23.01.2016

ՀՐԱՅՐ ՏԱՂԼԵԱՆ / Սերունդներուն միջեւ խարխաբելով

Չեմ կարծեր որ երբեք պատմութեան ընթացքին եղած է նման դար մը, ուր միատեղ գոյութիւն ունեցած են չորս տարբեր սերունդներու մտածողութիւն, որոնք տակաւին չեն կրցած իրար միջեւ հասարակաց գիծ մը գտնել ու համակերպիլ միմեանց, մինչ անդին ժամանակը կը շարունակէ իր վազքը, առանց կարեւորութիւն տալու այդ տարբերութիւններուն:
Անոնցմէ առաջին այն սերունդն է, որ երթալով կը նուազի երկրի երեսեն: Անոնք այն անձերն են՝ որոնք ծնած են ժամանակաշրջանի մը մէջ, ուր ոչ հեռատեսիլը կար, ոչ համակարգիչը եւ ոչ ալ արդիական միջոցներ եւ այդպիսիներուն համար տակաւին անյստակ կը մնայ թէ ինչպէ՞ս պարզ թելի մը մէջէն գրութիւններ, նկարներ ու ձայներ կրնան երկրէ երկիր ղրկուիլ եւ փոխադարձաբար խօսիլ այդ սարքին միջոցաւ: 
Երկրորդ սերունդը անոնք են, որոնք իրենց 40-60 տարեկաններուն մէջ սկսան սորվիլ ու իւրացնել կամաց-կամաց արդիական սարքերը, ինչպէս համակարգիչ, հեռատեսիլ եւ այլն: Այդպիսիները առաջիններուն աւելի արդիականացած մէկ տարբերակն են, այն իմաստով որ հակառակ իրենք եւս անտեղեակ ըլլալնուն թէ թելի մէջէն այնքան բան ինչպէ՞ս կրնար փոխանցուիլ, սակայն կը փորձեն համոզուած ձեւացնել եւ կամ առանց իսկ միջոցները մտածելու օգտուիլ անոր բարիքներէն, հարց չէ թէ թելի կամ այլ բանի մը միջոցաւ կատարուած է փոխանցումը: 

18.01.2016

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ

<<Փարիզ եմ: Ֆրանսահայերը դադար չեն տալիս: Ձանձրանալու ժամանակ չունեմ, բայց սրտումս կարոտ կա:
Երեկ <<Աշխարհ>-ի խմբագրատանը խոսքս սկսեցի քո բանաստեղծությամբ՝ <<Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի>>: Մեր հացի համը ոչ մի տեղ չկա...
Ինչ եղավ գյուղ գնալդ: Գնա, Երևանը չի փախչի, գնա: Հայրիկիդ մոտ երկար մնա, որ կարոտն առնի, մեղք է Սահակ դային: Երբ կարոտդ առնես, պրծնես, գնա Գորիս: Ցուրտ աղբյույրի քարը կհամբուրես, հետո կչոքես ու բռով մի կուշտ ջուր կխմես, <<քարահունջ>> էլ: Չափավոր: Ուխա՜յ: Ինչպես քիրվա Շամիրը կասեր, լազա՜թ:
Գորիս գնալիս մեր տանը կմնաս, մայրիկը մենակ է, թող նա էլ իմ կարոտն առնի քեզանից: Առավոտներն առանց նախաճաշելու տանից դուրս չգաս, մայրիկը կանհագստանա: Երեկոները չուշանաս, մայրիկի քունը չի տանի: Բաբուն Տիգրանին անպայման կտեսնես, կհետաքրքրվես, թոշակն ավելացրի՞ն, թե՞ չէ: 
Քարահունջ մտնելիս Ալբերտի վիճակն իմացիր, տես՝ ինչ նոր բաներ է գրել: Կարդա, խորհուրդներ տուր: Կուքեր ամուն ասա թող մի հորովել երգի, ականջ արա.
Ծարավել եմ, ջուր բերեք,
Բալաջանի ձյուն բերեք...
Մեր հորովելը, թևերը թափ տալով, եկել-մտել է Փարիզի դահլիճները: Ականջդ կանչի, Կուքեր ամի: 
Իմ այս հանձնարարությունները կատարելուց հետո, միտդ կբերես ինքդ քեզ: Քեզ լավ պահիր մինչև գամ: <<Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի...>>:
1965թ.

Աղբյուրը՝ <<Սյունյաց երկիր>>, 3 դեկտեմբերի, 2015թ., N 32

17.01.2016

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / «Այդ երգերի մեջ ջերմություն ու վարակիչ քնքշանք կա...»


Սյունեցի մեծանուն բանաստեղծ ու արձակագիր Ալբերտ Իսաջանյանի առաջին ժողովածուն՝ <<Ծաղկե կամուրջ>>-ը, որը լույս է տեսել 1965 թվականին, խմբագրել է Սերո Խանզադյանը՝ գեղեցիկ առաջաբանով ողջունելով նրա գրական մուտքը:


                                   ՊԱՏԱՆԻ ՊՈԵՏԸ

Ալբերտ Իսաջանյանին ես հանդիպեցի մի երկու տարի առաջ, աշնանը, Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում՝ իրենց տան պատշգամբում պառկած: Նա չկարողացավ բարձրանալ տեղից: Նա գամված էր անկողնուն:
Կույր դիպվածը վրա է հասել, երբ նա տասնվեց տարեկան աշխույժ և ուշիմ պատանի է եղել: Հարևանի կտրված լույսը կապելու ժամանակ ընկել է էլեկտրական սյունից և…գամվել անկողնուն:
Ալբերտը շատ ընթերցող, շատ լիրիկական սրտի տեր տղա է: Անկողնում անշարժ պառկած` նա մեծ տոկունությամբ մաքառում է դժբախտության դեմ, վանում աղետի պատճառած հուսալքությունը: Նա բուռն է սիրում կյանքը, հայրենի բնությունը, երկնքի կապույտը, որը թեև պատուհանի անցքից է տեսնում միայն, բայց կարծես ապրում է նրա հետ, նրա շնչով: Նա բանաստեղծի հոգով է զգում ծաղիկների բույրը, յուրովի տեսնում հայրենի լեռնաշխարհի գույները, նրա սքանչելի պատկերը՝ ծաղկած բալենիներ, սպիտակ ժրվեժներ, գարնան զարթոնքը, աշնան բոցկլտացումը և դրանց մեջ բողբոջած իր առաջին սերը՝ իր հեռու սերը՝ ջինջ աղբյուրի ակունքի պես և երազուն՝ ինչպես երկնքի հեռավոր լազուրը:

13.01.2016

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ / Նախաշավիղ

1935 թվականի հունվարին Բակունցի թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով, Հակոբ Կոջոյանի նկարազարդումներով պետհրատը լույս է ընծայում <<Վարդան Այգեկցի. Աղվեսագիրք>> ժողովածուն(117 էջ): Այգեկցին, ըստ Բակունցի, պետք է լինի Այգեցի: Մինչ գրքով լույս տեսնելը ութ առակ տպագրվել էր <<Գրական թերթ>>-ում(1934, 29 նոյեմբեր): Այս ամենի դեմ միտումնավոր հարձակումներ է գործում <<Խորհրդային արվեստ>> ամսագիրը(1935, թիվ 1,2): Այդ հոդվածների հեղինակներն էին Ա.Վշտունին(անստորագիր խմբագրական) և Ն. Դաբաղյանը: Վեճին անդրադարձել է <<Գրական թերթ>>-ը(10 հունվար, թիվ 1):
Ներկայացնում ենք Ա.Բակունցի հեղինակած առաջաբանը և լուսապատճեններ գրքից:

ՆԱԽԱՇԱՎԻՂ

Առակաց բանքս է հրաշալի
Երգողն է սուրբ և պանծալի
Րաբունեաց րաբուն բարի
Որոյ Վարդան վերայ կոչի

Ա
«Վա՛յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձնից հետո, որովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարով: Քանի որ գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել: Ապա ուրեմն այս գրքով կխոսեմ ձեզ հետ մինչև հինգ և մինչև յոթ սերունդ և հոգով կմնամ ձեր մեջ», — այսպես ավանդել է Վարդան Այգեցին, մի վանական, որ հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և որի անունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւոյ և մարմնոյ պիտանի», մերթ՝ «Վարդան Այգեցի վարդապետի ասացեալ» և մերթ՝ «Վարդանա գիրք»:

10.01.2016

ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ. հուշի պատառիկներ

Գորիսի կուսշրջկոմի նիստերի դահլիճում հանդիպում էր կազմակերպվել հայրենակից գրող Սուրեն Այվազյանի հետ: Թեման հայ գյուղաշխարհը պատկերող նրա ստեղծագործություններն էին: Մասնակիցներից շատերը ոչ միայն ծանոթ ու մտերիմ էին անվանի գրողի հետ, այլև ճանաչում էին նրա ստեղծագործությունների շատ ու շատ հերոսների, ուստի բնական էր, որ քննարկումը երկար տևեց: Արդեն մութ էր, երբ ավարտվեց:
Ս.Այվազյանը շնորհակալություն հայտնեց մեզ՝ միջոցառումը կազմակերպողներիս, գրքեր նվիրեց և բոլորի հետ դուրս եկավ դահլիճից: 
Նոր էի հասել տուն, երբ դուռը ծեծեցին: Բացեցի: Ս.Այվազյանն էր՝ հուզված ու այլայլված: 
-Ի՞նչ է պատահել,-հարցրեցի զարմացած:
-Մատանիս եմ կորցրել: Մորս հիշատակն էր, իսկ մայրս ծանր հիվանդ է, պառկած է անգիտակից, ապրելու ոչ մի հույս... Իսկ ես կորցրել եմ նրա հիշատակը: Այդ մատանին մայրս կոպեկ-կոպեկ հավաքելով է գնել ու նվիրել ինձ: Այն սրբություն է ինձ համար, ավելի լավ է ինքս մեռնեի, քան կորցնեի մորս հիշատակը:

09.01.2016

ԱՅՍՕՐ ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

<<Ծնվել եմ Հայաստան երկրի հեռավոր մի գյուղում: Հայրս շուտ է մահացել: Ես որբ եմ մեծացել, ու ոչ ոք չի ասել.
-Ես քեզ սիրում եմ:
Մայրս լվացք անելով է մեծացրել ինձ: Ես ոտաբոբիկ եմ գնացել դպրոց ու ոչ ոք ինձ չի ասել.
-Ես քեզ սիրում եմ:
Գրքեր եմ գրել մի քանի ու սիրել եմ անսահման իմ գրքերի հերոսներին, բայց նրանցից և ոչ մեկը ինձ չի ասել.
-Ես քեզ սիրում եմ: 
Քանի-քանի անգամ եմ կանգնել իմ հայրենի գյուղի ժայռակոփ վիհերի ու անդունդների վրա ու գոչել ամբողջ ձայնով.
Լեռներ իմ հայրենի, ձորեր իմ հարազատ, սարեր իմ վեհ ու վսեմ, ես սիրում եմ ձեզ:
Միայն սարերը, միայն ձորերն են արձագանքել ինձ.
Մենք քեզ սիրում ենք...>>:

*Լուսանկարը՝ Քաջիկ Միքայելյանի արխիվից: 
Դարձերեսին հեղինակի ընծայագիրն է գրչակից ընկերոջը՝ Ք.Միքայելյանին:
Արտատպելիս հղումը կայքին պարտադիր է: