Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց շառաչել...
Համո Սահյան
...Ինչ էլ որ լինի՝
Չհիվանդանալ իմ դարի ախտով.
Նույնիսկ՝ մահանալ,
Բայց քաղաքակիրթ խաբկանք չդառնալ:
<<Ապխտածություն>>
Այսպես, քաղաքակիրթ խաբկանքների, ասել է թե՝ կեղծը, անբնականն ու ճշմարտամերժը քաղաքակրթության քողով ծածկելու սարսափազդու, ապխտած ախտի հետ պայքարն սկսված է, և մարտադաշտը Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհն է՝ <<Անմահության համանվագ>> վերնագրով:
<<Ես չեմ մտնում նրա ստեղծագործական աշխարհի մեջ, – գրում է Տիգրան Գրիգորյանի <<Հավիտենության ճանապարհին>> առաջին ժողովածուի առաջաբանի հեղինակ Կիմ Աղաբեկյանը, – ես պարզապես գրում եմ այդ աշխարհի մասին, – շարունակում է նա՝ վկայելով, որ <<նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է՝ բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն>>: Իհարկե, չեմ ասի, թե գրականագետը խուսափել է մտնել նույն այդ տառապանքի ծովը, ուր կյանքի ամեհի, երբեմն՝ լպրծուն ալիքների հետ իր պայքարն է մղում բանաստեղծը: Պարզապես այդ ծովն այնքան խորն է, որտեղ մտնողը պետք է զինվի կամքի ու համբերատարության, ընդվզումի ու պայքարի նույն ոգով՝ քաջ գիտակցելով, որ Տիգրանի գրքում ներկայացված ստեղծագործությունները շատ ընդգրկուն ասելիք ունեն և արժանի են շատ մեծ ու լուրջ ուշադրության, քան մուտքի ու ողջերթի խոսքը կարող է լինել, քան տողերիս հեղինակի զգացմունքային տպավորություններն ու նրանցից ծնված կամ վերածնված սերն առ պոետ ու պոետականություն:







