Հայտնի է, որ գրողի խոսքարվեստի կատարելությունը հիմնականում պայմանավորված է նրա կերտած կերպարների և պատկերների (բնանկար, պատկեր-գործողություն, պատկեր-խոհ և այլն) հաջողվածությունից, որովհետև պատկերը ոչ միայն ինքնուրույն արտահայտչամիջոց է, այլև, որպես կանոն, տարբեր արտահայտչամիջոցների ներթափանցումով մտահղացված ամբողջություն: Սակայն լեզվաոճական ուսումնասիրություններում երբեմն նախապատվությունը տրվում է տվյալ պատկերի ներսում առկա առանձին արտահայտչամիջոցների զուտ քերականական և բառակազմական վերլուծություններին` մասնատելով, երբեմն էլ գաղափարազրկելով պատկերի ամբողջությունն ու նրա մտահղացման նպատակը կամ էլ շարադրանքի վերջնամասում թվարկվում են մի քանի պատկերներ (հիմնականում բնապատկերներ) և որպես եզրակացություն գրվում հանրահայտ վերացական նախադասություններ` մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Այս պատկերը նպաստել է կերպարի տիպականացմանը», «Մեծ լիցք է հաղորդել ստեղծագործության գեղարվեստականությանը» և այլն: Իսկ թե ինչպե՞ս է նպաստել կամ ի՞նչ լիցք է հաղորդել, գրեթե չի նշվում: Մինչդեռ գեղարվեստական պատկերի գլխավոր նպատակը երկի գաղափարական բովանդակությունը լրացնելն է, նրա ձևավորման նրբերանգներին մասնակցելը:
