24.10.2015

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ / Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհում

Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց շառաչել...
Համո Սահյան

...Ինչ էլ որ լինի՝
Չհիվանդանալ իմ դարի ախտով.
Նույնիսկ՝ մահանալ,
Բայց քաղաքակիրթ խաբկանք չդառնալ:
<<Ապխտածություն>>

Այսպես, քաղաքակիրթ խաբկանքների, ասել է թե՝ կեղծը, անբնականն ու ճշմարտամերժը քաղաքակրթության քողով ծածկելու սարսափազդու, ապխտած ախտի հետ պայքարն սկսված է, և մարտադաշտը Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհն է՝ <<Անմահության համանվագ>> վերնագրով:
<<Ես չեմ մտնում նրա ստեղծագործական աշխարհի մեջ, – գրում է Տիգրան Գրիգորյանի <<Հավիտենության ճանապարհին>> առաջին ժողովածուի առաջաբանի հեղինակ Կիմ Աղաբեկյանը, – ես պարզապես գրում եմ այդ աշխարհի մասին, – շարունակում է նա՝ վկայելով, որ <<նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է՝ բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն>>: Իհարկե, չեմ ասի, թե գրականագետը խուսափել է մտնել նույն այդ տառապանքի ծովը, ուր կյանքի ամեհի, երբեմն՝ լպրծուն ալիքների հետ իր պայքարն է մղում բանաստեղծը: Պարզապես այդ ծովն այնքան խորն է, որտեղ մտնողը պետք է զինվի կամքի ու համբերատարության, ընդվզումի ու պայքարի նույն ոգով՝ քաջ գիտակցելով, որ Տիգրանի գրքում ներկայացված ստեղծագործությունները շատ ընդգրկուն ասելիք ունեն և արժանի են շատ մեծ ու լուրջ ուշադրության, քան մուտքի ու ողջերթի խոսքը կարող է լինել, քան տողերիս հեղինակի զգացմունքային տպավորություններն ու նրանցից ծնված կամ վերածնված սերն առ պոետ ու պոետականություն:
Տիգրան Գրիգորյանի պոետական առինքնությամբ օժտված խոսքերը հմայում են առաջին իսկ հայացքից: <<Արդարության ձայնն, անկասկած, խենթությունն է...>> (<<Ցավալի իրողություն>>), – գրում է նա՝ համոզված լինելով, որ արդարության ձայնը հնչեցնող խենթերին քարկոծում են...
Բանաստեղծն, այնուամենայնիվ, բացում է <<ախտազերծության>> իր նորագույն էջը՝ դառնալով <<խավարահալած լույսի>> մեր ժամանակների պաշտպանը:
Սերունդների հերթափոխի մեջ վաղուց տեսանելի և համբուրելի սևակյան ավելի շատ ոչ թե բանաստեղծական, այլ մարդաբանական վերլուծություններով առաջանալու ոտնահետքերն են տանում դեպի Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհը, ուր քեզ այստեղ ուղեկցում են տողատակում հնչող եսենինյան կիթառալար ալեկոծումները սեփական բախտախաղի մասին, բայց և որտեղ անընդհատ զգում ես այդ խաղում տանուլ տվածի հետ չհաշտվող հեղինակի ըմբոստ ոգու ներկայությունը: Իսկ տանուլ տվածի հետ չհամակերպվելու միակ պատճառն այն է, որ խաղի կանոններն են անարդար...
Խաղի կանոնների անարդար դրսևորումները բացահայտող սևակյան փորձերի մարդկային նույն բարոյական ըմբոստությամբ էր քայլելու ելել Տիգրան Գրիգորյանը: Նա, ում լսելի էին Սևակի <<Հանեցեք ձեր դիմակները>>, <<Լույս, լույս զվարթ>> հոգեկանչերը: Տաղանդաշատ Սևակն, այնուամենայնիվ, այնքան միամիտ չէր, որ չտեսներ տառապանքի հնարավոր այն գոյությունը նրանց համար, ովքեր ոչ միայն <<դիմակաթափ են>>, այլև, ընդհանրապես, զզվել են դիմակներից և չեն էլ փորձել կրել այն՝

Հակառակ՝ կյանքի
Պարարտակուտակ կարգապահության
Սողոսկուն փառքի՛...
Եվ ընդդեմ՝ բոլո՜ր
Նորարարական թաքստոցներից
Ճահճասերների
Հաշվեկշռվա՜ծ
Կամքի վաճառքի՛.
<<Խոստովանություն>> (Տ.Գ.)

Տառապանքն իսկապես կարող է առավել մեծ լինել նրա համար, ում խոստովանության շարունակությունն այսպիսին է.

Հոգնած և բազում,
Գոռոզաբարո,
Երեխայական դերերից իմ ջինջ՝
Մի մտացրիվ,
Դիմակաթափված,
Հորիզոնահար հայացքո՜վ վճիտ՝
Ես հա՛նձն եմ առնում,
Որ անանձնական ճակատագրիս
Ողորմած ձեռքին
Եղել եմ միայն
Գողտրիկ հույզերից
Սիրո՛վ շաղախված
Մի պա՜րզ խաղալիք:

Բայց և նման սիրով, լույսով, հույզով լի շաղախից հունց-ված մեկի համար, իսկապես, չէր կարող ճանաչելի չլինել՝

Անդա՛րձ որբացած
Երազանքները խելագարների...

Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական ոգին ընդվզում ու ծառս է լինում: Նա հեշտ ու հանգիստ հանձնվողներից չէ, ուստի կարողանում է հստակորեն հայտարարել՝

...Որ անապական
Կողմնացույցի պես՝
Դարձյա՛լ աշխարհի
Բոլո՜ր կողմերն էլ
Ճիշտ եմ ցույց տալիս:

Ճշմարիտ բանաստեղծների կոչման, նրանց անցնելիք ստեղծագործական դժվարին ճանապարհի, նրանց առաքելության մասին Պարույր Սևակը մի կարճ, բայց շատ տարողունակ խոսք ունի: <<Գրել, նշանակում է կռվել չարի դեմ>>, – ասում է նա:
Սևակն այսօր էլ չի դադարում ասել այդ մասին, որովհետև կյանքն իսկապես շարունակում է <<ախտազերծման>> կարիք ունենալ, և ախտազերծողների շարքերում մեծ է բանաստեղծների առաքելությունը: Խոսքը ճշմարտության դեմքը ծածկող քողը ետ տանող բանաստեղծների մասին է, ովքեր չեն երկնչում և չեն ծնկում կեղծիքի ու անարդարության առաջ:
Կյանքն ախտազերծող բանաստեղծների բանակ էր ուզում տեսնել նաև հայոց բանաստեղծության մի ուրիշ գագաթ ու մեծություն՝ Եղիշե Չարենցը, սակայն հանդիպել էր այլ որակներ ունեցող բանակի.

Երգում է, տե՛ս, գիշեր ու զօր,
Պոետների մի ողջ բանակ...
...Շատ է չնչին մեր ապագան,
Թե որ դրանց երգին նայես...

Տիգրան Գրիգորյանը դեպի Պառնաս ձգտող այդ բանաստեղծների շարքում չէ: Նա կյանքի հորձանքում ժայռի պես ամուր կանգնած այն անհատականությունն է, ով, բաց ճակատով նայելով հավիտենություն տանող ճանապարհին, խոստովանում է՝ <<Պոետները թմրադեղերն են եղել իմ>>: Նրա խոսքն, իհարկե, <<Պառնասում ծնկած այծերի>> մասին չէ, այլ ճշմարիտ ու հոգեհարազատ այն պոետների, ովքեր սեփական հոգու բանաստեղծական կանչը համամարդկային իմաստուն խոհերի միջով դեպի իսկական պոեզիային հատուկ հոգի գերեվարող կատարելության կախարդանքն են տանում: Հենց հոգու այդ կանչով է, ինչպես խոստովանում է բանաստեղծը, <<Անմահության համանվագ>> ժողովածուի իր թարգմանությունների բաժինը ներկայացնելիս, նա <<վերապրելով վերածնվել>> եսենինյան պոեզիայի խորքերում:
Չկարողանալով զսպել իր ըմբոստությունները կյանքի պարտադրած խորդուբորդ ճանապարհներին և ուղիղ նայելով մարդու մեջ նստած գազանի աչքերին՝ բանաստեղծը ջանում է գոնե ինքն իր համար հասկանալի դարձնել կյանք կոչվող եռուզեռի պատճառահետևանքային կապերը: Այս անգամ, սակայն, երբեմն գլուխ է բարձրացնում տարակուսանքը.

Ախր, չէ՞ որ
Այս ճպճպան լռության մեջ
Ոչ ոք էլ իր անուշ քնից
Ամենևին էլ
Դժգոհ չէ.

Մի՞թե միայն
Ինձ պես ժլատ հաճախորդի՝
Արդարության գոյությունն է
Ավելորդը...
<<Տարակուսանք>>

Արդարությունն, այո՛, ժլատ հաճախորդ է, սակայն տարակուսանքից ծնված ինքնամերժումի խոսքն այստեղ ոչ թե նվնվոց, այլ ուժերը հավաքելով ոտքի վրա մնալու ջանքի ու եռանդի արգասիք է:
Ինչևէ: Պոետականությունը Տիգրան Գրիգորյանի կյանքի ընթացքն է եղել դեռ շատ վաղուց: Հիվանդ լինելով պոետականության թմրադեղի պես ձգող հիվանդությամբ, մանչուկի պես հափշտակված՝

...Ցանկացել է նրանց երկնած
Մաքրամաքուր ձիգ կատարին
Հասնել... կյանքում:
<<Անտերության գահին>>

Տարակուսանքների ու ինքնամերժումի տատասկոտ ճանապարհով է ընթացել բանաստեղծը, որը ոչ թե տարել է նրան դեպի նիհիլիզմի խոր անդունդները կամ մաղձոտ թույներով ինքնախայթումները, այլ այնտեղ, ուր ականջի տակ շշնջացող Նիկոլայ Ռուբցովի հոգեհարազատ ձայնն է.

Վաղո՜ւց է հոգնել, թափառել անհույս
Հեռավոր սիրով ապրող իմ հոգին,
Շատ վաղուց էր պետք հասկանալ, որ ես
Շատ եմ հավատում սուտ պատրանքներին:

Բայց միևնույն է՝ դու փորձիր հիմա
Վերջ տալ տխրունայն իմ տեսիլքներին,
Ջութակներն, ասես, լալիս են միայն
Դալուկ լճափի ու սիրո մասին:
Թարգմ.՝ Տ. Գրիգորյանի

Այսպիսի անեղծ ապրումների ակունքներից է իր ուժը, լույսն ու ջերմությունն առնում Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհը: Այստեղ են նրա անսեթևեթ հուզաշխարհի արմատները, որոնց շնորհիվ էլ նա կարողանում է հայտարարել.

Մինչ ուղնուծուծն իմ ես բանաստեղծ եմ…
Վաղուց եմ թքել Պառնասում ծնկած այծերի վրա…
<<Անարժեքության հեղձուկի մեջ>>

Ճշմարիտ բանաստեղծները կյանքի փառատենչ <<պարարտակուտակ կարգապահության>> ճահիճը ճեղքող և վեր խոյացող անհատներ են, որոնց խոյացումների տակ, իսկապես, ծփում է լուսավոր մաքրությունը: Եվ եթե փորձես կռանալ ու ափով ետ տանել լեռնային վտակների երեսին ջրի հետ ճամփին խառնված չոր խոտ ու տերևի մնացորդները՝ որպես պարտադրյալ տառապանքի ձայներ, ապա կարող ես խմել զուլալված, լուսավոր վտակից՝ ըմբոշխնելով նրա մաքրությունը: Հենց սա է Տիգրան Գրիգորյանի պոեզիան բնորոշողը, և հենց սա է նրան Նիկոլայ Ռուբցովի պոեզիայի հետ հոգեհարազատորեն կապողը.

...Կարծես ժամանակն այստեղ գործ չունի,
Թող կողքիս ոչ մի բանից չխոսեն,
Եթե հնչում է թախծոտ մեղեդի...
Թարգմ.՝ Տ. Գրիգորյանի

Ժամանակի պարտադրած ախտերն ու աղտեղությունները, պայքարի հոգնություններն ի չիք են դառնում, երբ ջութակները երգում են մորեմերկ մաքրության մասին:
...Եվ այսպես շարունակ, մինչև ընդվզումի և ինքնամերժումի, լիարժեքության և անլիարժեքության պայքարի դաշտում մղած կռիվների արդյունքում կրկին վեր բարձրացող հաղթանակի դրոշ, որի վրա գրված է՝

Ես ընդամե՛նը
Հավիտենության կամակատարն եմ:
<<Բանաստեղծություն>>

Իսկապես, նա կարող է լինել հավիտենության զինվորագրյալը, ով ընդունելով ճակատագրով իր դատապարտվածությունը՝ որպես <<Գողտրիկ հույզերից սիրով շաղախված մի պարզ խաղալիք>>, այնուամենայնիվ, անկոտրում համարձակությամբ և ինքնավստահորեն հայտարարում է իր դիրքորոշումը՝ կողմնացույցի պես աշխարհի բոլոր կողմերը ճիշտ ցույց տալու մասին: Դիրքերը չլքելու մարդկային վճռականություն է սա, որ ավելի վեր է, քան եսասիրությունն ու սնափառությունը, որոնց մասին այստեղ խոսք անգամ լինել չի կարող:
Կյանքի դրամատիկ իրավիճակներում, մարդաբանության մեջ մարդու էության ներդաշնակությունը պահող եզրերի փնտրտուքով զբաղված, Տիգրան Գրիգորյանը բանաստեղծության հոգեկանչին ունկնդիր՝ ճշմարտությունը ցույց տվող կողմնացույց է դառնում, երազում, սիրում, հավատում, արտասվում, ապա թքում ինքն իր արցունքի վրա՝ պոետական անխառն հիվանդությամբ տառապելով՝ դատապարտված լինելով սիզիփոսյան գոյության:
Արդարության ձայնի հետ ճամփա գնացողների տառապանքը, հիրավի, սիզիփոսյան աշխատանք է, որովհետև նույն ձայնի հետ ցած ես գլորվում հենց այն պահին, երբ թվում է, թե հասել ես նպատակակետ բարձունքին:
Սիզիփոսյան այդ վեր ու վարերի մեջ Տիգրան Գրիգորյանը եկել է այն համոզումին, որ

Արդարության ձայնն, անկասկած,
Խենթությո՜ւնն է...

Դժբախտաբար,
Ոչ միշտ է նա կարողանում
Հասկանալի լեզվով խոսել:
<<Ցավալի իրողություն>>

Իսկապես, ցավալի է իրողությունը: Ցավալի է այն, որ արդարությունը հավատամք դարձրած խենթերին քամահրում են, արհամարհում...
Իբրև մերկ ճշմարտության նվագարանի վրա ձգված լար, և կամ երգասացը՝ նույն ճշմարտության: Ահա թե որն է Տիգրան Գրիգորյանի պոետական պահվածքը: Կիթառահարի կրքոտությամբ է նա խփում հոգու նվագարանին, և հատիկ-հատիկ հնչում են երգերն այն մասին, թե ետմահու երջանկության տարածքը Հայրենիք է կոչվում (<<Ավետիս>>), թե բարության առաքյալը լինելու պահանջը հավատի հրի մեջ տապակվել է նշանակում (<<Համբարձվելու զգացողություն>>) և այլն, և այլն... Կիթառալար հնչյունների միջից ապա վեր է բարձրանում բանաստեղծի <<Հանապազօրյա աղերսը>>.

Ցերեկը՝ լույս լինի,
Երեկոն՝ հույս լինի,
Գիշերը՝ կա՜նչ...

Քեզ ականջ դնող լինի,
Աստղադո՜ղ... ու հող լինի.
Բի՜լ անրջանք...

Հոգիդ՝ անքե՛ն լինի,
Հավատդ՝ շե՜ն լինի,
Կյանքդ՝ հորձանք:

Խաղաղ գոյության փնտրտուքներն առավել դրամատիկ են դարձնում կյանքային իրավիճակները: Դրամա, որովհետև խախտված են բնությունից մարդուն տրված ներդաշնակութունն ու մարդկային բարոյականության բոլոր կանոնները: <<Ժամանակները ձյութված են տմկած սովորույթների ձանձրույթով>> և՝

Ամե՜ն ինքնաբուխ,
Հուզառատ, վեհ քայլ՝
Սուտ ասպետության ցուցարարություն...
<<Ես իմ ողջ կյանքում...>>

Իրավիճակը դրամատիկ դարձնող <<չինովնիկական մաքսագներ>> կան, որոնցից անտեղյակ նորարարն ու իր մտքի թռիչքի ետևից գնացողը աճպարարի է նմանվում:
Սա խոսում է նույն բանի մասին, ինչ Դանթե Ալիգիերին՝ իր <<Աստվածային կատակերգությունում>>, երբ ասում է՝

Երկրային կյանքս կիսով չափ անցած՝
Ես հայտնվեցի մի մութ անտառում...

Երկրային կյանքի մութ անտառների մեջ եղած-չեղածը որոշակիացնելով, ներդաշնակության խախտված կողմերը լույսի տակ բերելով՝ Տիգրան Գրիգորյանը իր այն մտահոգությունն է առաջ քաշում, թե՝ հանկարծ շատ ուշ չլինի, և մենք՝ ուշացած:
<<Ճահճատենդ>> բանաստեղծության ընթերցումը իրավունք է տալիս ինձ հայտարարել, որ Տիգրան Գրիգորյանը շատ հանգիստ կարող է փոխել Դանթեի արտահայտության ընդամենը մեկ բառը՝ դրանով իսկ ոչ թե կրկնելով նրան, այլ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ իր բարձրացրած հարցը համաշխարհային ճիշտ և ճիշտ նույն նշանակությունն ունի, ինչ Դանթեի խոհերն են՝ մարդու և հավիտենության մեջ նրա ունեցած տեղի մասին:

Երկրային կյանքս կիսով չափ անցած՝
Ես հայտնվեցի ճահճատենդում...

Հենց այդպես կարող է ասել Տիգրան Գրիգորյանն իր բանաստեղծությունը սկսելուց առաջ՝ ավելի պարզորոշ դարձնելով այն, որ նրա <<Ես>>-ը ընդհանուրի իմաստն ունի և վերաբերվում է մեզ՝ բոլորիս: Մենք բոլորս հիվանդ ենք այս նույն տենդով.

Կյանքը՝ կեղծիքի մի կո՜ւռ սովորույթ:
Արդարությու՛նը շատ ուշ է գալիս:
Ճշմարտությունը՝ հորա՜ծ ավանդույթ՝
Հոգեհացի՛ն են բո՜ւռ-բուռ շաղ տալիս...

Մենք բոլորս հիվանդ ենք այս տենդով, սակայն Տիգրան Գրիգորյանն է, որ անհաշտ է մեզ պատուհասածի հետ.

Հեռո՛ւ ինձանից: Այս ի՞նչ արցունք է...
Մի՞ թե աճյունս հողի՛ն են տալիս...
Կա՜նգ առ, սատանա՛: Հոգի՛ս ինձ հետ է...
Աստղերն էլ անհո՜ւն թախծից են լալիս:

Բանաստեղծական նման պատկերների, փոխադրությունների վարպետորեն արված մեջբերումները վկայում են Տիգրան Գրիգորյանի կողմից կյանքն իր բոլոր կողմերով ընկալելու և ընկալածը բարձրաձայնելու մասին՝ ի շահ արդարության, ճշմարտության, ազատության ու ներդաշնակ խաղաղության հարատևության:
Բանաստեղծի իր կոչման, պոետների շարքում իր ունեցած առաքելության և նույն այդ առաքելության դժվարանցելի ճանապարհի մասին առավել քան անմիջական ու տիպական պատկերներով է ներկայացրել հենց ինքը՝ Տիգրան Գրիգորյանը.

Ես պոետ չե՛մ:
Ես ներդաշնակ մա՜հն եմ կյանքի:
Կամ որ նո՛ւյնն է,
Եթե ասել՝
Թե արքա՛ն եմ պոետների:
<<Անտերության գահին>>

Ճշմարիտ պոետներն իսկապես իրենց միջով են անցկացնում կյանքի, մահվան ու անմահության գոյաձևերը, որպես մարդ անհատին անհրաժեշտ եռամիասնության պարտադիր պայման: Տիգրան Գրիգորյանի դեպքում՝ կյանքի հրով անցած են <<Ես ներդաշնակ մահն եմ կյանքի>> խոսքերը, ուստի եռամիասնության մեջ գործող ներդաշնակության համաձայն՝ մահվանից հետո սկսվում է անմահությունը: Արքա պոետներին հասու ճանապարհ է սա, որի գահը ոչ թե գրասենյակներում կամ դահլիճներում է, այլ՝ <<Երկնավորի>> մոտ... 
Կյանքի վեր ու վարի, աջ ու ձախի ճիշտ կենտրոնում կանգնած ժամապահի նման պոետական հոգին արևերես հանած Տիգրան Գրիգորյանն ասես խեղդվում է նույն ճամփաբաժիններում կուտակված հեղձուկի մեջ:
Սեփական ես-ի հետ անհաշտ բանաստեղծի հոգու տվայտանքները հեղձուկի ծովից ափ դուրս գալու համար ելքեր են փնտրում, սակայն, իզուր ու իզուր...

Այս կյանքում ինձնից պրծընել չկա՛...
Ինքս էլ, ավա՜ղ, չեմ կարողանում լքել ոչ մեկին...
Մի երևելի հիմա՜ր եմ անկամ,
Որ չփորձեցի երբևէ կյանքում փոխել իմ հոգին:
<<Անարժեքության հեղձուկի մեջ>>

Փոխել հոգին, կնշանակեր՝ կուլ տալ քաղաքակրթության սփռած անբնական ու ճշմարտամերժ խայծը...
Եվ անզոր լինելով փոխել իրեն՝ իր անդավաճան խառնվածքի ձեռքին կրակն ընկած բանաստեղծը մարդկային իր էությունից հրաժարվելու խելառ կատաղությամբ ձեռնոց է նետում իր նվիրական զգացմունքներին՝ պատրաստ՝ թքելու իր գորովալի ապրումների տառապանքից ծնված արցունքի վրա. ճիշտ այնպես, ինչպես հեռավոր երկրում իրեն հոգեհարազատ մի այլ պոետ էր ձեռնափայտը շպրտելով հայելում հայտնված իր իսկ պատկերի վրա՝ գիշերաժամի տվայտանքներից ազատվել փորձում, երբ <<Սև մարդու>> տեսքով նրան <<այցելած>> ներքին ես-ը, բանաստեղծի՝ <<Բարեկա՛մ, բարեկա՛մ, ես հիվա՛նդ եմ անչափ...>> հոգնած աղերսին ունկ չդնելով՝ շարունակում էր նրա գլխին կյանքն առաջվա սիրով ընդունելու և ուժեղ մնալու իր քարոզը կարդալ.

<<...Առօրյա ցրտաշունչ
Հոգսերում սրտմտած՝
Կորստյան ցավերի
Տխրությա՛ն մեջ՝ անհուն,
Հասարա՜կ և ուրախ երևա՛լն, անկասկած,
Ամենակատարյա՜լ մեծ արվե՛ստն է կյանքում>>:
<<Սև մարդը>>, Ս. Եսենին, թարգմ.` Տ. Գ.

Պոետական նույն հիվանդությամբ է տառապում Տիգրան Գրիգորյանը, ով ամեն անգամ, երբ <<գոյության խաղաղ մի ձև գտնելու>> ընթացքն է բռնում, նրա ետևից <<...Ժայթքման պատրաստ ընդերքն է եռում>>` ավարտվելով <<Արժանապատվությունը փորձանք է>> եզրակացությամբ...
Կռիվ են տալիս մարդկայինն ու անմարդկայինը, կատարյալն ու կեղծը, լույսն ու ստվերը... Կյանք կոչված անվերջ հակամարտությունների այդ հորձանուտում, միևնույն է, իր նախնական անմեղությամբ ու մնայուն մաքրության մեջ շարունակում է հնչել Տիգրան Գրիգորյան բանաստեղծի ոգեղեն հուզաշխարհի <<Անմահության համանվագը>>...

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Արձակագիր, գրականագետ



Комментариев нет:

Отправить комментарий