17.06.2015

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԸ 116 ՏԱՐԵԿԱՆ Է (տեսանյութ, լուսանկարներ)

Իմաստախոսությունն ասում է՝ <<Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է>>: Հայ ժողովրդի համար այդ աստեղային պահերից մեկն էլ 1899 թվականի հունիսի 13-ն էր՝ հայ արձակի բյուրեղային վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի ծննդյան տեսլաժամը:
Օրերս լրացավ մեծանուն արձակագրի ծննդյան 116-ամյակը, որը Գորիսում նշվեց մեծ շուքով: Գրական տոնն այս տարի նշանավորվեց հիշարժան իրադարձությամբ. թանգարանի բակում Սյունիքի մարզպետի մեկենասությամբ տեղադրվեց գրողի կիսանդրին(քանդակագործ Մ.Ղուկասյան): Մարզպետ Ս.Խաչատրյանի, փոխմարզպետ Վ.Դավթյանի, Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցի, Գորիսի հոգևոր թեմի առաջնորդ Ահարոն քահանա Մելքումյանի և պաշտոնատար այլ անձանց անմիջական մասնակցությամբ էլ տեղի ունեցավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Բակունցի լուսաճառագ հարկի տակ հավաքված մտավորական ընտրանու ներկայացուցիչները, մայրաքաղաքից ժամանած հյուրերը, որոնց թվում՝ Ե.Չարենցի անվան Արվեստի և գրականության թանգարանի տնօրեն Կ.Վարդանյանը, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դ.Գասպարյանը և ուրիշներ, իրենց ելույթներում շեշտեցին Բակունցի ստեղծագործության պատմական նշանակությունը, կարևորեցին բոլոր այն ձեռնարկները, որոնք միտված են նրա գրական հեղինակության ամրապնդմանը, ստեղծագործության հանրայնացմանը և սերունդներին Բակունցի իմաստուն ու լուսավոր մտքի ճանապարհով ուղղորդելու առաքելությանը:
Օրվա առթիվ թանգարանը Գորիսի մշակութային ու ստեղծագործական կառույցների համատեղ ուժերով բակունցասերներին ներկայացավ միջոցառումների հարուստ ծրագրով: Այցելուները անգնահատելի հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Բակունցի՝ <<մյուռոնի նման սրբազնագույն>> աշխարհին, <<շփվելու>> նրա սիրված հերոսների հետ, ներշնչվելու նրա հոգևոր ներկայությամբ: 
Թանգարանում առաջին անգամ բացվեց բակունցյան մոտիվներով գեղանկարների ցուցահանդես՝ Գորիսի Գ.Պարոնյանի անվան արվեստի դպրոցի և ՀՀ Գեղագիտության ազգային ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի սաների մասնակցությամբ, ինչը վառ գույներ հաղորդեց օրվա խճանկարին: 
Հյուրերը գրողի բյուրեղային ստեղծագործությունների բույրն ու հմայքը մեկ անգամ ևս վայելեցին <<Միրհավ>> գրական ակումբի շնորհիվ, որ հանդես եկավ Բակունցի գրական դիմանկարն ամբողջացնող գեղարվեստական կոմպոզիցիայի մատուցմամբ: 
Օրվան տոնական հուզառատ լիցքեր հաղորդեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժող.գործիքների համույթը, առանձին կատարումներով հանդես եկավ երգչուհի Սուսաննա Ղումաշյանը: Հանդիսականենրին երաժշտական գողտրիկ համարներ մատուցեցին նաև Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի շնորհաշատ սաները: 
Օրը համեմվեց ավանդական մատաղի հյուրասիրությամբ թանգարանի այգում:

ԱՐՈՒՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
































Комментариев нет:

Отправить комментарий