից ձանով ասում է մայրս և ուշադիր նայում է քունքիս: Ես նոր զգում եմ, որ ցավում է այն տեղը, որ Սահակը բոթեց ծալած մատով: Մայրս պաչում է հենց այդ տեղը, մատները քսում է, ու ասում է. <<Ես ճախարակ կմանեմ, խմոր կհունցեմ, մի բան էլ ավել կանեմ ու ետ կբերեմ հորդ շորերը>>,-և նորից է պաչում քունքս:
Ես զարմանում եմ, մի՞թե մայրս գիտե, որ Սահակը ինձ խփել է:
-Կեր, գոնե մի կտոր,-մի կտոր գաթա է տալիս,-խոստացա, անպատճառ կբերեմ, կեր,-խնդրում է:
Խղճում եմ մորս, ուզում եմ անպայման կատարել նրա ցանկությունը: Կծում եմ ինձ տված գաթան, բայց իսկույն չորանում է բերանս, խեղդվում է կոկորդս, կուլ չի գնում, իսկ աչքերս վառվում են: Մայրս, հորաքույրս նայում են, թե ինչպես են դողում շրթունքներս, աչքերիս են նայում և իրենց պահել չեն կարողանում…
-Քեզ ասացի կբերեմ… - մայրաբար բարկանում է մայրս:
Միայն Նախշունն է անտարբեր և ախորժակով ուտում է իր բաժին գաթան:
*Լուսանկարը՝ Քաջիկ Միքայելյանի անձնական արխիվից:
Արտատպելիս հղումը կայքին պարտադիր է:
Արտատպելիս հղումը կայքին պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий