... Նշանավոր էր այդ օրը։ Ես այն ժամանակից մինչև այսօր էլ չեմ մտաբերում իմ կյանքում մի այնպիսի զվարճալի օր, չնայելով, որ այժմ բազմապատիկ բախտավոր հանգամանքներում եմ ապրում։ Հյուրերը մի-մի բաժակ օղիով շնորհավորեցին հորս, իսկ ինձ օրհնեցին հազար տեսակ օրհնանքներով։ Մի քանիսը նրանցից, ինձ շատ խրատներ տվեցին իմ ապագա կյանքի խելոքությամբ և խոհեմությամբ վարելու մասին։ Ես այդ խրատներից միայն մեկն եմ հիշում․ նա ինձ վրա խիստ խորը տպավորություն արավ, և ես երբեք չեմ մոռանա այդ խրատը։ Նա մինչև այսօր եղել է իմ կյանքի ղեկավարը, նույնը պիտի մնա և մինչև իմ մահը։ Խրատողը մեր հարևան մանրավաճառ Թորոսն էր, մի, ինչպես պատմում էին, խելոք մարդ։
— Ո՛ւր որ լինիս, ինչ գործի որ կպչես, — ասաց նա, — աշխատիր քեզանից մեծերի հավատարմությունը գրավել դեպի քեզ խոնարհությամբ, լռությամբ։ Աոաջին քո հոգսն լինի մեծերիդ աչքում սիրելի դառնալ, փաղաքշելով, կեղծավորելով, շողոքորթելով։ Չթույլ տաս, որ քեզ խաբեն, բայց աշխատիր, որ ամեն ժամանակ ինքդ ուրիշներին խաբես քո խելքով։ Այնտեղ,ուր տեսնես, թե մի կոպեկի անգամ շահ ունիս, ամեն միջոց գործ դիր այդ շահը չկորցնելու։ Վնաս չունի, հարկավոր եղած ժամանակ սուտ էլ ասա, միայն թե մեջտեղ շահ ունենաս։ Վերջապես, միշտ մտաբերիր Քրիստոսի պատվերը․ «Եղեք խորամանկ, ինչպես օձ, իսկ միամիտ՝ ինչպես աղավնի»։
