Показаны сообщения с ярлыком Տիգրան Գրիգորյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տիգրան Գրիգորյան. Показать все сообщения

30.12.2015

ԼՐԱՑԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԸ

Դեկտեմբերի 27-ին լրացավ մերօրյա տաղանդաշատ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի ծննդյան 60-ամյակը: 
Տ.Գրիգորյանի բանաստեղծությունների վարակիչ հուզումը, մտածումների ազնիվ ու հանդուգն թափը, հավիտենության հետ զրույցի բռնվելու մշտական ոգորումը գրական վաստակի բարձր արժեքայնության վկայությունն են: Ժողովածուից ժողովածու բացվեցին նրա տաղանդի երակները, շողացին գրական ձիրքի թաքուն կայծերը: Եվ ներշնչումի հորդաբուխ աղբյուրներից ժայթքեցին հոգեկան տվայտանքի հզոր կանչեր, երևակայության շքեղ պատկերներ ու իմացական վսեմ թանձրացումներ, որոնք վերածվեցին բանաստեղծական հոյակերտ երկերի: 
<<Միրհավ>> գրական ակումբը շնորհավորում է բանաստեղծին վաստակած հոբելյանի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն ու ստեղծագործական նոր ձեռքբերումներ: 
Հոբելյանի առթիվ հրապարակում ենք բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի գրախոսականներից մեկը՝ նվիրված Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությանը:

24.10.2015

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ / Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհում

Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց շառաչել...
Համո Սահյան

...Ինչ էլ որ լինի՝
Չհիվանդանալ իմ դարի ախտով.
Նույնիսկ՝ մահանալ,
Բայց քաղաքակիրթ խաբկանք չդառնալ:
<<Ապխտածություն>>

Այսպես, քաղաքակիրթ խաբկանքների, ասել է թե՝ կեղծը, անբնականն ու ճշմարտամերժը քաղաքակրթության քողով ծածկելու սարսափազդու, ապխտած ախտի հետ պայքարն սկսված է, և մարտադաշտը Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհն է՝ <<Անմահության համանվագ>> վերնագրով:
<<Ես չեմ մտնում նրա ստեղծագործական աշխարհի մեջ, – գրում է Տիգրան Գրիգորյանի <<Հավիտենության ճանապարհին>> առաջին ժողովածուի առաջաբանի հեղինակ Կիմ Աղաբեկյանը, – ես պարզապես գրում եմ այդ աշխարհի մասին, – շարունակում է նա՝ վկայելով, որ <<նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է՝ բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն>>: Իհարկե, չեմ ասի, թե գրականագետը խուսափել է մտնել նույն այդ տառապանքի ծովը, ուր կյանքի ամեհի, երբեմն՝ լպրծուն ալիքների հետ իր պայքարն է մղում բանաստեղծը: Պարզապես այդ ծովն այնքան խորն է, որտեղ մտնողը պետք է զինվի կամքի ու համբերատարության, ընդվզումի ու պայքարի նույն ոգով՝ քաջ գիտակցելով, որ Տիգրանի գրքում ներկայացված ստեղծագործությունները շատ ընդգրկուն ասելիք ունեն և արժանի են շատ մեծ ու լուրջ ուշադրության, քան մուտքի ու ողջերթի խոսքը կարող է լինել, քան տողերիս հեղինակի զգացմունքային տպավորություններն ու նրանցից ծնված կամ վերածնված սերն առ պոետ ու պոետականություն:

22.10.2015

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Անմահության համանվագ

Լույս է տեսել մերօրյա մեծատաղանդ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի նոր ժողովածուն՝ <<Անմահության համանվագ>>(Ե., <<Զանգակ>>, 2015, 324 էջ) խորագրով: 
Գիրքը բացվում է արձակագիր, գրականագետ Ֆելիքս Բախչինյանի առաջաբան-հոդվածով՝ <<Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհում>>, ինչպես նաև բ.գ.դ., պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանի՝ <<Անմահության համանվագ>> պոեմի մասին գրված սրտառուչ խոսքով: 
Ժողովածուն ընդգրկում է բանաստեղծություններ՝ ամփոփված <<Ճեպընթաց էսքիզներ>>, <<Ինչպես գտա ինձ>>, <<Հավատասպանության արդյունքում>>, <<Դատապարտված անմահություն>> բաժիններում, պոեմներ, մշակումներ, թարգմանություններ, արձակ պատումներ, անդրադարձներ, դիմանկարներ, ինչպես նաև հեղինակի մասին կարծիքներ, որոնք զետեղված են <<Գնահատանքներ>> բաժնում:
Ստորև ներկայացնում ենք բանաստեղծությունների ընտրանի: 
Առաջիկայում կհրապարակենք նաև այլ գործեր՝ արձակ պատումներ ու կարծիքներ հեղինակի մասին: 


ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ

Ես, անցյալս
Իբրև երազ ընդունելով,
Ապագայիս անուրջներում
Շա՜տ ճախրեցի...
Մինչև հոգնած՝
Վանդակն ընկած թռչունի պես,
Ճշմարտություն որոճացող
Իմ առօրյա-ցանցի ու՛ժը
Չընկալեցի...

27.01.2014

ԳՐԱԿԱՆ ԳՈՐԻՍ/ Տիգրան Գրիգորյան

«Նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է՝ բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն»:

                                          ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ԱՂԵՐՍ

Ցերեկը՝ լու՛յս լինի,
Երեկոն՝ հու՛յս լինի,
Գիշերը՝ կա՜նչ...

Քեզ ականջ դնո՛ղ լինի,
Աստղադո՜ղ... ու հող լինի,
Բի՜լ երազանք...

Հոգիդ անքե՛ն լինի,
Հավատդ՝ շե՜ն լինի,
Կյանքդ՝ հորձանք:

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Մեղքդ հույզերի անմահությունն էր...
Կյանքդ՝ խելահեղ խայտա՜նքը նրա,
Միտքդ միշտ խղճի թարգմանությունն եր,
Խելառ պոռթկումդ՝ երդու՛մը նրա:

Վիշտդ ճշտության անճարությու՜նն էր...
Արդարությունը՝ հավա՜տդ չքնաղ,
Իղձդ երազի խաղաղությու՜նն էր...
Սմքած թախիծդ՝ հեքիաթը նրա:

Հույսդ անընդհա՜տ Աստծուն մերվելն էր,
Համբերությունդ՝ հանճարիդ վկան,
Ճշմարտությունդ լու՜յս-մոլությունն էր...
Տվայտանքներդ՝ պսա՛կը նրա: