Հոդվածը ներկայացվել է 2017թ. մայիսի 7-9-ը Արցախի պետական համալսարանում կազմակերպված հանրապետական գիտաժողովում՝ նվիրված Շուշիի ազատագրության 25-րդ տարեդարձին: Տպագրվել է գիտաժողովի նյութերի ժողովածուում:
* * *
Արցախյան շարժման բռնկումի հետ ասպարեզ եկած հայ մտավորականների շարքում Սերո Խանզադյանը ջերմեռանդ ու գլխավոր դրոշակակիրներից էր: Պատահական չէ, որ շարժման առաջին օրերից Խանզադյանն իր գրական ու հրապարակախոսական հարուստ պաշարն ի սպաս դրեց պատմական արդարությունը վերականգնելու երախտաշատ գործին: «Ղարաբաղը կրակների մեջ» փաստավավերագրական գրքում գրողը հանրագումարի բերեց Արցախյան ազատագրական պայքարին նվիրված իր հասարակական, հրապարակագրական գործունեությունը̀ ինքնավստահություն, խիզախություն ու քաջություն պատգամելով սերունդներին: Այդ օգտաշատ գործունեությունն ունեցավ նաև գրական թռիչք. Ս.Խանզադյանը 1991 թվականին հրատարակեց «Շուշի» պատմավեպը՝ 18-րդ դարավերջի արցախյան իրադարձությունների թեմատիկ ընդգրկումով:
Վեպը Շուշիի պատմության գեղարվեստական յուրացման առաջին փորձն է՝ գրված Արցախյան շարժման անմիջական ազդեցությամբ՝ Շուշիի ազատագրության նախաշեմին: Հեղինակի նպատակն էր պատմական ճշմարտությունների, անցյալի դասերի, Արցախի հերոսական ոգու բացահայտումով նոր շունչ հաղորդել նորօրյա ազատամարտին և կերտել հայոց պետականության գաղափարախոսությունը: Այդ տեսակետից Խանզադյանի պատմահայեցողության մեջ ուրույն նշանակություն է ստանում «պատմության դաս» արտահայտությունը, որի հիմնական էությունը պատմության իմացության չափազանց կարևորումն է՝ ոչ միայն որպես ինքնաճանաչման ձև, այլև գոյության և ինքնահաստատման միջոց:



















