30.12.2015

ԼՐԱՑԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԸ

Դեկտեմբերի 27-ին լրացավ մերօրյա տաղանդաշատ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի ծննդյան 60-ամյակը: 
Տ.Գրիգորյանի բանաստեղծությունների վարակիչ հուզումը, մտածումների ազնիվ ու հանդուգն թափը, հավիտենության հետ զրույցի բռնվելու մշտական ոգորումը գրական վաստակի բարձր արժեքայնության վկայությունն են: Ժողովածուից ժողովածու բացվեցին նրա տաղանդի երակները, շողացին գրական ձիրքի թաքուն կայծերը: Եվ ներշնչումի հորդաբուխ աղբյուրներից ժայթքեցին հոգեկան տվայտանքի հզոր կանչեր, երևակայության շքեղ պատկերներ ու իմացական վսեմ թանձրացումներ, որոնք վերածվեցին բանաստեղծական հոյակերտ երկերի: 
<<Միրհավ>> գրական ակումբը շնորհավորում է բանաստեղծին վաստակած հոբելյանի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն ու ստեղծագործական նոր ձեռքբերումներ: 
Հոբելյանի առթիվ հրապարակում ենք բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի գրախոսականներից մեկը՝ նվիրված Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությանը:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՏՈՀՄԻԿ
ԵՐԱՆԳՆԵՐՈՎ ԹԱԹԱԽՎԱԾ

Հանրահայտ է, որ բանաստեղծների գրական նախասիրության վրա մեծապես ազդում են ժամանակն ու միջավայրը: Իմ այն հարցին, թե իր և Ակսել Բակունցի միջև ինչ ընդհանուր երևույթ կա, Համո Սահյանը պատասխանել է, որ իրենք ապրել են միևնույն միջավայրում:
Կարդալով <<Հավիտենության ճանապարհին>> ժողովածուն, գալիս ես համոզման, որ այն գրվել է Ակսել Բակունցին և Համո Սահյանին հարազատ միջավայրի ու հեղինակի ապրած ժամանակի հզոր ազդեցությամբ:
Կյանքը միշտ էլ հյուսվում է ինչ-որ միջավայրում՝ իր մեջ ներառելով այն մակընթացություններն ու տեղատվությունները, որոնք ուղեկցում են տվյալ ժամանակին: Եվ նա է այդ կյանքում բանաստեղծ կոչվում, ով առօրեական աշխարհից վեր է խոյանում ու հավերժական ժամանակի արարչական բարձունքից նայում այն ամենին, ինչը երբեմն անընդգրկելի ու անձևակերպելի է թվում սովորական մարդուն: 
Տիգրան Գրիգորյանն իր ներաշխարհում կրելով ոչ սովո-րական մարդուն՝ նրան անվանել է տիեզերաճեմ: Ընթերցելով <<Ինչպես գտա ինձ>> ենթավերնագիրը կրող շարքը՝ համոզվում ես, որ նա հենց այդ ոգեղեն ոլորտներում էլ գտել է իրեն: 
Իր ոճի մասին Տիգրան Գրիգորյանն ասում է. 

Գրում եմ այնպես,
Ինչպես իմ տոհմիկ
Ժողովուրդն է հին,
Դառը խորհելով, 
Հրեղեն հույզեր
Փռում իր չորս դին:

Բանաստեղծի եզրահանգման հետ անվերապահորեն հա-մաձայնվում ես, երբ կարդում ես իսկապես տոհմիկ երանգներով թաթախված <<Անմահության համանվագ>> պոեմը: 
Հայտնի է, որ Գորիսի տարածաշրջանում գտնվող Կյորու գյուղում անցկացրած դպրոցական տարիների ամառային արձակուրդների անմոռանալի հիշողություններն են գեղարվեստական նյութ տվել ու ոգեշնչել հեղինակին գրելու այդ պոեմը: 
Գյուղական կյանքի այդ համանվագի ընթերցումը, ծննդավայրում տպավորված հուշերի անպատմելի հարազատությամբ ու երանությամբ ուղեկցվող կարոտներ արթնացրին տողերիս հեղինակի հոգում: Ժամանակին տեսնել էր պետք այն երեք գյուղը, որ միմյանց հարևան ձորերի մեջ բնիկների երեք հիանալի համայնք էին կազմում՝ Կյորուն, Ըրղունի շենը և Մուղանճյուղը: Այդ գյուղերը սոցիալիզմի հորձանուտով թեպետև անցան, բայց կարողացան իրենց ինքնատիպությունը, սքանչելի բարբառն ու սովորությունները պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդային իշխանությունները չէին միավորել այդ գյուղերը և Հարթաշեն անվամբ մի գյուղ հիմնել... 
Մի անգամ Սոս Սարգսյանի հետ եղանք հին գյուղատեղերում, որոնցում դեռ կանգուն առանձնատներ կային ու պտղատու ծառերի հետքեր: Մեծ դերասանը հիացմունքով բացականչեց. <<Այստեղ իսկական հայեր են ապրել՝ Համո Սահյանի Խաչիպապի նման մարդիկ>>:
<<Անմահության համանվագ>> պոեմը կարդալիս ոչ միայն հստակորեն տեսնում ես աշխատավոր հայ գյուղի ավանդական կեցությունը, այլ նաև հիանում ես բնաշխարհի ու մարդու ներդաշնակ գոյության նախապատմական հովվերգականությամբ: Պոեմը լեցուն է զգլխիչ պատկերներով, բնության պարգևած առինքնող թովչանքներով, բանաստեղծական հայտնությունների պես հնչող նկարագրություն-ներով, գյուղաշխարհը ճանաչելի դարձնող անզուգական բնութագրություններով... 
Մեր ժամանակի ականավոր գրականագետ և անկրկնելի անհատականություն Կիմ Աղաբեկյանը շատ հակիրճ, բայց խորաթափանց առաջաբան է գրել բանաստեղծի առաջին գրքի մասին: Իմ խոսքը կարող է այդ պարագայում և ավելորդ թվալ: Սակայն ես չէի կարող անտարբեր մնալ իմ հայրենակցի գրքի նկատմամբ ու չասել, որ այն ինքնահաստատված, ճշմարիտ բանաստեղծի ժողովածու է: Եվ վերջապես չէի կարող անտարբեր մնալ նաև նրա սքանչելի թարգմանությունների նկատմամբ: 
Սերգեյ Եսենինի գործերն անթերի են թարգմանված: Դա, կարծում եմ, արդյունք է երկու հանգամանքի. Տիգրան Գրիգորյանը կարողացել է զգալ Եսենինի բազմախորհուրդ ու բարդ քնարերգության նրբերանգները՝ լիովին տիրապետելով բանաստեղծության թարգմանության արվեստին: 
<<Թարգմանությունները դառնում են քո ստեղծագործությունների մի մասը>>, – գրել է Համո Սահյանը, երբ Եսենին էր թարգմանում: Տիգրան Գրիգորյանը <<Թարգմանչի կողմից>> գրած իր խոսքում, թեև անուղղակիորեն, սակայն, անշուշտ, նույն համոզմունքն է հնչեցնում. <<Անվերապահ ինքնալքումով, ինքնամոռաց հավատով լի թարգմանիչը հեղինակի հետ այնպես պիտի մերվի, որ կարողանա բնագրի արար-ման ներշնչանքի սարսուռն զգալ. թարգմանված տողը, պատկերը ոչ թե արհեստավարժորեն փոխադրված, այլ հնարավորինս պիտի երկնված լինի: ...Թարգմանությունը ոչ թե պիտի փոխադրվելով ինչ-որ կերպ սարքվի, այլ պիտի թարգմանչի կողմից վերապրվելով` վերածնվի>>:
Տիգրանի թարգմանած բոլոր գործերը և հատկապես <<Սև մարդը>> վստահաբար կարելի է դնել հայ թարգմանչական արվեստի լավագույն նմուշների կողքին:


ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր

Комментариев нет:

Отправить комментарий