Հատված Ս.Այվազյանի <<Ասուր, հե՜յ Ասուր>> ինքնակենսագրական վեպից
Մեր հին գյուղը հազարամյակների պատմություն ուներ. քանդեցին, բարձրացան սարահարթ: Վերացրին մի հին, հարուստ պատմություն, որ մնաց Ձորում, ապրածների սրտերի, հիշողությունների մեջ և կմնա այնքան, ինչքան նրանք կլինեն:
Ձորի մեր տունը, ինչպես բոլոր տները, մի ուրիշի տան վրա էր: Այսինքն՝ այդ ուրիշի տան կտուրը մեր տան բակն էր: Երբ ես փոքր էի, ուզեցի, որ մեր տան առաջ պարտեզ ունենանք: Պարտեզում ծաղիկներ լինեն, ծառեր ու մեծ ընկուզենի, որ ընկերներիս հետ պահմտոցի խաղամ՝ թաքնվեմ նրա թանձր սաղարթների արանքում: Որ ամռանը, լուսնյակ գիշերներին, նստենք նրա տակ և, ծաղիկների հոտը շնչելով՝ նայենք աստղերին, երազենք ու զարմանանք: Որ այդ ընկուզենու տակ, մեզ հետ նստի և ջաղացպան Ներսեսը՝ պատմություններ անի, մենք էլ լսենք ու չհագենանք:
Մի օր մտածեցի ու գտա, որ կարելի է այդպիսի պարտեզ ունենալ:
