Դալարագեղ մանկություն, այս է ահավասիկ ուրախությունը:
Ահա կրկին փոփոխություն է եղանակի ու արյունս, ինչպես ամեն տարի, գարնան առաջին ամսուն, խենթացած է իր բերկրութենեն: Հիշատակն իսկ նորածին ուլերուն, մաքիներու հղի աչքերուն, ուր կը զգայիր աղապատանքը նորածագ մայրության մը, կովերու բառաչին եղերական փողոցներու մեջ ու ցորենի բարձրացող ծիլերուն, կը բավե, որպեսզի պոռալու խելագար ծարավ մը պատռե կոկորդս:
Որքան մերձ, անմիջական ու քաղցր ես, դալարագեղ մանկություն: Կըսեմ ահա փոփոխություն է եղանակի ու արյունս քեզ զորությամբ կը հիշե: Ահա գյուղաքաղաքը կը զարթնու կրկին, առավոտյան կապույտ մշուշին մեջ ու դուն կը հետևիս կիրակի առավոտով, արորին լուսացայտ հետքերուն:
Արտի եզերքի դալարիքներուն վրա սարյակները խենթ ճիչերով գարնան հաղթանակը կերգեն: Ամբողջ հողը կը ծխա, զի նորազարթ արեգակը շեշտ իր ճառագայթները կը խրե մայր երկրին ծոցը: Եզներու պիրկ ու քաջ գավակները կը պրկվին այդ հրաշալի ճիգեն ու ակոս առ ակոս երկիրը կը պատռվի: Վայրկյաններ կան, որ այդ բարի անասուններուն ողնասյունը կը կորանա, որովհետև ծանր է հողին բեռը ու հողին շողուն շերտերին մեջ՝ խոփին ցոլացող դանակը կը հանդիպի շնատամի աներես արմատներու:

