14.04.2022

ՆՈՐԱՀԱՅՏ ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԵՎ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Մէկը սակայն իր հոգիին մէջ քեզ բարձր պիտի դասէ:
Այդ «մէկը», գիտցիր, այս պարագային ես չեմ, այլ գալիքն է, ապագան:
Դուն մեծցար՝ գալիքի մէջ»

Սիմոն Սիմոնյան

Համո Սահյանի ստեղծագործական կյանքում կա ուշագրավ մի դրվագ, որը կապվում է սփյուռքի, մասնավորապես Լիբանանի հայ գաղթօջախի հետ: Բեյրութում 1958-1978թթ.-ին Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ հրապարակված «Սփիւռք» շաբաթաթերթը, հիրավի, հարուստ նյութ է պարունակում ժամանակի գրական-մշակութային անցուդարձի մասին՝ նաև ըստ ամենայնի լույս սփռելով հայրենիք-սփյուռք այդօրյա գրական կապերի վրա, որոնք հաճախ դուրս են մնացել մամուլի հետազոտողների ուշադրությունից: Բանն այն է, որ խորհրդային տարիներին «Սփիւռք»-ի որդեգրած ազգային-ազատական ուղղությունը անհամատեղելի էր խորհրդային մտակաղապարների հետ, ուստի և «Սփիւռք»-յան միջավայրը մեծ հաշվով անծանոթ մնաց հայրենի ընթերցողին: Չնայած Խորհրդային Հայաստանի անհանդուժողական դիրքավորումին՝ «Սփիւռք» պաբերականը ուշադրության կենտրոնում է պահել հայրենի գրական, մշակութային, հասարակական ու քաղաքական կյանքը՝ արձագանքելով կարևոր իրադարձություններին, մտահոգություններին՝ փորձելով ամեն կերպ սերտացնել գրական-մշակութային կապերը, կամրջել սփյուռքահայությանը: «Սփիւռք» շաբաթաթերթին, թեև փոքր-ինչ զգուշավոր, բայց հաղորդակցվել են հայրենի բազմաթիվ նշանավոր գրողներ, մտավորականներ, որոնց թվում՝ Դերենիկ Դեմիրճյանը, Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենցը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը և շատ ուրիշներ: Վերջինս գրեթե մշտական ներկայություն էր թերթում՝ հաճախ անտիպ ստեղծագործություններով, բաց նամակներով ու հրապարակումներով: Գրական ու մարդկային ջերմ շփումներ ունենալով հայրենի բազմաթիվ մտավորականների հետ՝ Սիմոնյանը «Սփիւռք»-ում պարբերաբար հրապարակել է նրանց ստեղծագործությունները, ուսումնասիրությունները, նամակները, զանազան գրությունները, առողջ բանավեճեր ծավալել ազգային հիմնախնդիրների շուրջ, արձագանքել գրական, մշակութային, կրթական նորություններին, հոբելյաններին: Ուշարժան են Սիմոնյան-Դեմիրճյան, Սիմոնյան-Մահարի, Սիմոնյան-Շիրազ, Սիմոնյան-Սևակ, Սիմոնյան-Համո Սահյան գրական ու մարդկային առնչությունները, որոնք լավագույնս արտահայտություն են գտել «Սփիւռք»-ի էջերում: