Սկսել Բակունցի մասին գրվել են բազմաթիվ մենագրություններ, կատարվել են ուշագրավ հետազոտություններ: Բակունցն այն գրողներից է, որն անսպառ նյութ է տալիս խորհելու և մտածելու, նորանոր գրականագիտական ուսումնասիրությունների ու դիտարկումների համար: Մեզ հետաքրքրող հարցը հիմնականում առնչվում է «Միրհավ» պատմվածքի վերնագրի ընտրությանը: Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարևոր և էական դեր է խաղում վերնագիրը: Ընդհանրապես այն մեծ մասամբ սիմվոլի արժեք ունի, որն էլ կարող է բանալի հանդիսանալ մեկնաբանելու համար տվյալ երկի մեջ հեղինակի գեղագիտական և աշխարհայացքային ըմբռնումները: Երկար ժամանակ մեզ հանգիստ չէր տալիս այն հարցը, թե ինչու է Բակունցն իր պատմվածքը վերնագրել «Միրհավ»: Սպառիչ պատասխան չգտնելով Բակունցի մասին եղած գրականագիտական աշխատություններում` մենք որոշեցինք պատասխանը փորձել գտնել բուն պատմվածքի ներտեքստային շերտերում:
