Սիսիանի Լոր գյուղը Սյունիքի նշանավոր, հնագույն բնակավայրերից է: Հարուստ այգիների մեջ թաղված այդ գյուղի անունով ամբողջ ձորակը՝ իր հինգ գյուղերով, մինչև հիմա էլ կոչվում է Լորաձոր: Լորը հայ նշանավոր բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայրն է: Լորը պատմությանը հայտնի է նաև որպես գրի ու գրչության կենտրոն: Գրագետ և ուսյալ լորեցիների հպարտությունն իրենց դպրոցն է: Կառուցվել է այն 1905 թվականին ծագումով Կապանի Շրվենանց գյուղից, Բաքվում ապրող նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի ֆինանսավորմաբ, որի կինը Լոր գյուղից էր: Լորեցիները ևս դրամահավաք էին կազմակերպել. նախաձեռնողը գյուղի երեցների շառավիղ Միքայել Միքայելյանն էր: Երբ դրամն ամբողջովին պատրաստ էր, փող տվողներից ոչ մեկը իր հողը չզիջեց դպրոցի կառուցման համար: Համո Սահյանը, այս պատմությանը քաջատեղյակ, գրել է. <<Գյուղում ստիպված դպրոցի շենքը կառուցել են գերեզմանոցում... Ես լավ գիտեմ հին գյուղը և այն իդեալականացնել չեմ կարող>>: Մինչև հիմա էլ շիրմաքարերի հարևանությամբ՝ Ձիթհանի բարձունքում, կանգնած է դպրոցը՝ այն օրերի գյուղի միակ թիթեղածածկ շենքը:
