Վաղուց էի մտմտում հայհոյախոսության հաղթարշավն ու նրա արատը պարսավել: Եվ իրոք, հապա մի պահ մեր շուրջը նայենք, համացանցում զօր ու գիշեր բազում ոգեսպառ, ունայնագործ էակներ հոգևոր պժգանք՝ գարշանք են ցրում: Իմացության ակունքները կարծես ցամաքել են, անզորության նախապաշարումի քարոզը՝ վարարել: Ամենուր խարխափանք է ու ատելավառ շփոթ. գոյիմաստ խոսքի՝ գրեթե իսպառ բացակայություն։ Հենց մի նշույլ անհամաձայնության, և մարդս պատրաստ է ի ցույց հանել մայրենի լեզվի նկուղներից գոյացող հայհոյախոսությունների ողջ զինանոցը…
– Ի՞նչ կա զարմանալու, բա ասում ես՝ ուշունց ես տալիս, բա ուշունցն ի՞նչ անի դրանց,- ասաց Խորենը՝ հայհոյախոս պատկառելի բարեկամս, ու անհասցե հայհոյեց:- Հրեն,- հանդարտ շարունակեց,- էդքան խաչեր են դնում՝ հերիք չի, էլ բարձունք չեն թողել՝ պղծել են, հիմա էլ, խելքներին աշեցեք, Քրիստոսի արձանն են ուզում դնեն: Ա՛, ձեր… խալխերն ինչ են անում, դուք՝ ինչ… Էլ աշխարհում քաղաք չեն թողել՝ եկեղեցի են կառուցել, իսկ երկի՞րը… ձեռից գնում է:
Խորենը հանրաճանաչ էր ու տարիքի հետ նաև՝ բեռով վաստակ ուներ: Հայհոյել սիրում էր, բայց ոչ երբեք՝ տանը։ Գիտեր՝ որտեղ: Ընկերներից շատերն արդեն չկային՝ կարոտ ուներ: Հաճախ էր միանում մեր ընկերախմբի կերուխումին ու… հորդում էր հայհոյանքը: Ապահովված էր ու ստեպ-ստեպ ինքն էր սեղան բացում: Մեկ-մեկ մտերմիկ զրուցում էինք: