Ռադիոհաղորդում մեր հայրենակից բանաստեղծ Սպարտակ Բակունցի եղբոր՝ Արմիկ Բակունցի և բանաստեղծի <<Հայացքների պայքար>> գրքի խմբագիր Երվանդ Պետրոսյանի մասնակցությամբ
(Հարցազրույցի սղագրություն)
Ե.Պետրոսյան - Սպարտակի գիրքն արդեն տպագրվել է, և համոզված եմ` այս գրքի ու նրա հեղինակի մասին խոսք կլինի ոչ միայն ռադիոյով, ոչ միայն այսպես բանավոր, այլև մամուլում: Բայց անկախ դրանից, հիմա, սիրելի´ Արմիկ, խնդրում եմ մի քանի խոսք ասել քո եղբոր` Սպարտակի մասին՝ իբրև մարդու ու բանաստեղծի: Գիտեմ, հեշտ չէ քեզ համար խոսել քո բացակա եղբոր մասին, բայց, այնուամենայնիվ, եթե կարելի է, մի քանի խոսք նրա մասին:
Ա.Բակունց – Այո՛, սիրելի՛ Երվանդ, դու գիտես, թե ինձ համար որքան դժվար է այս հաղորդմանը մասնակցելը, մանավանդ, որ այն նվիրված է զոհված եղբորս: Բայց որքան ցավալի, նույնքան էլ ցանկալի է այս հնարավորությունն օգտագործել և նրան ներկայացնել ոչ որպես եղբոր, այլ որպես բանաստեղծի, որպես մարդու, որպես հայի:
