30.03.2016

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՎԱՆԴ ՍԵՎԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Երախտաշատ գրականագետ, մատենագետ, Գորիսի պետական համալսարանի երկարամյա դասախոս Նինա Հովսեփյանի մահից մեկ տարի անց ԳՊՀ-ի գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրվել է նրա երեսնամյա գիտական պրպտումների արդյունքը, կամ ինչպես ինքն էր սիրում ասել՝ կյանքի գիրքը՝ Պարույր Սևակի կենսամատենագիտության երրորդ հատորը: 
Մատենագիտությունն ընդգրկում է 1983-2002 թվականներին բանաստեղծի մասին լույս տեսած բոլոր տպագիր նյութերի աղբյուրները, ինչպես նաև Սևակի երկերի (գեղարվեստական գործեր, քննադատական, հրապարակախոսական հոդվածներ, նամակներ, թարգմանություններ) հրատարակությունների գրացուցակը:

13.03.2016

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ / Մեր անաստվածն ու ելքից դուրս հավատավորը

Նա եկել էր Նաիրի երկրի մշուշներից: Եկել էր մեր վաղնջական գոյության հեթանոս հեռաստաններից: Այրարատ երկրի քամին շաղափում էր նրա արևահար դեմքը, թրթռացնում արքայամեծի նրա թիկնոցը, և օրը լեցուն էր նավասարդյան առավոտվա արբեցնող բույրերով: Նա եկել էր հայոց անցյալի մութ ու օրհասված կեռմաններում չծնված մեր բոլոր հանճարների փոխարեն: Եկել էր, որ հավասարակշռեր մեր ցավն ու հրճվանքը, զգաստությունն ու գութը, հույզն ու բանականությունը: Այդպես իր վաստակով խոնջացած ձկնորսն է վերադառնում բաց ծովից: Այդպես կեսարն է տիրական ու վստահաքայլ տուն դառնում հերթական, հաղթանակով պսակված արշավանքից. <<Ես գալիս եմ, ահա ‐ նայեցեք,նայեցեք: // Ես գալիս եմ ահա‐ դարերից ‐ Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ: // Ու երգերը ցնդած օրերի>>: Ծնվել էր, որ արնամած, քարակոփ տողերով ոգեր <<Ես իմ անուշ Հայաստանին>> և վեր կանչող, կապույտ լույս դառնար Արարատ լեռան կատարին: Ծնվել էր, որ այդ մարմրող <<Անուշ Հայաստանին>> մի նոր լույս ու ջերմություն հաղորդեր և իր Ցեղը փրկեր հեղձամահ լինելուց: Ծնվել էր <<շոգ շնչի տակ Օրմուզդի թևի>>, և նրա կրակոտ սիրտը մեկ վայրկյան իսկ չպիտի բաբախեր առանց կապույտում ճախրելու հաճույքի: Ծնվել էր կարսեցի Աբգար աղայի օջախում, ամենասովորական հայի կերպարանքով և Արարչի տված հատուկ բոլորանվեր քանքարով: Ծնվել էր մանուկ աստղի պես ճառագելու, ծեր ծաղկողի պես` ուսուցանելու: Ծնվել էր իբրև <<անհաղթ արու, որպես հրաշք` ելած հայ ցեղի արգանդից>>: Եկել էր պահանջելու վհատ ժամի մեր այրական տոկունությունը, խրախճանքի ժամի` մեր զգոնությունը: Չարենցն էր` հաստատաքայլ, անընդմիջելի ու անմեկնելի:

07.03.2016

ԿԱՐԱ - ԴԱՐՎԻՇ / «Ո՞վ եմ ես (իմ ինքնակենսագրությունը)»

Հայկական ապագայապաշտությունը 20-րդ դարասկզբի հայ գրական կյանքի արժանահիշատակ իրողություններից մեկն է: Կարա-Դարվիշի (Հակոբ Մինասի Գենջյան) ամբողջ կյանքն անցավ այդ հոսանքին նվիրվածությամբ՝ տեղիք տալով և՛ լուրջ առարկումների, անգամ ծաղրուծանակի, և՛ գնահատումների, անգամ՝ գերագնահատումների: Կարա-Դարվիշն այսօր իր գործունեությամբ ու ստեղծագործությամբ թեև ունի ավարտված գրապատմական նշանակություն, բայցև չի կորցրել իր <<շեղված>> կերպարի հետաքրքրությունը: 
<<Ո՞վ եմ ես (իմ ինքնակենսագրությունը)>> նրա լավագույն բանաստեղծություններից է, եթե ոչ գլուխգործոցը. պահպանվել է հայերեն, ինչպես նաև ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն թարգմանություններով: Անթվակիր է, ամենայն հավանականությամբ գրված պետք է լինի 1921-ին: 

Ո՞Վ ԵՄ ԵՍ

Ես ցնորամիտ երազկոտ եմ -աստղերը և լուսինն են իմ երազը:
Ես հաստատուն երկրացի եմ - հողը և բնությունն է իմ արմատը:
Ես արթուն պահապան եմ - ամեն արժեքներու աչալուրջ հսկողն եմ:

06.03.2016

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ /Մշակու՞յթ, թե՞ հակամշակույթ

Այժմ մշակույթի և մասնավորապես արվեստի մասին խորհելիս, հաճախ տեսիլվում է բանաստեղծի պատկերած այն ծառը, որի սաղարթում հավքերը բույն են շինում ու երգում, մինչդեռ ծառը տակից սղոցում են…
Մշակույթի կենաց ծառը փորձում են կտրել առավել «բարձր հովանավորությամբ»: Ովքե՞ր են այդ վնասատուները, զավթիչները, կեղեքիչները, բռնակալները:
Անշուշտ, նույն խմորի մարդիկ: Այս առումով իմաստունները մարդկանց բաժանում են երկու տեսակի` աշխատասեր, սթափ արարողների, և` սպառողների (սպառնացողների), ավերողների: Ծույլերը, թույլերը, ապաշնորհները, վախենալով սովից, մահից` վերածվում են բռնակալների: Ոմանք էլ համախմբվելով իրենց նմանների հետ` վերածվում են հորդաների և զանազան խմբավորումների: Դրանք են, որ մշակույթը, նույնիսկ կրոնը, օգտագործում են որպես իրենց հանցանքները քողարկելու միջոց:
Մի դասական օրինակ: 637 թվին, Քադիսիայի «սրբազան պատերազմից» հետո արաբ զորավարները որոշել էին ավարից մեծ բաժին տալ նրան, ով կկարողանար Ղուրանից գեթ մեկ սուրահ հիշել: Եվ այդքան զինվորների մեջ չգտնվեց և ոչ մեկը…
Մշակույթը, հոգևորը անհատին և ժողովրդին վեհացնող ինքնությունն է, տարբերանշանը, դեպի երկինք «տանող հրթիռն է»: